Քաղաքականություն

Դեպի բռնապետություն Փաշինյանի ամենօրյա քայլերթը 

10 / 12 / 2023

Անցնող շաբաթը նշանավորվեց Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների կողմից Ալավերդի և Գյումրի քաղաքների դեմ արշավանքով։ Արշավանք՝ բառի խորքային և սոցիալ-պատմական նշանակությամբ։ Եթե ձեր գլխում «արշավանք» բառն ասոցացվում է միջնադարում օտարացեղ և օտարադավան զավթիչների կողմից Հայաստանի դեմ ձեռնարկված պատերազմական գործողություններով, ապա մի՛ շտապեք դուրս վանել այդ զուգահեռը ձեր գլխից։ Այն, ինչ իրականացնում են ներկայիս փաստացի իշխանությունները, հենց արշավանք է։ Եվ ահա թե ինչու։

Միջնադարի օրինակներից հիշում ենք, որ արշավանքը մի ձեռնարկում էր՝ պատերազմական և թշնամական գործողություն, որը մի սուբյեկտ ձեռնարկում էր իր տարածքը չհանդիսացող երկրի դեմ։ Որպես կանոն՝ արշավանքները, ինչպես ցանկացած պատերազմական գործողություն, նպատակ էին ունենում կոտրելու դիմացինի կամքն ու վճռականությունը, ուստի և՝ հաճախ ուղեկցվում էին ասպատակություններով, թալանով և այլ դաժանություններով։ Այդ երևույթներն ընդունված է վերագրել միջնադարյան մարդու արնախում լինելուն ու հետամնացությանը, մինչդեռ իրականում դրանք շատ կոնկրետ և նպատակակենտրոն իմաստ ունեին, որ նպատակ ունեին դադարեցնել նվաճվողի դիմադրությունը և տանել անձնատվության։ Այսօրվա Հայաստանում օրինակ սյունիքյան մի քանի բնակավայրերի օրինակով գիտենք, թե ինչպես են զավթիչները կարողացել կոտրել տեղի իշխանների դիմադրությունը՝ նրանց լծելով իրենց քաղաքական ուղեգծին հարմարվելու գործելակերպին։

Բայց առանձնակի դաժանությամբ էին արշավող զավթիչները վերաբերում պաշարված և մինչև վերջ դիմադրող ամրոցներին։ Եվ հենց այստեղ է սկսվում մեր կառուցած անալոգիայի ամենաառարկայական մասը։ Բանն այն է, որ բերդերի և ամրոցների դեմ զավթիչ արշավողների ատելությունն ու գերդաժանությունը ևս խիստ բացատրելի են։ Մի կողմից՝ ամբողջ մայր տարածքն արդեն գրավված է, և դիմադրության առանձին օջախները, որքան էլ որ պարփակված և մյուսներից կտրված լինելու պատճառով առանձնապես վտանգավոր չեն թվում, միևնույնն է՝ հարված են հասցնում զավթիչների տիրակալի հեղինակությանը՝ յուրայիններին ու թշնամիներին ցույց տալով, որ նրա իշխանությունն անսահմանափակ չէ։ Մյուս կողմից՝ տևական ժամանակ չնվաճված դիմադրության օջախների պահպանումը հղի է խիստ կանխատեսելի վտանգներով․ վերջիններիս օրինակին կարող են հետևել մյուսները և ապստամբության դրոշ պարզել։

Սրանով է բացատրվում նաև Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների և նրանց պարագլուխ, վարչապետի պաշտոն զբաղեցնող անձի անմնացորդ ատելությունը չնվաճված վայրերի հանդեպ։ Եթե վերհիշելու լինենք, ապա առաջին նման ամրոցը Եռաբլուրն էր։ Պետաիշխանական մեքենան ահռելի ռեսուրսներ և միջոցներ էր զորաշարժել Եռաբլուրը գրավելու և ցույց տալու համար, որ Հայաստանում աննվաճ տեղ չկա։ Զավթիչը միշտ գիտի, որ զավթիչ է։ 1992 թ․-ին Շուշի մտած ոչ մի հայ զինվոր ի լուր աշխարհի չէր գոռում, որ Շուշին Հայաստան է, իսկ զավթիչն անպայման պիտի գոռա, թե իբր «Ղարաբաղն Ադրբեջան է», անպայման պիտի արշավանքով գրավի Եռաբլուրի գագաթը, որ այնտեղ գոռա՝ «Նիկո՛լ, վարչապետ»։ Ահա այս նույն տրամաբանությամբ արշավանքով գրավվեցին Ալավերդին և Գյումրին՝ քաղաքներ, որոնք տեղական ինքնակառավարման և իշխանության բաշխման առումով աննվաճ էին Երևանում բազմած վարչախմբի համար։

Անշուշտ, մեր հոդվածը կարող էր բաղկացած լինել նաև այլ տեսակի բացատրություններով։ Դիցուք՝ Ալավերդին և Գյումրին գրավվեցին, որովհետև առջևում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Չենք վիճում, հատկապես, որ արտահերթ ընտրությունների ուրվականը  կախվել է Հայաստանի գլխին այնպես, ինչպես 1908 թ․ օսմանյան հեղափոխության կամ 1985 թ․ «պերեստրոյկայի» մթնոլորտը․ բոլոր նրանք, որ անհիմն լավատեսական հույսեր ունեն, ամենաշատը հենց իրենք են տուժելու սպասվող զարգացումներից։

Փոխարենը մեզ առավել շատ հետաքրքրում էր, հակառակ ընդունված հրապարակախոսական կանոնների, ոչ թե «ինչո՞ւ»-ն, այլ «ի՞նչպես»-ը, թե կոնկրետ ինչպես է տարատեսակ ցենզուրային և ոչ ցենզուրային ասոցիացիաներ առաջացնող «ՔՊ» հապավմամբ զավթիչ ուժը գրավում հայկական տարածքները։ Ինքնին այդ «ի՞նչպես» հարցի պատասխանը տալիս է նաև «ինչո՞ւ» հարցի պատասխանը, քանզի զավթիչը չունի այլ զբաղմունք, քան զավթելը։  Դա իշխանության օրվելյան մոդելն է, որում իշխանության նպատակը իշխանությունն է, այնքան ժամանակ, քանի դեռ այն սահմանափակված չէ այլ, ավելի փիլիսոփայական ու արդար իշխանությամբ, որ մեր դեպքում կարող է լինել Հայաստանն ազատագրող իշխանությունը՝ ի հակակշիռ Հայաստանը զավթող իշխանությունների…

 

Քաղաքագետ Էդգար Էլբակյան

Related Posts