Վերլուծություն

Թուրքիան 48 տարի է՝ օկուպացրել է Կիպրոսը

20 / 07 / 2022

48 տարի առաջ այս օրը՝ 1974թ․ հուլիսի 20-ին, սկսվեց թուրքական բանակի ներխուժումը Կիպրոս, որի արդյունքում կղզին բաժանվեց 2 հատվածի՝ հունական և թուրքական։ Թուրքիայի կողմից օկուպացվեց կղզու տարածքի շուրջ 37%-ը, որտեղ 1983 թ․-ին  Անկարայի կողմից ստեղծվեց «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» արհեստական պետական կազմավորումը, որն առ այսօր ճանաչվել է միայն Անկարայի կողմից։

1960թ․ օգոստոսի 16-ին բրիտանական երկարամյա գաղութացումից հետո հռչակվեց Կիպրոսի Հանրապետությունը, որի նախագահ դարձավ արքեպիսկոպոս Մակարիոսը, իսկ փոխնախագահ՝ թուրքական փոքրամասնության համայնքի ղեկավար Ֆազըլ Քյուչուքը[1]։ 1963թ․-ի դեկտեմբերին կղզում ծագեց քաղաքական սուր ճգնաժամ, որի հետևանքով երկրում սկսվեցին միջէթնիկական բախումներ, Նիկոսիայում տեղի ունեցան փոխհրաձգություններ թուրքական համայնքի և հունական ոստիկանության միջև, 1967թ․-ից կղզում սկսեց գործել «թուրքական համայնքի վարչակազմը»։

1964թ-ից հակամարտության կարգավորմանը միացավ նաև ՄԱԿ-ը։ Կղզում բախումները դադարեցնելու նպատակով ՄԱԿ Անվտանգության խորհուրդը 1964 թ․-ի մարտի 14-ին ընդունեց թիվ 186 բանաձևը, որով կղզում տեղակայվեցին ՄԱԿ միջազգային ուժեր՝ խաղաղութան պահպանման նպատակով։ 1972թ․-ին փետրվարին իրադրությունը սրվեց՝ կապված «Կիպրոսի մարտիկների ազգային կազմակերպության» («ԷՕԿԱ») առաջնորդ գեներալ Գ․ Գրիվասի՝ կղզի մուտք գործելու հետ, որը պիտի պայքարեր նախագահ Մակարիոսի օրինական կառավարության դեմ։ «ԷՕԿԱ»-ի գլխավոր նպատակներից էր «Էնոսիսը»՝ Կիպրոսի միացումը Հունաստանին։ Դեռ 1967 թ․-ին Թուրքիան առաջ էր քաշել Գրիվասին կղզուց վտարելու պահանջը։

1973 թ․-ի կեսերին կղզում ստեղծվել էր մի դրություն, երբ «թուրքական համայնքի վարչակազմը» դարձել էր դե-ֆակտո պետություն պետության ներսում։ 1974թ․ մարտին Կիպրոսի «թուրքական համայնքի վարչակազմը» թողարկեց իր փոստային դրոշմանիշները, իսկ հետո ներմուծեց սեփական դրամական միավորը՝ լիրան։ Դրանով թուրքերը փաստացի իրականացրին իրենց համայնքի տարանջատումը Կիպրոսի Հանրապետությունից։ Երկու երկրների միջև խաղաղ բանակցությունների բոլոր հույսերը վերջնականապես խորտակվեցին։

Կզղում իրադրության կարգավորման համար նախագահ Մակարիոսը սկսեց Կիպրոսի ազգային գվարդիայի ապակազմակերպումը։ Ի պատասխան՝ 1974թ․ հուլիսի 15-ին 650 հույն սպա, ովքեր ծառայությամ մեջ էին 12 հազարանոց ազգային գվարդիայում և  950 զինծառայող սկսեցին ռազմական ապստամբություն՝ Կիպրոսի օրինական կառավարությունը տապալելու նպատակով։ Արդյունքում Մակարիոսը լքեց կղզին, երկրի ղեկավար դարձավ Նիկոե Սամպսոնը։ Կիպրոսի հակակառավարական ապստամբությունը առաջ բերեց Թուրքիայի անմիջական հակազդումը։ Հուլիսի 18-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը քննարկվեց Կիպրոսում ռազմական միջամտություն իրականացնելու հարց և կառավարության որոշմամբ Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Սեմիհ Սանջարը հրաման արձակեց կղզի թուրքական զինված ուժեր իջեցնելու մասին։

«Աթիլա» գաղտնանունը ստացած ռազմական գործողությունը սկսվեց հուլիսի 20-ի առավոտյան։ Թուրքական զինված ուժերի թիվը հասնում էր մոտ 30 հազարի։ Երկու օրվա ընթացքում թուրքական զորքերը կարողացան վերահսկել ռազմական իրավիճակը։ Օգոստոսի 14-ի արևածագին թուրքական զորքերը սկսեցին երկրորդ «խաղաղության գործողությունը» (Barış Harekatı)։ Օգոստոսի 16-ին թուրքական ռազմական ստորաբաժանումները, դուրս գալով այսպես կոչված «Աթիլայի գիծ», կատարեցին իրենց առջև դրված հիմնական խնդիրը։ Օգոստոսի 18-ին ռազմական գործողությունները դադարեցին․ ավելի քան 1500 հույներ, ինչպես կիպրոսցիներ, այնպես էլ Հունաստանի քաղաքացիներ, անհետ կորած են համարվում 1974թ, ռազմական գործողությունների արդյունքում։

Այպիսով՝ «Կիպրոսի խաղաղության գործողության» անվան տակ Թուրքիան իրականացրեց ինքնիշխան պետության տարածքի 37%-ի բռնազավթում, հույն  բնակչության էթնիկ զտումներ։ Կիպրոս կղզու հյուսիսային և հյուսիարևելյան հատվածների բռնազավթմամբ փաստացի կղզին բաժանվեց երկու մասի։

1976 թ․ սկզբին թուրքական համայնքի ղեկավարությունը միակողմանի կարգով հայտարարեց օկուպացված տարածքում «Կիպրոսի թուրքական դաշնային հանրապետության ստեղծման մասին»։ 1983 թ․-ի նոյեմբերի 15-ին այն հայտարարեց «Կիպրոսից անկախանալու» մասին և ստեղծվեց  Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։

Կիպրոսի ազգագրական առանձնահատկությունները բերեցին նրան, որ 1974-1975 թթ․ ընթացքում գրեթե բոլոր թուրք կիպրացները տեղափոխվեցին թուրքական զորքերի կողմից ռազմակալված հատվածներ Կիպրոսի հյուսիսում, իսկ 200 հազար հույն կիպրոսցիներ ստպված եղան փախչել կղզու հարավ։ Արհեստականորեն կղզում էթնիկ մեծամասնություն ստեղծելու թուրքական քաղաքականությունը նախատեսում էր Թուրքիայից զանգվածային տեղափոխություն դեպի Կիպրոս։ Տեղափոխվածների քանակը կազմում է 80-110 հազար։

                                   Կիպրոսի բնակչության փոփոխությունը 1974թ․-ից ի վեր

Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայից հետո թուրքերի կողմից ոչնչացման է ենթարկվել մշակութային ժառանգությունը, այդ թվում՝ մի շարք հայկական մշակութային հուշարձաններ։ Մասնավորապես, 1974 թ․-ի օկուպացիայից հետո հիմնովին ավերվել է Կիպրոսի հյուսիսային հատվածում գտնվող Մակարավանքը։ ՄԱԿ-ի բուֆերային գոտում են հայտնվել և լքվել են Նիկոսիայի Սուրբ Պողոս և Սուրբ Հարություն մատուռները։

 

                                                         Մակարավանք

2001թ․-ին դատական գործի ընթացքում, որը սկսվել էր 1994 թ․-ին Կիպրոսի Հանրապետության դիմումով 1974թ․-ի ռազմական ներխուժումից հետո անհետ կորած 1491 և տեղահանված 211 հույների առիթով, ՄԻԵԴ-ը ճանաչեց Անկարայի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ խախտումներ։ 2014 թ․ մայիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կայացրեց,  որով Թուրքիան պարտավորվում էր 90 մլն եվրո փոխհատուցում վճարել կղզու հյուսիսում 1974թ․ ռազմական ներխուժման հետևանքների համար։ Անկարան պարտավորվում էր վճարել 30 մլն եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում անհետ կորած անձանց հարազատներին, և 60 մլն եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում Կարպաս թերակղզում ապրող հույն կիպրոսցիներին։ Այս որոշմանը Թուրքիայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն պատասխանել էր«Կիրառվող մեթոդի և միջազգային իրավունքի համատեքստում Թուրքիայի համար պարտադիր չենք համարում դիմել այն պետությանը, որը Թուրքիան չի ճանաչում, և անհրաժեշտ չենք համարում այդ վճարումը կատարել»։

Կիպրոսյան հիմնախնդիրը առ այսօր շարունակում է մնալ չլուծված, հիմնախնդրի խաղաղ կարգավորման և կղզու երկու հատվածների վերամիավորման փորձերը չեն հանգեցրել որևէ արդյունքի։ Այդուհանդերձ, Թուրքիան ակտիվորեն մասնակցել է հիմնախնդրի խաղաղ լուծման որոնման զանազան փորձերին՝ կղզում պահպանելով, սակայն, իր ռազմական ներկայությունն ու շարունակելով բարձրացնել դրա մարտունակությունը։ 2004 թ․ ապրիլի  24-ին կղզու երկու հատվածներում անցկացվեց հանրաքվե՝ «Կիպրոսի Միավորված Հանրապետություն» ստեղծելու համար, սակայն  միավորումը տապալվեց, քանի որ հունական հատվածում բնակչության 76%-ը դեմ քվեարկեց, թեպետ թուրքական հատվածի  67%-ն «այո» ասաց։ Հանրաքվեի նախօրեին թուրքական կառավարությունը ակտիվ աշխատանքներ էր տանում կղզու թուրքական հատվածի բնակչության հետ։ Հետագայում այս փաստը Թուրքիայի կողմից սկսեց օգտագործվել որպես խաղաքարտ ԵՄ-ին անդամակցության բանակցություններում, որի անդամ է հանդիսանում 2004թ․-ից նաև Կիպրոսի Հանրապետությունը։ Էրդողանի կառավարության կողմից ՄԱԿ Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի այդ ծրագրին աջակցելը նպատակ ուներ մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, նախևառաջ՝ եվրոպացիներին, և մեծացնել Թուրքիայի՝ ԵՄ մտնելու շանսերը խաղաղասիրական դիմակի ներքո։

Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջներին՝ Թուրքիան վճռական է իր դիրքորոշման մեջ, իսկ թուրքական զորքերը շարունակում են առ այսօր մնալ Կիպրոսում՝ ապահովելով Թուրքիայի վերահսկողությունը Արևելյան Միջերկրականի սրտում գտնվող կղզու նկատմամբ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ժամանակակից աշխարհում զանազան բանաձևերը, կոչերն ու միջազգային հանրության «ճնշումները»  չունեն իրական պարտադրանքի ուժ, եթե կան հստակ սահմանված պետական շահեր։

Ավելորդ չէ նշել, որ դեռ 1920 թ․ հունվարի 28-ին Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի կողմից կազմված և Թուրքիայի մեջլիսի կողմից ընդունված «Ազգային ուխտի»  քարտեզում Կիպրոսը պատկերված է որպես Թուրքիայի համար կենսական կարևորություն ունեցող տարածքներից, որը պետք է լինի Թուրքիայի կազմում:

 

Ներկայումս  Թուրքիայում գերակա քաղաքական գաղափարախոսությունը՝ իսլամական ազգայնականությունը, որին հարում են խորհրդարանում ներկայացված իշխող կոալիցիայի անդամ կուսակցություններ և առանձին քաղաքական գործիչներ, ենթադրում է Թուրքիայի ռազմաքաղաքական իշխանության հաստատում Օսմանյան կայսրության նախկին տարածքներում, որոնք սահմանակից են ժամանակակից Թուրքիային և այսօր անկախ պետությունների տարածքներ են հանդիսանում (Վրաստան, Հայաստան, Սիրիա, Իրաք, Կիպրոս, Բուլղարիա, Հունաստան և այլն)։ Այս ուղղությամբ Թուրքիան նախաձեռնել է նաև մի քանի ռազմական գործողություններ՝ փաստացի նվաճելով հարևան պետությունների սուվերեն տարածքների նշանակալի հատվածներ (Սիրիայի Ալեքսանդրեթի նահանգ (1938-1939 թթ.), Կիպրոսի հյուսիսային շրջաններ (1974 թ.), Սիրիայի հյուսիսային շրջաններ (2016-2022 թթ.), Իրաք (2007-2022 թթ.)։

                                                                                                                                                              Արփի Մադոյան, թուրքագետ

 


[1] Թուրքիայի Հանրապետության պատմություն, բուհական դասագիրք, Երևան, ԵՊՀ հրատ, 2018, էջ 187։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *