Նորություններ

ԵՄ նոր երկարաժամկետ առաքելություն Հայաստանում

23 / 01 / 2023

Եվրամիության խորհուրդը հաստատել է նոր երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում:

Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, ձևավորել վստահություն գետնի վրա և ապահովել բարենպաստ միջավայր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ԵՄ կողմից աջակցվող ջանքերին:

«ԵՄ առաքելության հաստատումը Հայաստանում ազդարարում է Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավվածության նոր փուլը։ ԵՄ-ն շարունակելու է աջակցել լարվածության նվազեցման ջանքերին, և աշխատել երկու կողմերի հետ` տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման վերջնական նպատակով»,- հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Հաղորդագրության մեջ հայտնվում է, որ առաքելությունը իրականացնելու է սովորական պարեկություն և զեկուցելու է իրավիճակի մասին, ինչը կամրապնդի ԵՄ-ի ըմբռնումը տեղում իրավիճակի վերաբերյալ: Առաքելության նախնական մանդատը կլինի 2 տարի և դրա օպերատիվ շտաբը կլինի Հայաստանում:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Հայաստան էր ժամանել ԵՄ տեխնիկական գնահատման խումբը՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ՝ Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար:

Հիշեցնենք, որ ԵՄ նախորդ՝ երկամսյա առաքելությունը իր գործունեությունը Հայաստանում ավարտեց դեկտեմբերի 19-ին: Առաքելութան՝ Հայաստանում գտնվելու ընթացքում Ադրբեջանը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը, իսկ առաքելությունը զբաղված է եղել դրանց «արձանագրմամբ» և Բրյուսելին զեկուցելով։ Մինչ օրս հայտնի չէ, թե ի՞նչ առարկայական փոփոխություններ են տեղի ունեցել  նախորդ առաքելության գործունեության արդյունքում և ի՞նչ եզրահանգման եկավ արդյունքում Բրյուսելը, որ հիմա էլ դե-ֆակտո իշխանությունները, ի հեճուկս դաշնակից Ռուսաստանի ակնհայտորեն ոչ բարեհաճ դիրքորոշմանը, այդքան ջերմեռանդորեն պայքարում էին նոր՝ երկարաժամկետ առաքելության համար։ Արդյո՞ք սրա նպատակը Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի թունավորումն ու Հայաստանից ռուսական գործոնի վերջնական դուսմղումը չէ։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *