Նորություններ

Ո՞վ է կանգնած «Հյուսիսային հոսքից» գազի արտահոսքի հետևում

29 / 09 / 2022

Օրերս հայտնի դարձավ «Հյուսիսային հոսքից» գազի խոշոր արտահոսքի մասին։ «Հյուսիսային հոսքը» Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանից դեպի Գերմանիա ձգվող զույգ խողովակաշարի անունն է, որը ներառում է «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերը, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին բաղկացած է 1200 կիլոմետրանոց նավթամուղից։ «Հյուսիսային հոսք-2»-ի աշխատանքները Գերմանիայի կողմից կանգնեցվել էին ռուս-ուկրաինական զինված հակամարտության մեկնարկի հետ մեկտեղ, իսկ «Հյուսիսային հոսք 1»-ինը՝ օգոստոս ամսից՝ Ռուսաստանի կողմից։

Գազի արտահոսքերի հետ կապված ամենակոշտ և հասցեական արձագանքը հնչեց Ուկրաինայից․ նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն արտահոսքը որակել է իբրև Ռուսաստանի կողմից ծրագրված ահաբեկչություն։

Եվրոմիությունը տեղի ունեցածը որակել է որպես սաբոտաժ, սակայն հասցեական մեղադրանք Ռուսաստանի հասցեին չի հնչեցրել։ Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը թվիթերում գրել է, որ եթե պարզվի, որ արտահոսքը կանխամտածված էր, դա կհանգեցնի «ամենաուժեղ հնարավոր պատասխանին»:

ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը ևս ուղղակիորեն չի մեղադրել Ռուսաստանին՝ ասելով, որ ոչ ոքի շահերից չի բխի, եթե պարզվի, որ արտահոսքը դիտավորյալ է հարուցվել։ Նա նաև շեշտել է, որ կարծում է, որ արտահոսքը «էական ազդեցություն չի ունենա Եվրոպայի էներգետիկ ճկունության վրա»։

Ինչ վերաբերում է ՌԴ նապագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին, վերջինս ասել է, որ չափազանց անհանգստացած է արտահոսքի կապակցությամբ՝ հավելելով, որ չի կարելի բացառել կանխամտածված հարձակման հավանականությունը։

Այս զգուշավոր և անուղղակի մեղադրանքների ֆոնին աչքի է ընկել Լեհաստանի արտաքին գործերի նախկին նախարար, ներկայումս Եվրոպառլամենտում ԵՄ-ԱՄՆ պատվիրակության նախագահ Ռադեկ Սիկորսկին, որն իր թվիթերյան հարթակում հրապարակել է արտահոսքի լուսանկարը՝ գրելով «շնորհակալություն, ԱՄՆ»։ Գրառմանն արձագանքել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ տեղեկացնելով, որ «Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջել «Հյուսիսային հոսք 1»-ի և «Հյուսիսայինհոսք 2»-ի դեմ սաբոտաժի վերաբերյալ։ Տեսնենք, թե ով ում շնորհակալություն կհայտնի այս հանդիպման ժամանակ»։

Այսպիսով՝ Ռուսաստանի և հավաքական արևմուտքի միջև պրոքսի պատերազմը շարունակվում է ամբողջ թափով՝ ներառելով բոլոր ոլորտները՝ էներգետիկից մինչև տնտեսական և ռազմական։ Միևնույն ժամանակ դժվար է մեծ հույսեր փայփայել առ այն, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որևէ կերպ լուծում կտա «Հյուսիսային հոսքի» արտահոսքերի մասին փոխադարձ մեղադրանքներին և կլուծի Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցը, հատկապես այն դեպքում, երբ իր գլխավոր առաքելությունը՝ համաշխարհային խաղաղության երաշխավորումը ՄԱԿ-ն արդեն իսկ ակնհայտորեն տապալել է։

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *