Նորություններ

Ադրբեջանից կրկին սպառնացել են Հայաստանին

08 / 07 / 2022

Հուլիսի 8-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության Հեյդար Ալիևի անվան ակադեմիայում կուրսանտների ավարտական միջոցառման ժամանակ անվտանգության ծառայության ղեկավար գեներալ-գնդապետ Ալի Նաղիևն իր ելույթում նշել է, որ Արցախյան երրորդ պատերազմից հետո հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի նախաձեռնած «վճռական քայլերին», պետության ղեկավարի «խաղաղության կոչերին» ի պատասխան ՝ «հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշումը, անհիմն հավակնությունները և հայտարարությունները, որոնք վնասում են բանակցությունների ոգուն, ափոսոանք են առաջացնում և գնահատվում են որպես գործոն, որը կարող է ազդել տարածաշրջանի հետագա անվտանգության վրա»։ Նա ասել է․ «Ինչպես նշել է երկրի նախագահը, Հայաստանի ռևանշիստական փորձերը վճռականորեն կկասեցվեն»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2022 թ․ հունիսի 27-ին Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Քարվաճառում զորամասի բացման ժամանակ սպառնացել էր․ «Եթե Հայաստանը սահմաների որոշման հարցում կրկին դիմի իր մարտավարությանը՝ փորձելով ժամանակ ձգել, ապա արդյունքում դրա համար ինքը կզղջա: Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում գլուխ բարձրացնող ռևանշիստական ուժերին»։ Իսկ հուլիսի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամայել էր զինվորականներին «պատրաստ լինել ցանկացած պահի կանխելու հայկական ռևանշիստական ուժերի սադրանքները»։ Այս հարցում իր «փոքր եղբորը» լայն աջակցություն է հայտնում նաև Թուրքիան։ Ըստ թշնամական երկրի արտգործնախարարի՝ ներքաղաքական ճնշումները թույլ չեն տալիս ՀՀ դե-ֆակտո իշխանությանը «համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ»։

Անհրաժեշտ է արձանագրել, որ ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից ՀՀ անվտանգության և ինքնիշխանության դեմ այս ակնհայտ սպառնալիք պարունակող հայտարարությունները և միջամտությունը ՀՀ ներքին գործերին անպատասխան են մնում ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից։ Այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ թե՛ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների, թե՛ մեր թշնամիներ Ադրբեջանի և Թուրքիայի թիրախում են հայտնվում միևնույն ուժերը՝ գալիս ենք ներկա վարչակարգի՝ դե-ֆակտո կոլաբորացիոնիստական լինելու եզրահանգմանը։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *