Սյունիք

ՀՀ սուվերեն տարածքից Ադրբեջանը չի հեռանալու

07 / 07 / 2022

Հուլիսի 7-ին Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում  «Դիվանագիտության շաբաթվա» բացման արարողության ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ  Հայաստանի հետ «խաղաղության» բանակցությունները՝ որպես գործընթաց,  պետք է բաժանվեն փուլերի[1]։

Ջ․ Բայրամովը հիշեցրել է․ որ «Ադրբեջանի կողմից առաջարկված բազային սկզբունքերում Հայաստանի համար անընդունելի պահեր չկան», հավելելով՝ «չեմ կարող ասել, որ բանակցություններում մեծ առաջընթաց կա, սակայն քննարկումների շուրջ կան կարծիքներ, արձագանքներ։ Իհարկե, ոչ միակողմանի։ Հայկական կողմում կան դեռևս կան ռևանշիստական հայացքներ ունեցողներ, սակայն առկա են նաև այլ կարծիքներ։ Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ կայուն խաղաղությունը և զարգացումը այլընտրանք չունեն։ Հույս ունենք, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը և կարևոր գործիչները կհասկանան իրողությունները»։

Բայրամովը անդրադարձել է նաև սահմանազատման գործընթացին՝ նշելով․ «Սահմանների որոշման հանձնաժողով ստեղծելը ինքնին բարդ գործընթաց է եղել։ Հայաստանն ուներ նախապայմաններ։ Նրանք պահանջում էին միջոցներ ձեռնարկել՝ կապված դեէսկալացիայի և սահմանից ադրբեջանցի զինվորականների հետքաշման հետ։ Սակայն Ադրբեջանը ներկայացրեց իր դիրքորոշումը։ Մենք կարծում ենք, որ կանգնած ենք մեր սահմանների վրա, և մեր պարտավորությունն է պաշտպանել մեր սահմանները»[2]։ Նա նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները՝ սահմանազատման գործընթացը հեշտ չի լինի, կլինեն զգայուն պահեր։

Այսպիսով ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան փաստում է, որ ՀՀ դե-ֆակտո վարչապետի՝ «սահմաններից զորքերի հայելային հետքաշման»[3] առաջարկը մերժվել է Ադրբեջանի կողմից, և Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում հետքաշել զորքերը ռազմաճակատի գծից՝ նվազեցնելու համար  լարվածությունը, այլ ավելին՝  չի պատրաստվում ազատել ՀՀ սուվերեն տարածքից 2020 թ. նոյեմբերից գրավված շրջանները։

Ըստ ՀՀ ՊՆ կողմից հաստատված տվյալների՝ 2020 թ. նոյեմբերից սկսած Ադրբեջանի զինված ուժերի կողմից գրավվել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի ավելի քան 70 քառակուսի կիլոմետրը[4]։ Հայտնի չէ, սակայն, արդյոք չկան Ադրբեջանի կողմից ՀՀ-ից գրավված այլ տարածքներ, քանի որ սահմանային գոտում լրատվամիջոցների գործունեությունը խստորեն սահմանափակվել է, ինչի արդյունքում հնարավոր չէ ստանալ հստակ տեղեկատվություն Հայաստանի տարածքում Ադրբեջանի հերթական առաջխաղացման վերաբերյալ[5]։ Գրավված հայկական տարածքների առցանց քարտեզը հասանելի է այս հղումով։

Հիցեցնենք նաև, որ մարտի 12-ին Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքները, որոնք Բաքուն «ընդունելի» է համարում Հայաստանի համար ներառում են տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության փոխադարձ ճանաչում, տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորություն։ Սա նշանակում է Արցախի օկուպացիայի ճանաչում ՀՀ-ի կողմից և հետագայում Արցախյան հիմնախնդրի գոյության վերաբերյալ բարձրաձայնելու ցանկացած հնարավորության սպառում։

 


[1] https://apa.az/ru/vneshnyaya-politika/glava-mid-rasskazal-o-tekushhei-situacii-s-mirnymi-peregovorami-s-armeniei-486895  (հղվել է 07․07․2022)

[2] https://apa.az/ru/vneshnyaya-politika/ministr-delimitaciya-azerbaidzano-armyanskoi-granicy-ne-budet-prostym-processom-486894  (հղվել է 07․07․2022)

[3] Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկով – Մամլո հաղորդագրություններ – Լրատվություն – Հայաստանի Հանրապետության վարչապետ (primeminister.am) (հղվել է 07․07․2022)

[4] Գեղարքունիքի մարզում գրաված տարածքները՝ https://hetq.am/hy/article/144181 (հղվել է 07․07․2022)

  Սյունիքի մարզում գրաված տարածքները՝ https://www.youtube.com/watch?v=LziAOWa-yUg (հղվել է 07․07․2022)

[5] https://www.aravot.am/2021/07/30/1207210/  (հղվել է 07․07․2022)

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published.