Նորություններ

Միակողմանի զիջումները ազգային դիմադրության են հանդիպում Հյուսիսային Մակեդոնիայում

07 / 07 / 2022

Հյուսիսային Մակեդոնիայի կառավարության կողմից այդ երկրում ապրող փոքրամասնությունների էթնիկ իրավունքների վերաբերյալ զիջումների գնալու պատրաստակամությունը՝ որպես ԵՄ անդամակցության բանակցությունների նախապայման, բուռն բողոքի ցույցեր են առաջացրել մայրաքաղաք Սկոպյեում:

Հյուսիսային Մակեդոնիան ԵՄ-ին անդամակցելու թեկնածու է արդեն 17 տարի։ Երկիրը «կանաչ լույս» է ստացել 2020 թվականին անդամակցության բանակցությունները սկսելու համար, սակայն բանակցությունների մեկնարկի ժամկետ չի նշվում։

Ի սկզբանե որպես բանակցությունները սկսելու և ԵՄ անդամակցության նախապայման՝ Հյուսիսային Մակեդոնիան համաձայնել էր փոխել իր անունը Մակեդոնիայից Հյուսիսային Մակեդոնիայի՝ իր հարեւան Հունաստանի աջակցությունը ստանալու համար, քանի որ Հունաստանը նախկին անվան պաշտոնական կիրառումը դիտարկում էր հավակնություն իր նույնանուն հյուսիսային շրջանի նկատմամբ։ 2018 թվականին կնքվեց համաձայնագիր, որը, ըստ էության, ճանապարհ հարթեց Հյուսիսային Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ մտնելու համար և պատմականորեն սահմանազատեց երկու երկրները: Հյուսիսային Մակեդոնիան այդ համաձայնագրով միակողմանիորեն հրաժարվեց նաև «հին հելլենական քաղաքակրթության, պատմության, մշակույթի և ժառանգության» նկատմամբ հավակնություններից, նշելով, որ «մակեդոնական լեզուն մտնում է հարավային սլավոնական լեզվախմբի մեջ», որը կապ չունի հունարենի հետ:

Եթե Հյուսիսային Մակեդոնիայի մուտքը ՆԱՏՕ բավարարվեց 2020 թ.-ի մարտին՝ ամբողջական անդամակցությամբ (ինչը բխում էր դաշինքի՝ դեպի արևելք ծավալվելու ռազմաքաղաքական շահերից), ապա ԵՄ մուտքի հարցը շարունակվում է բանեցվել՝ Մակեդոնիայից հերթական զիջումները ստանալու համար:

Այս անգամ ԵՄ անդամ Բուլղարիան, որը ավելի քան երկու տարի արգելափակել էր Հյուսիսային Մակեդոնիայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը, պահանջում է, որ Հյուսիսային Մակեդոնիայում բնակվող մոտ 3500 բուլղարացիների համար երկրի սահմանադրության մեջ երաշխավորվեն հավասար իրավունքներ։

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Դիմիտար Կովաչևսկին օրերս ԵՄ նախագահ Շառլ Միշելին ասել է, որ իր երկիրը կարող է գնալ նաև այն զիջումներին, որոնք Բուլղարիան արդեն պաշտոնապես հայտարարել է, և այժմ այդ որոշումը պահանջում է Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանի աջակցությունը։

Այնուամենայնիվ, երկրի ներսում բուռն են ընդունվում այս հերթական միակողմանի զիջումները: Ազգայնական ընդդիմադիր կուսակցության կոչով սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր, որոնց արդյունքում չորս տասնյակ ոստիկաններ ստացել են վնասվածքներ:

Ի սկզբանե Բուլղարիան շատ ավելի մեծ պահանջներ էր ներկայացրել՝ անդրադառնալով լեզվական խնդիրներին. պաշտոնական Սոֆիան դեմ է «մակեդոնական» լեզվական և էթնիկ անվանումին, ասելով, որ սլավոնական մակեդոնացիները խոսում են բուլղարերեն և հիմնականում բուլղարացիներ են:

Սաշկա Ցվետկովսկան, տեղական քաղաքականության վետերան դիտորդը, Al Jazeera-ին տված հարցազրույցում նշում է, որ «Մակեդոնիայի քաղաքականությունը հենվում էր միջազգային հանրության վրա՝ բուլղարական խնդիրը լուծելու համար, մինչդեռ բոլորը խուսափում էին հիմնական խնդրից, որն է մակեդոնական լեզվի և ինքնության ճանաչումը»։

Հետաքրքրական է, որ այս սուր հակասությունը շարունակում է գոյություն ունենալ սլավոնական լեզվախմբին պատկանող երկու երկրների միջև և սլավոնական մակեդոնացիների համար շատ ավելի դժվար է դառնում նման էթնիկ և մշակութային տարբերակում կատարել բուլղարացիների հետ: Եվ նույնիսկ այս պարագայում մակեդոնական ազգային ուժերը անընդունելի են համարում որևէ զիջում Բուլղարիային. օրինակ՝ 2017 թ.-ին ստեղծվել էր պատմաբանների համատեղ կոմիտեն՝ համաձայնեցնելու երկու երկրների ազգային պատմությունները, սակայն Եվրախորհրդարանի առաջարկը՝ հանձնաժողովում ընդգրկել պատմաբաններին, ովքեր կապ չունեն տարածաշրջանի հետ, ծաղրի արժանացավ Մակեդոնիայի ներսում:

«Սա ցույց է տալիս, որ պատմության հանձնաժողով ստեղծելու և դասագրքերը հարևանների շահերին չհամապատասխանող բովանդակությունից մաքրելու գաղափարը սխալ էր», – ասում է սլավոնական մակեդոնական կոմիտեի անդամ Թոդոր Չեպրեգանովը: «Մենք կհայտնվենք մի իրավիճակում, երբ պատմությունը կերտում են օտարները»: Արդյունքում, Մակեդոնիան այդ փուլում չգնաց զիջման:

Նոր վարչապետ Կովաչևսկին տարվա սկզբին խոստացել էր լուծել Հյուսիսային Մակեդոնիայի՝ ԵՄ անդամակցության հարցը, սակայն ինչպես ցույց են տալիս Մակեդոնիայի ներքաղաքական զարգացումները, այս գործընթացը դեռևս հեռու է վերջնանպատակից՝ ի շնորհիվ մակեդոնական ազգային թևի, որը հետքայլ չի անում միակողմանի զիջումների դեմ պայքարից:

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *