Նոյեմբերի 11-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չվաուշօղլուն հայտարարել է, որ օկուպացված Հյուսիսային Կիպրոսը դարձել է Թյուրքական պետությունների կազմակերպության դիտորդ պետություն։ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունն (ՀԿԹՀ) ընդունվել է որպես Թյուրքական պետությունների կազմակերպության դիտորդ անդամ։ Մենք ՀԿԹՀ-ի կողքին կլինենք ամենուր և միշտ»,- Twitter-ում գրել է Մևլութ Չավուշօղլուն։
Չնայած այն փաստին, որ Թուրքիան միակ պետությունն է, որ ճանաչում է 1984 թվականին ստեղծված ՀԿԹՀ-ն, այն չի հրաժարվում իր ջանքերից՝ աշխարհի տարբեր երկրներին ստիպելու ճանաչել Հյուսիսային Կիպրոսը։ «Քայլ առ քայլ… Դա նույնպես կլինի»,- նոյեմբերի 10-ին Թյուրքական պետությունների կազմակերպության՝ Ուզբեկստանում կայացած հանդիպման ժամանակ ասել է Չավուշօղլուն։
ԵՄ-ն հերթական անատամ հայտարարությունն է տարածել, որում ասվում է.
«Եվրամիությունը մերժում է Թուրքիայի հայտարարությունները՝ Կիպրոսի թուրքերի անջատողական կազմավորումը, այսպես կոչված, միջազգայնորեն չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» որպես դիտորդ Թյուրքական պետությունների կազմակերպությունում ընդունելու մասին։ Առանց կազմակերպության անդամների վավերացման կայացված այս որոշումը ցավալի է և հակասում է այն փաստին, որ կազմակերպության մի քանի անդամներ հստակ աջակցություն են հայտնել տարածքային ամբողջականության սկզբունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը»:
Այլ քայլեր, բնականաբար, չեն հաջորդել։ Այսպիսով, երբ հարցը վերաբերում է պետական շահերին, Թուրքիային բնավ չի հետաքրքրում, թե ինչն է ԵՄ-ի կամ, այսպես կոչված, միջազգային հանրության համար «ցավալի»։ Ճիշտ այնպես, ինչպես չէր հետաքրքրում 1974 թվականին, երբ վերջինս օկուպացնում էր Հյուսիսային Կիպրոսը։ Իսկ ԵՄ՝ արդեն տասնամյակներ ձգվող անատամ հայտարարությունները վառ օրինակ են այն բանի, որ թուրքական սպառնալիքի առաջ դրանք ոչ մի անվտանգային երաշխիք չեն տալու ագրեսիայի զոհ հանդիսացող երկրներին։