Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը հանձնում է ինքնիշխանությունը

24 / 09 / 2023

ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ստի և մանիպուլյացիաների հերթական խմբաքանակն է արտանետել տեղեկատվական դաշտ։ Հայկական ալիքը ստորև մանրամասն կներկայացնի, թե ինչու և ինչպես է դե-ֆակտո վարչապետը ստում։

1․ Ն․ Փաշինյանը պատասխանատվության վեկտորն ուղղում է Ադրբեջանի և ռուսական խաղաղապահ զորակազմի ուղղությամբ՝ իրեն ներկայացնելով որպես իրավիճակի զոհ։ Ադրբեջանի ցեղասպան պետություն լինելն ու Ռուսաստանի գործուն անտարբերությունն իրենց իսկ հեղինակության և տեղի ունեցող վայրագությունների պայմաններում Արցախի հայության հանդեպ անհերքելի են, սակայն սա ճշմարտության միայն մի փոքր մասն է։ Իրականությունն այն է, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները, լավ իմանալով, որ Ադրբեջանը պատրաստվում է Արցախում իրականացնել էթնիկ զտում, ոչ միայն ոչինչ չեն արել դա կանխելու համար, այլև ամեն կերպ նպաստել, ռուսական կողմին ակնհայտ սադրող քայլերով են հանդես եկել, մի քանի լալահառաչ ելույթներից բացի՝ չեն կիրառել ոչ մի իրական ջանք արևմտյան երկրներից գործուն աջակցություն ստանալու համար և այս ամենին զուգահեռ հայտարարություններով և քայլերով օգնել են Բաքվի ռեժիմին մաքուր դուրս գալու այնպիսի հանցագործության տակից, որպիսին էթնիկ զտումն է։ Հիշեցնենք որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, ի պաշտպանություն իր երկրի հանդեպ հնչած մեղադրանքներիղ, մեջբերել էր հենց Ն․ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ Արցախում էթնիկ զտման վտանգ չկա և հրադադարի ռեժիմը պահպանվում է։ Հիշեցնենք նաև, որ բացի Արարատ Միրզոյանի՝ «կուսական նեղացվածությամբ» դահլիճը լքելուց և դրանով ներքին լսարանում մի քանի լայք ավել հավաքելուց՝ այդ նիստը Հայաստանին և Արցախին վնասից զատ՝ ոչինչ չտվեց․ չընդունվեց ոչ մի բանաձև, ինչը դիվանագիտական լիակատար ձախողում էր։

 2. Փաշինյանը ինքն իրեն հայտարարում է ինչ-որ մտացածին շարժման առաջնորդ, որն իբր թե Հայաստանի ինքնիշխանության համար է և խոսում է ինքնիշխան Հայաստանի ու վախվորած ծայրագավառի մասին։ Հիշեցնում ենք, որ սույն անձի «Արցախը Հայաստան է և վերջ» վանկարկումից մինչև Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը ընադմենը մի քանի տարի է անցել։ Այս անգամ արդեն Հայաստանի ինքնիշխանության դրոշի ներքո պետականաքանդ այս տարրը Հայաստանի Հանրապետությանը մոտ ապագայում անպայմանորեն կանգնեցնելու է ողբալի երկնտրանքի առաջ՝ դառնալ թուրքական վիլայեթ, թե ռուսական գուբերնիա։ Ընդ որում՝ ընտրություն կայացնողն այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի լինելու։ Այսպիսով՝ Ն․ Փաշինյանը լիովին գիտակցելով իր քայլերի աղետալի հետևանքը Հայաստանը դարձնում է մեծ տերությունների բախման գոտի, ինչի հետևանքով առանց այդ էլ վերջին տարիներին իր գործուն ջանքերով հյուծված Հայաստանը լավագույն դեպքում արժանանալու է Սիրիայի ճակատագրին, իսկ ավելի հավանական է, որ ի սպառ վերանալու է աշխարհի քարտեզից։

3. Փաշինյանը մեկ օրվա տարբերությամբ ասում է, որ Հայաստանը Արցախի հայերի տեղահանման պլաններ չունի և որ Հայաստանը կընդունի Արցախի հայերին։ Տողատակն այստեղ շատ հստակ է. Հայաստանը կրկին կրավորական դիրքով է հանդես գալիս։ Այսինքն՝ եթե արցախցիներն ինչ-որ հրաշքով դուրս գան Արցախից, ապա Հայաստանը նրանց հետ չի ուղարկի։ Մինչդեռ կապույտ անձնագրով ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքն ու ՀՀ -ի հետ կայուն ցամաքային կապը Հայաստանի կառավարության ուղիղ պատասխանատվության տակ է։ Այսինքն՝ այս հայատարարությունը ևս մաքուր մանիպուլյացիա է։

ՀՀ դե-ֆակտո իշխանությունները, Ն․ Փաշինյանի գլխավորությամբ, տանում են Արցախի հայերին ցեղասպանության, իսկ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը հանել են աճուրդի՝ հրավիրելով մեծ տերություններին իրենց հարցերը պարզել Հայաստանում՝ հայ մարդու և հայկական պետականության վերջին փշրանքների հաշվին։

 

Related Posts