Արցախ

Լեոնիդ Ազգալդյան․ «սա Հայաստան է, և վե՛րջ»

22 / 11 / 2022

Այսօր կլրանար ազգային հերոս, Արցախյան ազատամարտի առաջնամարտիկներից Լեոնիդ Ազգալդյանի 80-ամյակը: Ի՞նչ ուղի է անցել նա և ի՞նչ հետք թողել ազգային ազատագրական պայքարի քառուղիներում:

«Ազգի գոյությանը սպառնացող լուրջ վտանգների պահերին միայն ուժեղներն են մնում իրենց դիրքերում։ Նման պահերին ժողովուրդը ուժեղների մեջ փնտրում է ամենաուժեղին և իր ճակատագիրը դնում նրա ձեռքերում։ Այդպես է աշխարհ գալիս իսկական առաջնորդը»։ Այս տողերը, որ գրվել են Գարեգին Նժդեհի կողմից դեռևս 1930-ականներին, լավագույնս նկարագրում են Լեոնիդ Ազգալդյանի անձը՝ մարդ, որ իր գործունեությամբ ապացուցեց, որ իրենց հարատև գոյության համար հայերը պարտավոր են միայն իսկական առաջնորդներին, որոնք ի վիճակի են մարտահրավեր նետել պատմությանը։ Նման մարդկանց առաքելությունը նման է խենթության. հուսահատության և համընդհանուր սարսափի պահերին նրանք ոչ միան համարձակվում են հավատալ հաղթանակին, այլև այդ նույն հավատքով վարակում են շրջապատի մարդկանց, և որպես վերջին դաս՝ անձնազոհության սուրբ գործով նրանք ստիպում են հավատալ, որ մարդու համար չկա ավելի թանկ բան, քան ժողովուրդն ու հայրենիքը։

Առաջին իսկ օրվանից Լեոնիդ Ազգալդյանը ներգրավված էր Արցախի ազատության համար մղվող շարժմանն ու պայքարին։ Նա իր ամբողջ ներուժը ծառայեցրեց հանուն մեկ կառուցողական նպատակի՝ հայրենիքի ազատագրման պայքարին։ «Ու ես ուզում եմ ընդգծել՝ այն ազգը, որը կկորցնի Արցախը, կտապալվի լրիվ։ Թուրքը կկորցնի` ուրեմն իրենք, հայը` ուրեմն հայը։ Դրա համար այստեղ շատ կարևոր հարցեր են լուծվում, սա միայն մի փոքր կտոր հողի հարցը չէ»,- ասում էր Լեոնիդը։

Քիչ խոսքեր ու ավելի շատ գործողություններ։ Օր ու գիշեր՝ հանուն Հայաստանի։ Սա Լեոնիդի կարգախոսն էր և հիմնական պահանջը՝ իր մարտական ընկերներից։ Նրա հասարակ խոսքը՝ զուրկ փայլից ու որոտընդոստ արտահայտություններից, ուներ գրեթե կախարդական զորության համոզմունք։ «Սա Հայաստան է, և վե՛րջ»,- ասաց նա, և այդ պարզասիրտ արտահայտությունն իր մեջ պարունակում էր այն ամենը, ինչին նա հավատում էր՝ կյանքի ողջ փիլիսոփայությունը, մտահոգության և հոգածության միակ պատճառը։

Ոչ ոք չէր սպասում, որ երբեմնի լռակյաց ու համեստ ուսանողը կընտրի կյանքի այդ ուղին։ Լինելով բարձրաստիճան պաշտոնյայի որդի՝ նա կարող էր համալրել Խորհրդային Հայաստանի այսպես կոչված «ոսկե երիտասարդության» շարքերը, ապրել իր հաճույքներով և չանհանգստանալ իր ապագայի վերաբերյալ։ Ի զարմանս շատերի՝ Լեոնիդն այդպիսին չէր։

Մեր հերոսը ծնվել է 1942 թ․-ին Թիֆլիսում։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվում է Երևան, որտեղ Լեոնիդն անցկացնում է իր դպրոցական տարիները։ Փայլուն գիտելիքներով նա կարողանում է ընդունվել Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալասարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Մոսկվայում ուսանողական տարիներն ավարտվում են ողբերգական լուրով. մահանում է նրա մայրը։ Լեոնիդը որոշում է վերադառնալ Երևան։ Այդ որոշմանը նպաստեց ևս մեկ իրադարձություն. նա լարված հարաբերություններ է ունեցել ՄՊՀ ռեկտորատի հետ, որովհետև իր ընկերների հետ միասին Լեոնիդը կազմակերպել էր սգո երթ՝ նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչն աննախադեպ հանդգնություն էր 1960-ականներին։ Նա հայտնվում է ԽՍՀՄ համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում որպես «ազգայնական հայացքների քարոզիչ»։ Երևանում շատերը դրա մասին չգիտեին։ Ոչ ոք կասկածել անգամ չէր կարող, որ զուսպ ու լուռ ուսանող Լեոնիդը կարող է լինել այդպիսի գաղափարական անհատականություն։ Այդ ժամանակ միայն եզակի մարդիկ ունեին նման հատկություններ։ Երևանում Լեոնիդը շարունակում է կիսատ թողած ուսումը և գերազանցությամբ ավարտում ԵՊՀ-ն։

Երիտասարդ ֆիզիկոսի մասնագիտական տաղանդը նրան մեծապես օգնում է Արցախյան պատերազմի ժամանակ։ Պրագմատիկ Լեոնիդը հստակ գիտակցում է, որ հրապարակներից ու պաշտոնյաների գրասենյակներից պայքարը տեղափոխվելու է մարտի դաշտ, քանզի խորհրդային ղեկավարությունը երբեք հենց այնպես Արցախը չի տա Հայաստանին։ Լարված ժամանակներ էին․Խորհրդային Միությունը փլուզվում էր, իսկ Ադրբեջանը, ի պատասխան արցախյան արդար շարժման, կազմակերպում է հայ բնակչության զանգվածային ջարդեր։ Շուտափույթ պատերազմի կանխազգացումն ստիպում է Լեոնիդին ռազմական գործողություններին ընդառաջ լուրջ նախապատրաստություն սկսել։ Նրա տունը վերածվում է իսկական արհեստանոցի։ Իր գիտնական ընկերների հետ միասին նա նախագծում և պատրաստում էր հրացանների և պայթուցիկների մասեր, իսկ այնուհետև դրանք փորձարկում քաղաքից դուրս։ Զուգահեռաբար Լեոնիդը ուսումնասիրում էր մարտական արվեստը տեսությունը, որպեսզի առնվազն բազային գիտելիքներ ունենա այս ոլորտում։

Մինչ բոլոր ԶԼՄ-ները ժողովրդի հետ միասին ներգրվված էին ելույթներում և հավաքներում, Լեոնիդը սպասում էր վատագույնին՝ պատերազմին։ Նա համոզում էր հայ մտավորականությանը հրաժարվել սին խոսակցություններից և ղեկավարել ժողովրդական պայքարը, կոչ էր անում ժողովրդին միանալ իր գործունեությանը։ Սակայն ի զարմանս Լեոնիդի՝ արձագանքողները շատ քիչ էին։ Հետագայում նա բազմիցս կրկնում էր. «Մեր ազգի մտավորականությունը հիմնականում ցածր ոգու տեր մարդիկ են»։ Սա մեղադրանք չէր ուղղված այլոց, այլ ինքնաքննադատություն, մի մարդու անշահախնդիր խոստովանություն, ում համար ցավալի էր շուրջբոլորը տիրող անտարբերությունն ու վախկոտությունը։ Շատ քչերն արձագանքեցին Լեոնիդի կոչին, բայց նրանք լավագույնն էին՝ գաղափարական, հաստատակամ և առատաձեռն մարդիկ, ընտրյալների մի բուռ, ում նա հպարտությամբ կարող էր իր բանակը կոչել։

Լեոնիդն ուներ իր կողմը բացարձակապես տարբեր մարդկանց գրավելու տաղանդ, որոնք հետագայում ծառայում էին մեկ նպատակի և գաղափարի։ 1990 թ․ փետրվար ամսին նա իր ընկեր Աշոտ Նավասարդյանի հետ միասին հիմնում է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը։ Լեոնիդը գիտակցում էր, որ զինված մարդկանց մի խումբը ոչ զորք է, ոչ էլ հատկապես բանակ։ Որպեսզի իրավունք ունենան այդպես կոչվելու, պետք է հետևել խիստ կարգուկանոնի, իմանալ ռազմական արվեստի բոլոր նրբությունները և, ամենակարևորը, լինել գաղափարակիցներ։ Այս խնդրի լուծումը եղել է Լեոնիդի՝ որպես առաջնորդի ուսերին։ Չնայած այն հանգամանքին, որ նա նույնպես փորձառության պակաս ուներ՝ նրա կողմից կազմակերպված պրակտիկ գործողություններն իրենց պտուղները տվեցին։ Արդեն իսկ առաջին մարտերում «Անկախության բանակն» զգալի հաջողություններ էր գրանցում։ Սակայն կազմակերպությունում տեղ գտան տարաձայնություններ․ Աշոտ Նավասարդյանը ցանկանում էր ավելի հեռուն գնալ և կազմակերպության հիմքի վրա հիմնել քաղաքական կուսակցություն, իսկ Լեոնիդը կտրականապես դեմ էր։

Տարաձայնությունը հանգեցրեց նրան, որ Լեոնիդը ֆրանսահայ մարտիկ Հովսեփ Հովսեփյանի հետ միասին ստեղծում է նոր «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը։ Սա Արցախյան պատերազմի ընթացքում բոլոր հայկական շարժումների և ջոկատների շարքում նոր որակ էր։ Հետագայում «Ազատագրական բանակ»-ից կելնեն կանոնավոր հայոց բանակի բազմաթիվ բարձրաստիճան սպաներ, գնդապետեր և գեներալներ, որոնք Ազգալդյանին կհամարեն իրենց կնքահայրը, առաջնորդն ու ուսուցիչը։

Լեոնիդն իր բանակի շարքերը համալրում է ոչ թե քանակով, այլ որակով՝ պահանջելով հետևել խիստ կարգապահության։ Օրինակ՝ խստիվ արգելվում էր ծխել և խմել ոգելից խմիչքներ։ Շատերը չէին դիմանում։ Նման մարտիկների վրա Լեոնիդը զուր ժամանակ չէր վատնում, այլ խնդրում էր միանալ այլ ջոկատների, որտեղ կարգապահությանը առանձնապես ուշադրություն չեն դարձնում։ Զարմանալի է, սակայն մինչ Արցախյան պատերազմը չունենալով ոչ մի պատկերացում բանակային կյանքի և ռազմական կանոնադրության վերաբերյալ՝ Լեոնիդը կարողանում է ստեղծել այնպիսի ռազմական կազմակերպություն, որտեղ հաշվի էր առնվում յուրաքանչյուր մանրուք։ Արհեստական ու մտացածին ոչինչ չկար․ նույնիսկ ընդմիջումները ուղեկցվում էին վարժություններով և մարզանքներով, որոնք առաջին հերթին կատարում էր նա՝ օրինակ ծառայելով մյուսներին և աջակցելով հետևյալ բառերով՝ «շատ քրտինք, քիչ արյուն»։ Ֆիզիկական դաստիարակության հետ մեկտեղ Լեոնիդը ուշադրություն էր դարձնում գաղափարական դաստիարակությանը։ Նրա մարտիկները ի վիճակի էին կատարել ցանկացած առաջադրանք արագ, անվրեպ և ինչն ավելի կարևոր է՝ նվազագույն մարդկային կորուստներով։ «Այն մարտիկները, ովքեր պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել, ամենաթանկն են մեզ համար,- ասում էր նա,- ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել նրանց մահվամբ»։

27 ազատագրված գյուղեր, բազմաթիվ մեծ ու փոքր մարտեր, և ոչ մի պարտություն․ այսպիսի ցուցանիշներով չէր կարող պարծենալ և ոչ ոք։ Սակայն Լեոնիդը, ընդհակառակը, մշտապես դժգոհ էր ունեցած արդյունքներից, զինվորներից, և ամենաշատը՝ ինքն իրենից։ Նա կրկնում էր, որ բոլոր հաղթանակները կհավասարվեն զրոյի, որովհետև այդ հաղթանակների հենասյունը պետք է լինի կանոնավոր բանակը, որը չկա։ Իր փոքրիկ ջոկատը նա անվանում էր բանակ, սակայն նա անգամ լեյտենանտի կոչում չուներ…

Լեոնիդ Ազգալդյանը զոհվեց 1992 թվականին՝ այդպես էլ չստանալով որևէ ռազմական կոչում։ Զոհվեց՝ ինչպես միշտ գտնվելով առաջնագծում։ Իր քաջության և անձնազոհության անձնական օրինակով նա վայելում էր իր կողմնակիցների, ինչպես նաև նրան անձնապես ճանաչողների իսկական հարգանքն ու սերը։ Խորհրդանշական էր, որ նրա դագաղը տանում էին վեց տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Դժբախտաբար, առաջներում նրա մասին շատ քիչ բան էր հայտնի հայ հասարակության լայն շրջանակներին։ Ուրախացնող է սակայն այն հանգամանքը, որ այսօր ավելի ու ավելի շատ երիտասարդներ են իմանում նրա մասին, կազմակերպվում են հայրենասիրական երեկոներ և համերգներ, իսկ Ռուս-հայկական համալսարանում իսկական հայրենասեր, մտավորական և հայրենիքի պաշտպան Լեոնիդ Ազգալդանի անունով լսարան է բացվել։ 2019 թ․ օգոստոսի 31-ին Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոս կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան։

Էլեոնորա Սարգսյան

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *