Վերլուծություն

«Բանակից ազատվելու» օրենքի անարդար ու հակապետական կողմերը

27 / 08 / 2022

Օրերս ՀՀ դե-ֆակտո կառավարությունն առաջարկել է օրենքի փոփոխություն, որ նախատեսում է վճարով «բանակից ազատում»։ Ըստ փաստաթղթի՝ 4.5 ամիս զինծառայության ուսումնական փուլն ավարտելուց հետո զորակոչիկը կարող է, 24 մլն դրամ վճարելով, «ազատվել» հետագա պարտադիր զինծառայությունից։

Օրենքի փոփոխության նախագծի մասին խոսելով՝ ՀՀ և Արցախի ռազմական գործիչ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար և ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը տարակուսանք է հայտնել, որ ի շարս բարոյալքիչ էֆեկտի, որ ունենալու է նմանօրինակ օրենքը, խնդրահարույց է նաև ընտրված 4.5 ամիս ժամկետը, քանզի պարտադիր զինծառայության ընթացքում ուսումնական փուլը տևում է 6 ամիս։

Պահեստազորի փոխգնդապետ, անվտանգության հարցերով ԱՀ նախագահի նախկին խորհրդական, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, հերքելով դե-ֆակտո իշխանությունների կեղծ փաստարկները, թե իբր այս օրենքի իրագործումը թույլ է տալու բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձը, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բյուջեից սնվող մեծ թվով կառույցներում հսկայական պարգևավճարային ֆոնդեր են գործում, իշխանությունը բյուջետային գումարները ըստ առաջնահերթությունների չի գործածում, գործածած ժամանակ էլ աշխատում է խիստ անարդյունավետ, իսկ երկրի համար ծանր ժամանակներում հսկայական բեռ ու ծանրություն կրող պայմանագրային զինծառայողների համար, պարզվում է, գումար չկա։ Տ․ Աբրահամյանը հերքում է նաև այն սուտը, թե իբր սա թույլ կտա կանխել արտագաղթը, քանզի երկրից գնացողների կամ քաղաքացիություն փոխողների գլխավոր մտավախությունը տարբեր ժամկետներով հավաքներն են և հնարավոր մարտական գործողությունները, որի դեպքում պահեստազորի համապատասխան խմբերում, կարգերում ընդգրկվածները զորակոչվում են ու մեկնում պատերազմ։ «Ինչ վերաբերվում է նախաձեռնության «հակակոռուպցիոն» բնույթին, ապա դրա դեմ պետք է պայքարել վերահսկողության ուժեղացման և օրենսդրական բացերը լրացնելու ճանապարհով»,- եզրափակել է պատգամավորը։

Նշենք, որ ՀՀ դե-ֆակտո վարչախումբն իշխանության գալու օրվանից բանակը թուլացնելու ուղղությամբ հետևողական քաղաքականություն է վարել։ 2018 թ․-ի «հեղափոխությունից» անմիջապես հետո հետապնդումների ենթարկվեցին Արցախյան առաջին պատերազմի հաղթած հրամանատարներն ու գեներալները։ Սա ազդեց բանակի մարտունակության վրա։ Արդեն 2018 թ․-ին ՀՀ դե-ֆակտո իշխանության կողմից հայտարարվեց, որ «հեղափոխության» հաղթանակը կարևոր էր Արցախյան պատերազմում հաղթանակից։ Սաբոտաժի ենթարկվեց և չիրագործվեց բանակի վերազինման պլանը, որ ներառում էր ժամանակակից ՀՕՊ, ՌԷՊ միջոցների և հազարավոր ԱԹՍ-ների ձեռքբերում։ Դրանից զատ՝ բանակում սկսվեց կադրային ջարդ։ Պատերազմի նախօրեին միայն ԳՇ պետերը փոխվեցին 3 անգամ, այլ հրամանատարական դիրքերում նշանակվում էին ոչ փորձառու անձինք։ Այս ամենը բացասական կնիք թողեց 2020 թ․-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում մեր բանակի մարտունակության վրա։

ՀՀ դե-ֆակտո վարչապետի վարչախումբը ներկայումս փորձում է պատերազմում պարտությունը որպես լեգիտիմ պատճառ ներկայացնել բանակի հետագա ոչնչացման համար՝ մատուցելով դա որպես «բարեփոխում»։ Ուշագրավ է, որ ՀՀ դե-ֆակտո վարչապետի և նրա թիմի այս քաղաքականությունը համահունչ է թշնամական Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի պնդումներին, որ Հայաստանը չպետք է բանակ ունենա։ Այսպես՝ ՀՀ դե-ֆակտո վարչապետն արդեն հայտարարել է, որ ժամկետային զինծառայության տևողությունը կրճատվելու է։ Այդ հայտարարությանը համահունչ՝ որպես առաջին քայլ՝ մշակվել և ներկայացվել է խոսքի առարկա օրենքի փոփոխության նախագիծը։

Կարևոր է նկատել, որ արդարության կարգախոսներով իշխանության եկածները ներկայումս օրինականացնում են անարդարությունը, որ կա աղքատների և հարուստների միջև․ հարուստները կարող են փողով «ազատվել» բանակից։ Այսպիսով՝ օրենքի մակարդակում արդեն ՀՀ քաղաքացիները բաժանվում են ունևորների և չունևորների։

Կարելի է ենթադրել, որ ապագայում «բանակից ազատվելու» գինը կնվազեցվի՝ դա նույնպես ներկայացնելով որպես «բարեփոխում», իսկ իրականում է՛լ ավելի լայն խավերի շրջանում կսրվի սոցիալական անհավասարությունը, ինչպես նաև կխարխլվեն պետականության և ազգային համերաշխության հիմքերը, սահմանադրականության ոգին, որոնցով հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published.