Բացատրագիր, Մշակույթ և սպորտ

Նիզամի Գյանջևի (Գանձակեցի)

13 / 11 / 2022

Նոյեմբերի 3-ին Մոսկվայի խոշորագույն համալսարաններից մեկի` Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի բանասիրության ֆակուլտետում բացվեց ադրբեջանական գրականության լսարան` Նիզամի Գյանջևիի (Գանձակեցու) անունով: Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանցիները շահարկում են Նիզամիի անունը: Նրա դերը ադրբեջանցիների համար նույնն է, ինչ Պուշկինի դերը ռուսների կամ Թումանյանի դերը հայերի համար. նրա անվամբ Ադրբեջանում կոչում են պետական պարգևներ, նամականիշներ, մետրոպոլիտենի կայարաններ, այգիներ, փողոցներ, նրա պատվին հուշարձաններ են կանգնեցվում և նույնիսկ դամբարան է կառուցվել, որը նախագծողներից մեկը, բախտի քմահաճույքով, հայազգի Ա. Սարկիսովն է: Հիմա էլ հերթը հասել է Ռուսաստանին և այն բուհին, որտեղ նաև մեծ թվով հայեր են սովորում:

Ինչպե՞ս է ստացվել, որ 12-րդ դարի պարսկական խոշորագույն պոետներից մեկը, որը դեռ կյանքի օրոք է վայելել փառք իր ժամանակակիցների շրջանում, սկսեց անվանվել ադրբեջանական:

Ո՞վ է Նիզամի Գյանջևին (Գանձակեցին)

Նիզամի Գյանջևին (Գանձակեցին)  պարսկական մեծագույն պոետ-ռոմանտիկներից է, որը անգնահատելի ավանդ է ունեցել պարսական էպիկ գրականության մեջ: Նա արևելյան գրականություն ներմուծեց ռեալիստական ոճը և խոսակցական լեզուն: Նրա բանաստեղծություններն արտասանել են պարսից շահերը, իսկ փիլիսոփայական աշխատություններն ուսումնասիրել են տարբեր երկրների գիտնականներ: Նա ծնվել է 12-րդ դարում Գանձակ քաղաքում, որն այդ ժամանակ գտնվում էր պատմական Արան (Առան) երկրամասում:

Ո՞վ է ծագմամբ Նիզամի Գյանջևին (Գանձակեցին) և ի՞նչ լեզվով է նա ստեղծագործել

Տարածքը, որտեղ ծնվել է Նիզամին, կոչվում էր Արան և կառավարվում էր ղփչաղ աթաբեկների կողմից: Բուն պատմական Ատրպատականը գտնվել և գտնվում է Արաքս գետից հարավ, որտեղ Նիզամին երևէ չի ապրել: Նիզամիի հայրը` Յուսուֆ իբն Զաքին ազգությամբ պարսիկ էր, որը Գանձակ էր եկել Կումայից (Կենտրոնական Իրան): Բանաստեղծի մայրը` Ռաիսան, նույնպես իրանական ծագում ուներ և Նիզամիի հավաստմամաբ, քուրդ ցեղապետի աղջիկն էր:

Նիզամին ստեղծագործել է բացառապես մայրենի ֆարսիով, նրա ստեղծագործություններից ոչ մեկում չեն հիշատակվում ադրբեջանցիները և ադրբեջաներենով տող անգամ չկա: Նիզամիի օրիգինալ ստեղծագործությունները կարող են կարդալ տաջիկները կամ պարսիկները, բայց ոչ ադրբեջանցիները: Նիզամիին Ադրբեջան պետության հետ կապող միակ բանը նրա հայրենի քաղաք Գանձակն է, որն այժմ գտնվում է այդ պետության տարածքում: Մայակովսկին, օրինակ, ծնվել է Վրաստանում, բայց դա չի նշանակում, որ նա վրացի բանաստեղծ է: Եվ սա դեռ այն պարագայում, որ վրաց պետությունը եղել է 12-րդ դարում, իսկ Ադրբեջան հորջորջյալն անգամ չի էլ հիշատակվել այդ ժամանակաշրջանում:

Ինչու՞ է Արանում ծնված բանաստեղծը, որի հայրը պարսիկ էր, իսկ մայրը` քուրդ և որը գրել և խոսել է պարսկերեն, անվանվում ադրբեջանական, մինչդեռ ողջ աշխարհում նրան ճանաչում են որպես պարսիկ բանաստեղծի

Սկսենք նրանից, որ 20-րդ դարի սկզբին Բաքվում ոչ ոք չէր էլ իմանա, եթե մեկին փողոցում անվանեին ադրբեջանցի: Այն ժամանակ նրանք իրենց կոչում էին պարզապես մուսուլմաններ կամ անդրկովկասի թաթարներ: Երկրորդը, ոչ ոք չէր ճանաչի Նիզամի Գյանջևիին (Գանձակեցուն), եթե նրա մասին հարցնեին: Ծայրահեղ դեպքում միայն քչերը կիմանային, որոնք իրենց հերթին կասեին, որ ճանաչում են նման բանաստեղծի, որն ազգությամբ պարսիկ է և թաղված է Գյանջայում (Գանձակում):

Նիզամիի «ադրբեջանականացումը» սկսվել է 20-րդ դարի 30-ականներին` ի շնորհիվ խորհրդային իշխանությունների, որոնց ժամանակ էլ ի հայտ եկավ «ադրբեջանցի» կոչված ազգությունը: Նոր ազգությունը կարիք ուներ պատմության և մշակույթի: Անդրկովկասի թաթարներին ամենից մոտ էր իրանական մշակույթը և ընդհանուր շիայական հավատը:  Եթե Նիզամիի` «Խոսրով և Շիրին» պոեմի նախաբանում 1935 թ. թարգմանիչ Եվգենիյ Դունայեվսկին գրում էր, որ պարսիկ դասականների շարքում Նիզամին ռոմանտիկ պոեզիայի ամենավառ ներկայացուցիչն է, ապա արդեն 1938 թ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թեթև ձեռքով Նիզամիի 800-ամյակին նա հռչակվեց որպես ադրբեջանական փայլուն բանաստեղծ: Իսկ ևս մեկ տարի անց` 1939 թ. մեծ սովետական հանրագիտարանն առաջին անգամ հռչակեց Նիզամիին որպես ադրբեջանական մեծագույն բանաստեղծ` մոռանալով, որ նա միակ ժողովրդական բանաստեղծն է, որը տող անգամ չի գրել ադրբեջաներեն: Փոխարենը «Խոսրով և Շիրին» պոեմում կա հայ հերոսուհի` գեղեցկուհի Շիրինը:

Ինչու՞ է լռում Իրանը

Իրանը լռում է մեծմասամբ կրոնական պատճառներով: Այն կրոնապետական երկիր է, որի ղեկին գտնվում են մարդիկ, որոնք համարում են ադրբեջանցիներին մոտ կանգնած իրենց կրոնական տեսանկյունից: Չէ՞ որ իսլամում չկան ազգություններ, իսկ շիայական իսլամում` առավել ևս: Սակայն օրերս իրանական «Սահար ազերի» ալիքի հաղորդավարները, պատասխանելով ադրբեջանական «Xəzər» ալիքի հաղորդավարուհու սադրանքին, որում նա պարսկերենով ողջունում էր «Արաքս գետի երկու ափերին բնակվող ադրբեջանցիներին և Հարավային Ադրբեջանը», ողջունեցին «Իրանի հավերժական և անսահման հողերն» ու այդ թվում Գանձակը` մեջբերելով բանաստեղծ Նիզամի Գյանջևիին (Գանձակեցուն):

Էլեոնորա Սարգսյան

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *