Անվտանգություն, Բացատրագիր

Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի

18 / 12 / 2023

Ադրբեջանում մի շարք հայտարարություններ և իրադարձություններ վկայում են այն մասին, որ այս երկրի իշխանությունները պատրաստվում են Հայաստանի դեմ նոր ագրեսիայի։

Օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ հանրապետության իշխանությունները քրեական պատասխանատվություն են սահմանում զինված ուժերի անձնակազմի և ռազմական տեխնիկայի տեղաշարժի կամ տեղակայման մասին տեղեկությունների տարածման համար։ Նման տեղեկատվության հրապարակումը ենթակա է քրեական պատասխանատվության՝ մինչև 8 տարվա ազատազրկման։ Ի դեպ, այս հանրապետության հատուկ ծառայությունները լրատվամիջոցներին և բլոգերներին պահանջ են ներկայացրել չհրապարակել ադրբեջանական զորքերի տեղաշարժը 2023 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Արցախի վրա հարձակումից երկու շաբաթ առաջ։

Միևնույն ժամանակ, պետք է ուշադրություն դարձնել Ադրբեջանի ռազմական ծախսերի աճի դինամիկային։ Մասնավորապես, 2020 թվականին Բաքուն Պաշտպանության նախարարության ֆինանսավորումն ավելացրել էր 20%-ով՝ հասցնելով 2,26 մլրդ դոլարի։ Դրան հետևել էր 2020 թվականի հարձակումն Արցախի վրա։ 2021 թվականին Ադրբեջանը կրկին ավելացրեց ռազմական ծախսերը՝ մինչև 2,7 միլիարդ դոլար, ակնհայտ էր, որ Բաքուն նոր տեխնիկա էր գնում՝ լրացնելու 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական ուժերի կողմից ոչնչացվածը, և պատրաստվում նոր ագրեսիայի։ 2022 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը կրկին աճել էին՝ այս անգամ մինչև 2,96 միլիարդ դոլար։ Այնուհետեւ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, մասնավորապես Ջերմուկի ուղղությամբ լուրջ առաջխաղացումներ ունենալով։ 2023 թվականին Ադրբեջանը բանակի վրա ծախսել է ավելի քան 3,1 միլիարդ դոլար՝ այնուհետև հարձակվելով Արցախի վրա և ստիպելով ավելի քան 100 հազար արցախցիների լքել իրենց տները։ 2024 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերն էլ ավելի են աճելու՝ հասնելով 3,78 միլիարդ դոլարի։

Ուշադրություն է գրավում նաև Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հռետորաբանությունը, ով բացահայտ հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը լուծել է ուժի կիրառմամբ։ Նաև Ադրբեջանի իշխանությունները չեն հրաժարվել Սյունիքում «միջանցք» տրամադրելու պահանջից և 300 հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու ծրագրից։

Այս ամենը հուշում է, որ խաղաղության մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան կեղծ շղարշ, իսկ Ադրբեջանի մտադրություններն ու մեթոդներն անփոփոխ են՝ բռնությամբ զավթել Հայաստանի տարածքը։

Կովկասագետ Կարեն Իգիթյան

 

Related Posts