Հարցազրույց

ԱԱԾ սահմանապահ զորքեր` ՊՆ ստորաբաժանումների փոխարեն

22 / 04 / 2023

Վերջերս տարածվեց մեկ այլ ուշագրավ տեղեկատվություն, որը կարծես դուրս մնաց հանրային լայն քննարկման շրջանակներից և չարժանացավ ուշադրության ըստ արժանվույն: Այն է` ՀՀ սահմանների երկայնքով ՊՆ զորքերի փոխարինումը ԱԱԾ սահմանապահ զորքերով: Ի՞նչ նպատակով է դա առհասարակ իրականացվում, ի՞նչ ռիսկեր է պարունակում. այս և այլ հարցերի պատասխանները փորձել ենք պարզել ռազմական վերլուծաբան Ռոբերտ Նազարյանի հետ հարցազրույցում:

Վերջերս հայտնի դարձավ, որ ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ ստորաբաժանումներըդուրս են գալու, և նրանց փոխարեն տեղակայվելու են Սահմանապահ զորքերիստորաբաժանումներ:Ո՞րն է այս փոփոխության նպատակը և ի՞նչ հետևանքներ կարող է այնունենալ:

Ընդհանրապես 2018-ից սկսած դժվար է հիշել մի օրինագիծ, որը հայտարարվել է իբրև բանակում բարեփոխմանը ուղղված և եղել է արդյունավետ։ Եթե խոսում ենք նպատակից, ապա պետք է հարցին նայենք գլոբալ։ Երբ համադրում ես 2018-ից սկսած անընդմեջ պաշտոնանկությունները բանակի բարձր սպայակազմում, բանակցությունների տապալումը, ԶՈւ սպառազինության պլանիտապալումը, պաշտպանական բյուջեների թերակատարումները, պատերազմում պարտությունը, դրանից հետո երկրի պաշտպանական ռեսուրսի չվերականգնելը, միջազգային սկանդալները՝ կապված ՀԱՊԿ-ի հետ, տարբեր օղակի սպայակազմի և անգամ քաղաքական գործիչների մեղավոր կարգվելը առաջնագծի որևէ տեղամասում ձախողման համար, դժվար չէ կռահել, որ սա նույնպես նպատակադրված գործողություն է, որն ավելի է թուլացնելու երկրի պաշտպանունակությունը։

 –Շատերը չեն պատկերացնում, թե ինչո՞վ են տարբերվում ԱԱԾ սահմանապահ զորքերը ՊՆ սովորական ստորաբաժանումից: Կներկայացնե՞ք այդ տարբերությունները:

ԱԱԾ սահմանապահ զորքերը թեև միշտ մասնակցել են ռազմական գործողություններին, սակայն բանակից էականորեն տարբերվում են։ Առաջին հերթին տարբերությունը նրանց անցած պատրաստության մեջ է։ Սահմանապահները ԶՈւ պատրաստության ծրագրով չեն անցել և ի սկզբանե նախատեսված չեն եղել լայնամաշստաբ մարտական գործողությունների համար։ Տարբերությունը նաև ստորաբաժանումների սպառազինության մեջ է։ Սահմանապահները չունեն ծանր հրթիռահրետանային միջոցներ, չունեն ծանր զրահատեխնիկա, ու հետևաբար կարիք է լինելու նրանց նոր սպառազինության համար լրացուցիչ ուսուցանել, ինչն էլ իրենից ենթադրում է բավականին մեծ ռեսուրս ու ժամանակ, որը մենք չունենք։ Հետո սահմանապահները չունեն բանակին հատուկ կառուցվածքը՝ գունդ, կորպուս համակարգը, ինչը ենթադրում է նաև կառուցվածքային փոփոխություն։ Կառուցվածքային փոփոխությունից հետո էլ վստահաբար լինելու է կադրային խնդիր, քանզի վերը նշված պատճառներով ԱԱԾ սահմանապահ զորքերում ուղղակի չկա անհրաժեշտ քանակի բարձր սպայակազմ։

ՀՀ դեֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այս նույն փոփոխության առաջարկն արել են նաև Ադրբեջանին: Հաշվի առնելով այն, որ Բաքուն բնականաբար չի ընդունի այս առաջարկը՝ ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել մոտ ապագայում:

Իհարկե Ադրբեջանը չի ընդունելու նույն առաջարկը մի պարզ պատճառով՝ Ադրբեջանը ցանկություն չունի ձեռք բերածով բավարարվել։ Նոր ռազմական գործողություններ եթե սկսվեն, իսկ դրանք վստահաբար կսկսվեն, կարելի է սպասել ավելի թույլ հակազդեցության։

Իմացանք նաև, որ օրերս իր պաշտոնից ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը: Ի՞նչ ներքին քաղաքական նպատակ է դրանով հետապնում ՀՀ դեֆակտո իշխանությունը, և ի՞նչ արտաքին գործոններով է դա պայմանավորված, եթե այդպիսիք կան:

Կարծում եմ արտաքին գործոններ չկան, բայց կա արդեն քաջածանոթ վարքագիծը՝ բոլոր դրվագներում պետք է գտնել ու նշանակել մեղավոր։ Մեղավոր են նշանակվում շարքային զինվորները, սպաները, ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը, ընդդիմությունը, նույնիսկ եղանակը, բայց երբեք ոչ իրական մեղավոր գործող իշխանությունները։

Հարցազրույցը վարեց Մարիամ Մարգարյանը

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *