Անցնող տարին լի էր կորուստներով ՝ թե՛ բարոյական, թե՛ նյութական: Եվ չնայած դեմքը գրեթե կորցրած պետության կարգավիճակին ու գրեթե քանդված պետականությանը՝ հայը ոչ պետական մակարդակում չի դադարել դրսևորել տարատեսակ տաղանդների բնատուր օժտվածությունը: Եվ այսպես, «Հայկական ալիքը» ներկայացնում է Հայաստանի ոչ պետական նվաճումները 2022 թվականին:
- Այս տարվա մայիսին Բուխարեստում տեղի ունեցած բազկամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Հայաստանի հավաքականի առաջատար, 65 կգ քաշային կարգում Աշոտ Ադամյանը հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և 8-րդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն: Կիսաեզրափակչում էլ Ադամյանը հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցչին, որը դարձել է երրորդ մրցանակակիր։
- Հայաստանի հաշմանդային սպորտի ներկայացուցիչներն այս տարի 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունում, այնուհետև Ծաղկաձորում անցկացվել են հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղերը, իսկ հոկտեմբերին Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը: Երկու օրվա հանրագումարում հայ մարզիկներին հաջողվել է նվաճել 8 մեդալ՝ 4 ոսկե և 4 բրոնզե:
- 2022 թվականին կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում փայլուն հաղթանակ է տարել և միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացրել է Արթուր Վահրամի Դավթյանը:
- Բլից շախմատի մրցաշարում Եվրոպայի բրոնզե մեդալակիր է դարձել Շանթ Սարգսյանը:
- Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչները շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ են նվաճել:
- Դեկտեմբերի 9-ին Գորիս քաղաքում տեղի ունեցավ «Որոտան» միջազգային փորձագիտական ֆորումը՝ նվիրված միջանցքների և կոմունիկացիաների թեմային, ինչպես նաև նոր դարաշրջանում տեղեկատվական անվտանգության խնդիրներին։ Հայ փորձագետներից զատ, ֆորումին մասնակցել են նաև փորձագետներ Ռուսաստանից, Իրանից և Հնդկաստանից։ Ֆորումի անցկացման վայրը խորհրդանշական էր, քանի որ մեր շահակից և դաշնակից պետությունները, ինչպես և ֆորումի կազմակերպիչներից «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության հիմնադիր կազմը, գիտակցում են Սյունիքի աշխարհաքաղաքական կարևորությունը` որպես միջմշակութային հանգույց և տարածաշրջանային շահերի բախման կետ։
Բացասականի ստվերի տակ մնացած այս թեև սակավաթիվ, բայց դրական իրադարձությունները հույս են ներշնչում, որ ինչպես կարողանում ենք սպորտի, գիտության ասպարեզներում գետնել թշնամուն, այնպես էլ մի օր կջախջախենք ռազմադաշտում և կկարողանանք վերազատգրել ժամանակավորապես օկուպացված մեր հողերը: Իսկ թշնամուն հաղթելու ճանապարհին առաջին և կարևորագույն քայլը թուրքական լծի թոթափումն է Հայաստանի ներսում և ազգային իշխանության կազմավորումը:
Հեղ.` Մարիամ Մարգարյան