Վերլուծություն

Ի՞նչպես քանդվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը

19 / 06 / 2022

Հունիսի 17-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը։ Նիստին մասնակցել են անդամ երկրների ԱԽ քարտուղարները ու ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասը։ Քննարկման օրակարգում ՀԱՊԿ անդամ երկրների առջև ծառացած անվտանգային մարտահրավերներն էին, ինչպես նաև հակաահաբեկչական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր։

Նիստին ելույթ է ունեցել ՀՀ դե-ֆակտո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին։ Դե-ֆակտո ԱԽ քարտուղարը նշել է, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ և հիմնահարցի համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում[1]։

Այն, որ նոյեմբերի 9-ից ի վեր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը դադարել է գործել, ակնհայտ է բոլորի համար։ Ինչպես նաև ակնհայտ է այն, որ Ադրբեջանն է բանակցային տասնյակ տարիների ընթացքում եղել այն կողմը, որը դեմ է հանդես եկել ԵԱՀԿ ձևաչափին։ Սակայն ինչպիսի՞ դիրք է զբաղեցրել Հայաստանը, հատկապես` 2018 թ.-ից ի վեր։ Արդյոք դե-ֆակտո իշխանությունների կողմից վարած քաղաքականությունը չի՞ նպաստել Մինսկի խմբի համանախագահության դուրսմղմանը բանակցային գործընթացից։ «Հայկական Ալիք»-ը հավաքել է բազմաթիվ ուշագրավ փաստերից ընդամենը մի քանիսը, որոնք անուղղակի ակնարկ են առ այն, որ ՀՀ դե-ֆակտո իշխանություններն իրենք են նպաստել բանակցային գործընթացի փակուղի մտնելուն։

Առաջիններից է ՀՀ դե-ֆակտո վարչապետի ամենասկանդալային հայտարարություններից մեկը` արված 2019 թ. մարտի 19-ին, որտեղ վերջինս անուղղակիորեն ասում է, որ բանակցությունների մասին տեղեկություններ է ստանում Ադրբեջանի նախագահից՝ հասկանալու համար «ով է ճիշտ, ով սխալ»[2]։ Բանակցային մանրամասներից, համաձայն պետության ինստիտուցիոնալ հիշողության, կարելի էր տեղեկանալ նախորդ բանակցող(ներ)ից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, սակայն ոչ երբեք թշնամի երկրի ղեկավարից։ Խոսք չէր կարող լինել անգամ այդ առկա ձևաչափից դուրս որևէ ուղիղ շփման կամ երկխոսության մասին։ Իսկ դե-ֆակտո վարչապետի ու Իլհամ Ալիևի պարագայում նման ոչ պաշտոնական և «չծրագրված» հանդիպումներ քանիցս եղել են` 2019 թ. հունվարի 22-ին Դավոսում, որի մասին հաջորդ օրն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով խոսել էր դե-ֆակտո վարչապետը[3], ինչպես նաև մայիսի 13-ին Բրյուսելում` Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառման շրջանակներում։ Այս հանդիպման մասին դեռևս մայիսի 9-ին հնչեցված հարցմանն ի պատասխան, նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել էր, թե «ոչինչ պլանավորված չէ»[4]։ Հենց նմանատիպ «չպլանավորված» և ոչ պրոտոկոլային հանդիպումների ու մտքերի փոխանակման արդյունքում է, որ աստիճանաբար նվազել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, քանի որ ՀՀ դե-ֆակտո վարչապետն ու ԱՀ նախագահն ունեին «օպերատիվ կապ» միմյանց հետ։ Դե-ֆակտո իշխանությունների կողմից նման հանդիպումների շուրջ տրված մեկնաբանություններում մշտապես առկա է եղել փաստարկումն առ այն, որ դրանք բանակցություններ չեն եղել։ Այդ «չբանակցությունները» քայլ առ քայլ հանգեցրին առկա միջազգային հայանպաստ ձևաչափի վերացմանը։

ՀՀ դե-ֆակտո վարչապետի մեկ այլ աննախադեպ հայտարարություն էր այն, որ ինքը բանակցությունները սկսում է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ` իր սեփական կետից[5]։ Սա ոչ այլ ինչ է քան արդեն իսկ գոյություն ունեցող բանակցային տրամաբանությունից հրաժարում, բանակցային վակուումի գոյացում, որ հեշտությամբ լցվելու էր ադրբեջանական «կազմ ու պատրաստ» թեզերով։ Սեփական զրոյական կետը վկայում է, որ զրոյացվում են հայկական կողմի այդքան տարիների բոլոր բանակցային ձեռքբերումները։ Իսկ դրանց զրոյացումը դարձավ առարկայական 2020 թ. փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովից հետո։ Համաժողովի շրջանակներում հերթական անգամ հայկական կողմը հայտնվեց մեղմ ասած «անհարմար իրավիճակում»` իջնելով ագրեսորի և այդ ժամանակ դեռևս պարտված կողմի մակարդակին և բանավեճի մեջ մտնելով վերջինիս հետ՝ Արցախի հարցը վերածելով «շոուի»[6]։ Բանավեճին հաջորդած խայտառակությունը մեղմելու համար դե-ֆակտո վարչապետը ձևակերպեց այսպես կոչված «մյունխենյան սկզբունքներ»[7]՝ հերթական պրեստիժային և առարկայական հարվածը հասցնելով կայացած բանակցային տրամաբանությանը։

Եվ վերջիվերջո, այս տարի ապրիլի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ դե-ֆատկո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարն անձամբ փաստեց, որ ԵԱՀԿ համանախագահների ձևաչափի ապագան անորոշ է․ «Մեր ամրիկյան և ֆրանսիական, այսպես կոչված, գործընկերները ռուսատյացական ցայտնոտի մեջ ընկած, փորձելով չեղարկել այն ամենը, ինչ կապված է ՌԴ-ի հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը` հայտարարելով, որ չեն առնչվելու մեզ հետ այդ ֆորմատով։ Դա նրանց իրավունքն է. եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղում և առհասարակ Անդրկովկասում կարգավորումից բխող շահերը և այս պարագայում` հատկապես հայկական կողմի շահերը, դա նրանց ընտրությունն է»[8]։ Հայտարարության կոնտեքստը բխեցված է ռուս-ուկրաինական հակամարտությունից, որի շրջանակներում էլ Արևմուտքը դադարեցրել է ամեն տեսակի փոխգործակցություն Ռուսաստանի հետ։

Նկատենք, որ 2018 թ․-ից սկսած՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի հետևողական վերացումը հետևանք է ոչ թե ոչ կոմպետենտության կամ հանգամանքների բերման, այլ հեղափոխական վերնախավի գաղափարախոսության, թե իբր հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել ուղիղ երկխոսության դեպքում։ Ինքնիշխանության բարձրացման կեղծ քողի տակ զրոյացվեց տասնամյակների աշխատանքը և նվազեց հայոց պետականության ինքնիշխանությունն ինչպես առհասարակ, այնպես էլ մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի միջազգային բանակցային ասպարեզում։

Սյուզան Նաջարյան, միջազգայնագետ


[1] Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը, 17.06.2022 թ․, https://seco.am/information/press_releases/528?lang=hy (հղվել է 17.06.2022 թ.)։

[2] Ես նոր բանակցող եմ․ Փաշինյանը՝ Մադրիդյան սկզբունքների մասին, 19.03.2019 թ․, https://www.youtube.com/watch?v=C3UaTrJkEJ4&t=250s (հղվել է 17.06.2022 թ.)։

[3] Զրույց Քաղաքացու հետ. հանդիպում Ալիեւի հետ: (Եթերը ընդհատվեց. հիմա պիտի քննարկման մասնակցեմ Դավոսում. թեման կշարունակեմ հաջորդ անգամ:), 23.01.2019 թ․, https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/303664473620577 (հղվել է 17.06.2022 թ.)

[4] ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում, 09.05.2019 թ․, https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2019/05/09/briefing_minister_may_9/9541 (հղվել է 17.06.2022 թ.)։

[5] Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից. Նիկոլ Փաշինյան, 08.04.2019 թ․, https://www.youtube.com/watch?v=WEeLf_YqEtY&t=10m10s (հղվել է 17.06.2022 թ.)։

[6] Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ Մյունխենի անվտանգության համաժողովի պանելային քննարկմանը, 15.02.2020 թ., https://www.youtube.com/watch?v=vW-x-lL3CZQ (հղվել է 17.06.2022 թ.):

[7] Մյունխենյան սկզբունքներ, 16.02.2020 թ․, https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2557201574600222/ (հղվել է 17.06.2022 թ.)։

[8] Совместная пресс-конференция С.Лаврова и А.Мирзояна, Москва, 8 апреля 2022 года, 15.04.2022 թ․, https://www.youtube.com/watch?v=3zufwKRM3PE&t=18m40s (հղվել է 17.06.2022 թ.)։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *