Նորություններ

Արցախում 9 նախարար ազատվել է պաշտոնից

23 / 11 / 2022

Ռուսաստանցի հայ գործարար Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելուն հաջորդող պրոցեսները երկար սպասեցնել չտվեցին։ Արդեն այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարոթյունյանի հրամանագրով 9 նախարարներ ազատվել են աշխատանքից։ Նրանց թվում են Հայկ Խանումյանը, Նորայր Մուսայելյանը, Միքայել Հայրիյանը, Անահիտ Հակոբյանը, Արմինե Պետրոսյանը։ Մի քանի նախարարներ էլ ազատվելով նախարարի պաշտոնից նշանակվել են նախարարի պաշտոնակատար՝ ենթադրվում է, որ մինչև համապատասխան փոխարինող գտնելը։ Նրանց թվում են Ժիրայր Միրզոյանը, Դավիթ Բաբայանը, Արամ Սարգսյանը, Վահրամ Բաղդասարյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռուբեն Վարդանյանը պատրաստակամություն էր հայտնել Արցախի անունից Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններ վարելու։ Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանն էլ իր հարցազրույցում ասել էր, որ բանակցությունների միակ ընդունելի ձևաչափն Արցախի համար միջազգային միջնորդների առկայությունն է, ինչն ապահովում էր Մինսկի խմբի ձևաչափը: Այժմ Դավիթ Բաբայանն արդեն ոչ թե արտգործնախարար է, այլ նախարարի պաշտոնակատար, և ենթադրվում է, որ շուտով կհեռանա այդ պաշտոնից ևս։

Այսպիսով, քաղաքական կրքերն Արցախում շարունակվում են, և հաշվի առնելով այն փաստը, որ Արցախի իրավունքների պաշտպանությունը լիովին դուրս է մղվել ՀՀ դե-ֆակտո իշխանությունների օրակարգից, քաղաքական տուրբուլենտությունն իր հերթին կարող է վտանգավոր շրջադարձի բերել արցախահայությանը։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *