Հայաստանի սահմանի մոտակայքում՝ Կարսում, մեկնարկել են «Ձմեռ-2023» զորավարժությունները, որոնք կտևեն մինչև փետրվարի 2-ը։ Զորավարժություններին մասնակցում են Թուրքիայի և 8 երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի զինված ուժերը։ Զորավարժությունները անցկացվում են Թուրքիայի ԶՈՒ՝ Հայաստանի ուղղությամբ գործող 3-րդ դաշտային բանակի 9-րդ կորպուսի 14-րդ մեքենայացված հետևակային բրիգադի բազայում։
Զորավարժություններին մասնակցող Կոսովոյի պաշտպանության նախարարը իր սոցցանցերում գրել է․ «Զորավարժության նպատակներն են համատեղ գործողություններում համագործակցության և համակարգման ապահովումը, զորքերի մարտական հմտությունների փորձարկումը, կրակի և մանևրի սինխրոնիզացման բարձրացումը, զորքերի ուսուցումը հիմնական հարցերի շուրջ, ինչպիսիք են տեղակայումը, սննդի սպասարկումը, հագուստը և մատակարարումը»:
Հիշեցնենք, որ «Եղբայրական բռունցք» անունը կրող վերջին թուրք-ադրբեջանական զորավարժությունները անցկացվել էին դեկտեմբերի սկզբին Իրանի սահմանին՝ Բաքվի, Աստարայի, Ջրականի (Ջաբրայիլ) և Իմիշլիի շրջաններում և կրում էին ընդգծված հակահայկական և հակաիրանական բնույթ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան 2022թ․-ին 12 համատեղ զորավարժություն են անցկացրել, այսինքն` միջին հաշվարկով ամեն ամիս։ Թշնամական տանդեմը ակտիվորեն պատրաստվում է «Հայաստանից և Իրանից եկող սպառնալիքին դիմագրավելուն»։ Այս համատեքստում հիշեցնենք, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները՝ վարչապետի գլխավորությամբ, հաջողությամբ տապալեցին Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը, չեն նախաձեռնում համատեղ վարժանքներ Իրանի հետ, մինչդեռ թշնամին շարունակվում է զինվել ու կատարելագործել զինվորական անձնակազմի հմտությունները՝ իսկապես վերածվելով մեկ բանակի։