Նորություններ

Լղոզված ձևակերպումներ՝ ուղղված Արցախի դեմ

02 / 12 / 2022

2022 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել էր հայտարարություն, որտեղ կոչ էր արվում Հայաստանի դե-ֆակտո խորհրդարանին ընդունել Ադրբեջանի առաջարկած 5 կետերը, ինչն էլ ենթադրում է նոր կապիտուլյացիա: ՀՀ դե-ֆակտո իշխանություններն այդ հայտարարությանը ոչ մի արձագանք չեն տվել: «Հայաստան դաշինքը» հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի՝ ՀՀ դե-ֆակտո խորհրդարանին առաջարկվում է ընդունել հայտարարություն` ի պատասխան նոյեմբերի 8-ի՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հայտարարության:

 ՀՀ ԱԺ «Հայաստան դաշինք»-ի պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ մասնավորապես նշվում է.

«Մեր ներկայացրած հայտարարության մեջ չկա որևէ ներքաղաքական գնահատական: Կան ընդամենը մի քանի կարևոր հաստատումներ առ այն, որ

    • Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող սահմանափակվել,
    • Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է պաշտպանել նաև Արցախում ապրող հայերի իրավունքները,
    • Ադրբեջանը Թուրքիայի հետ գործում է համադրաբար՝ շարունակելով ուժի սպառնալիքի և դրա կիրառման քաղաքականությունը»:

ՔՊ-ն, փաստորեն, առաջարկել է այս ձևակերպումների իր փոփոխությունները գրավոր տարբերակով: Ստորև նկարներում կարող ենք տեսնել, թե ինչպես են ջնջված «Արցախի Հանրապետություն» ձևակերպումը, «Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ» արտահայտությունը փոխարինվել է «վերահսկողության տակ մնացած»-ով: Թուրքիայի` Ադրբեջանին աջակցելու և հակահայ քաղաքականություն վարելու վերաբերյալ տողերը նույն ճակատագրին են արժանացել, ինչպես նաև այն փաստը, որ Ադրբեջանը մինչ օրս չի թույլատրում կատարել անհետ կորածների որոնումներ:

«Որևէ բացատրություն չկա` ինչու՞ պետք է տեքստից ջնջել «Արցախի Հանրապետություն» բառերը և փոխարենը գրել «Լեռնային Ղարաբաղի հայություն» բառերը… Հիշեցնեմ, որ ՔՊ նախընտրական պլատֆորմում իրենք ասում էին, որ ընտրվելուց հետո հանձնառու են բանակցությունների ճանապարհով հասնել Արցախի բռնազավթած տարածքների դեօկուպացիային»,- նշել է պատգամավորը:

Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ դե-ֆակտո իշխանությունները չունեն քաղաքական  կամք և ցանկություն՝ Արցախի կարգավիճակի համար պայքարելու և արցախահայության պաշտպանությունը ստանձնելու համար: Ընդհակառակը, երեկ հայտնի դարձավ, որ անգամ երբ Ադրբեջանի հետ Արցախի կարգավիճակը քննարկելու ռեալ հնարավորություն է եղել, դե-ֆակտո իշխանությունները միտումնավոր տապալել են այդ քննարկումները՝ փաստացի ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում: Դատելով այս քայլերի ամբողջությունից՝ ակնհայտ է, որ նպատակն է Արցախն աստիճանաբար մոռացության տալու և բանակցային գործընթացը տապալելու միջոցով Արցախից մեկընդմիշտ հրաժարվելը:

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *