Նորություններ

«Ո՞վ կփոխանակի իր ճակատագիրը թխվածքաբլիթով». Կիմ Յոջոնգ

19 / 08 / 2022

Կորեայի (Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն/ Հյուսիսային Կորեա) Աշխատավորական կուսակցության հրապարակայնության և տեղեկատվության բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յոջոնգը նախօրեին` օգոստոսի 18-ին հանդես է եկել կոշտ հայտարարությամբ` հասցեագրված Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) նախագահ Յուն Սոգյոլին: Այս մասին հայտնում է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության կենտրոնական լրատվական գործակալությունը[1]:

Քննադատության առիթ է դարձել վերջինիս հայտարարությունն օգոստոսի 15-ին, որում նախագահ Յունն առաջարկել էր Հարավի տնտեսական աջակցությունը Հյուսիսին` վերջինիս ապամիջուկայնացման դիմաց:

«Եթե ասելիք չուներ կամ ասածը դատարկաբանություն պետք է լիներ, ավելի լավ կլիներ սեփական հեղինակությունը պահելու համար գոնե լուռ մնար»,- ասել է Կիմ Յոջոնգն այս առիթով:

Վերջինիս պնդմամբ, այս անգամ Յուն Սոգյոլը զբաղված էր «սոփեստությամբ» և «համակարգային բախում հրահրելով» այնպիսի կոչերով, ինչպիսիք են` «Ազատ երկրների դիմակայություն կոմունիստական ուժերին» կամ` «Ոտքի կանգնել ընդդեմ կոմունիստական նվաճմանը` հանուն ազատ աշխարհի պաշտպանության»:

«Ամենագարշելին ոչ խելամիտ, այսպես կոչված, ռիսկային և համապարփակ առաջարկն էր`  «համարձակ նախաձեռնություն» անվանմամբ, որն, իբրև թե, կարող է կտրուկ բարելավել տնտեսությունը և մարդկանց կենսամակարդակը, եթե մենք դադարեցնենք միջուկային զենքի արտադրությունն ու անցնենք ապամիջուկայնացման»,- ասել է հյուսիսկորեացի պաշտոնյան:

Անդրադառնալով այդ նախաձեռնության ոչ հեռանկարային լինելուն` Կիմ Յոջոնգը հայտարարել է. «Յուն Սոգյոլի, այսպես կոչված, «համարձակ նախաձեռնություն»-ը օվկիանոսը չորացնելու և տեղում թթենիների այգի տնկելու պես մի բան է. անիրականանալի է և հիմարության գագաթնակետն է»:

Պաշտոնական Փհենյանի անդրդվելի դիրքորոշումն արտահայտելով` Յ. Կիմն ասել է. «Նախևառաջ, չգիտեմ` արդյոք նա տեղյա՞կ է, որ «եթե Հյուսիսը սկսի ապամիջուկայնացումը» ենթադրությունն ինքնին սխալ է… Աշխարհում ամեն բան առևտրի առարկա դարձնելն ու մեր ազգային քաղաքականության մաս հանդիսացող միջուկային էներգիան ինչ-որ «տնտեսական համագործակցությամբ» փոխարինելը Յուն Սոգյոլի թաց երազներն են, հույսերն ու նախագծերը, որոնց մասին մտածելիս հասկանում եմ, որ դեռ շատ միամիտ է և ոչ հասուն»: Այնուհետև հավելել է. «Եթե իշխանության ես գալիս, մի 2-3 տարի պետք է տքնաջան աշխատես, որ հասկանաս աշխարհակարգը»:

Փաստացի, Կիմ Յոջոնգը շեշտել է, որ իրենց համար անընդունելի է իրենց ազգային անվտանգությունը տնտեսական համագործակցությամբ փոխարինելը: Այս առիթով հատկանշական է նրա հետևյալ հայտարարությունը. «Այդ ո՞վ կհամաձայնվի իր ճակատագիրը թխվածքաբլիթներով փոխանակել… Այն ամենը, ինչ կարող եմ առաջարկել, դառը արհամարհանքն է նրանց նկատմամբ, ովքեր ապրում են ապարդյուն մոլորության մեջ, որ կկարողանան տեսնել մեր միջուկային պոտենցյալը, եթե ավելի շատ վճարեն»:

Հղում անելով այսօր աշխարհում տիրող անկայուն իրավիճակին` պաշտոնյան եզրակացրել է. «Քանի որ տնտեսությունն ու մարդկանց կենսամակարդակն արդեն իսկ քաոսի մեջ է թաթախված, մենք ապրում ենք` չիմանալով, թե որ պահին մեզ ցած կգլորեն: Այս պայմաններում ո՞վ կամ ե՞րբ ժամանակ ունի խոսելու տնտեսության բարելավման և մարդկանց ապրուստի մասին»:

Չնայած արված կոշտ հայտարարություններին` պաշտոնական Հյուսիսը Կիմ Յոջոնգի շուրթերով հայտարարել է. «Իմ անկեղծ ցանկությունն է, որ լինի փոխադարձ վստահության մթնոլորտ»:

Չնայած Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության ոչ այնքան «գրավիչ իմիջին»` Կիմ Յոջոնգի հայտարարության մեջ մի քանի կարևոր կետեր կան, որոնց պետք է ուշադրություն դարձնել:

  • Տնտեսական զարգացումը երբեք չի կարող հայտնվել ազգային անվտանգության հակառակ նժարին, առավել ևս` հանդես գալ որպես վերջինի փոխարինիչ: Չի կարող սուվերենությունից և ռազմական ուժից զուրկ պետությունը լինել տնտեսապես կայուն և բարեկեցիկ:
  • Իրեն հարգող ինքնիշխան պետությունը և հասարակությունը նման էժանագին «թխվածքաբլիթներով» չի փոխանակի իր արժանապատվությունն ու անվտանգությունը:
  • Այսօր աշխարհում իրավիճակն այնքան անկայուն է և փոփոխական, որ տնտեսական բարեկեցության մասին խոսելը ճոխություն է նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրներում: Այս փոփոխական պայմաններում, աճող ինֆլյացիայի, պարենի անվտանգության սպառնալիքի, տնտեսական ճգնաժամի պարագայում ոչ մի պետություն չունի բացարձակ երաշխիք` վաղվա օրվա կայունության և ապահովության:
  • Տեղափոխելով այս ամենը հայկական կոնտեքստ` կարող ենք ասել, որ ոչ մի տնտեսական «ապաշրջափակում», ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող ոչ մի «միջանցք» չուներ և չի ունենալու ժամանակավորապես օկուպացված Արցախի և ՀՀ սուվերեն տարածքի գինը, ՀՀ բնակչության անվտանգության և կենսական շահերի գինը:

 

[1] 허망한 꿈을 꾸지 말라 김여정 조선로동당 중앙위원회 부부장 담화, http://kcna.kp/kp/article/q/5a5d964b2912a0645b1cd7f16ed4b237.kcmsf (հղվել է 19.08.2022 թ.)

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *