Արդեն 23 տարի է, ինչ հայկական քաղաքական դաշտի ամենատարբեր ներկայացուցիչներ՝ սկսած զոհերի ընտանիքների անդամներից մինչև իրենց մտերիմ մարդիկ ներկայացնող անձինք ամեն կերպ օգտագործում են հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը քաղաքական կապիտալ հավաքելու և արյան վրա քաղաքական առևտուր անելու համար։ Պատմությունը, սակայն, գրվում է փաստերով, և 23 տարի անց կարևոր ենք համարում հիշեցնելը, թե ովքեր էին այն անձինք, ովքեր՝ դեռ զոհերի մարմիններն Ազգային Ժողովի դահլիճում արդեն պաշտոնների բաժանում էին անում։
Կից ներկայացված նկարում այդ անձանց անուններն են՝ Անդրանիկ Քոչարյան, Վաղարշակ Հարությունյան, Գագիկ Ջհանգիրյան, Վյաչեսլավ Հարությունյան, Վահան Շիրխանյան։ Այժմ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչ է, Գագիկ Ջհանգիրյանը Փաշինյանի հովանավորությամբ ընտրվել և մինչև բոլորովին վերջերս աշխատել է որպես ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, Վաղարշակ Հարությունյանը Փաշինյանի կողմից նշանակվել և պաշտոնավարել է որպես ՀՀ Պաշտպանության նախարար։ Վահան Շիրխանյանը, որըկալավանորված էր զինված հանցավոր խմբավորմանն աջակցելու մեղադրանքով, Փաշինյանի իշխանության գալուց ընդամենը ամիսներ անց՝ 2018 թ. հունիսի 25-ին ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Վյաչեսլավ Հարությունյանը՝ Վաղարշակ Հարությունյանի եղբայրը, մահացել էր 2009 թ.։
Այսպիսով, Փաշինյանի իշխանությունից այս կամ այն կերպ օգուտներ քաղած, նրա թիմի անդամ հանդիսացող այս անձինք են եղել առաջինները, որոնք վայրկյան չեն կորցրել հոկտեմբերի 27-ի զոհերի արյան վրա ձեռքերը տաքացնել փորձելու։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն` իր ինքնակենսագրականում անդրադառնալով այս դրվագին, գրում է.
«Կարմիր գրիչով այդ թղթի վրա գրված էին բոլոր առանցքային պաշտոնները։ Այսպիսի դասավորություն էին մտածել. պաշտպանության նախարարը մնում է իր տեղում։ Նրա եղբայրը, որ մեր ԱԻՆ-ում էր աշխատում, դառնում է անվտանգության նախարար։ Արտադրական ենթակառուցվածքների նախարար Շիրխանյանն իր համար ընտրել էր վարչապետի պաշտոնը։ Ի դեպ, Շիրխանյանի մասին Վազգենին մի քանի անգամ ասել էի. «Չե՞ս տեսնում, որ նա խարդախ ու բանսարկու է։ Ի՞նչ ես գտել դրա մեջ»։ Հետո ցուցակում դատախազի պաշտոնին Գագիկ Ջհանգիրյանն էր, իսկ փոխվարչապետի տեղին աչք էր դրել Անդրանիկ Քոչարյանը։ Մի խոսքով արդեն ամեն ինչ մեջ-մեջ էին արել։
-Ահա, նայեք… եթե համաձայն եք… Էդ դեպքում… ոնց որ թե… մենք…
Ու ես պայթեցի։
-Դուք պարզապես սրիկաներ եք։ Դահլիճում դեռ վաթսուն մարդ ունեմ, դահլիճում դիակները դեռ չեն սառել, դուք արդեն պաշտո՞ն եք կիսում։ Անասուննե՜ր։
Մի խոսքով, հայհոյելով դուրս արեցի»:
Բոլորովին պատահական և անգամ զարմանալի չէ, որ հենց այս մարդիկ են այս կամ այն կերպ Վազգեն Սարգսյանի բոլոր երազանքներն ու ողջ կյանքի վաստակը հիմնահատակ զրոյացնող այս իշխանության թիմում կամ շահառուների ցուցակում։ Իսկ այսօր, երբ այլևս ողջ չէ Վազգեն Սարսգյանը, Անդրանիկ Քոչարյան հորջորջյալն ասում է, որ «կա հնարավորություն՝ Հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտման համար»: Դե ինչ, եթե դե-ֆակտո իշխանությունների ցինիզմը չի ճանաչում սահմաններ:
Քնարիկ Ջալաթյան