Հուլիսի 11-12-ը Վիլնյուսում ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի գլխավոր թեմաներից մեկը դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցն է։ Կիևն ակնկալում էր, որ դաշինքի անդամները կհեռանան անորոշ ձևակերպումներից և միանշանակ կհայտարարեն, որ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո:
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են միայն պարզեցնել Ուկրաինայի անդամակցության գործընթացը, սակայն առայժմ չեն հրավիրում վերջինիս դաշինք։ Նրանք նշել են, որ Կիևը հրավեր կստանա, երբ «բոլոր դաշնակիցները համաձայնեն և պայմանները կատարվեն», ասվում է գագաթնաժողովի կոմյունիկեի մեջ։
«Մենք վերահաստատում ենք, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Մենք պայմանավորվել ենք հանել անդամակցության գործողությունների ծրագրի պահանջը: Սա կփոխի անդամակցության գործընթացը: Այն այլևս չի լինելու երկփուլ, այլ դառնալու է միափուլ։ Մենք նաև հասկացրել ենք, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր կստանա, երբ դաշնակիցները համաձայնեն, որ պայմանները կատարվել են։ Սա շատ ուժեղ աջակցության փաթեթ է, և շատ հստակ ցույց է տալիս, թե ինչպես կզարգանա իրավիճակը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հետ կապված»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Փաթեթը ներառում է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի մեկնարկը, որը պետք է դառնա ճգնաժամային իրավիճակներում խորհրդակցությունների հարթակ, և տարեկան 500 միլիոն դոլարի երկարաժամկետ ռազմական օգնության ծրագիր՝ ուղղված ուկրաինական բանակի արդիականացմանը և ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելուն։
Միաժամանակ Ստոլտենբերգը նշել է, որ եթե Ուկրաինային չհաջողվի հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում, ապա ՆԱՏՕ-ին նրա անդամակցության հարցը կկորցնի իր արդիականությունը․
«Հիմա ամենագլխավոր խնդիրը Ուկրաինայի հաղթանակն ապահովելն է, եթե Ուկրաինան չհաղթի, ապա ՆԱՏՕ-ին անդամակցության հարց ընդհանրապես չի դրվի»։
Վլադիմիր Զելենսկին քննադատել է դաշնակիցների ձևակերպումները Ուկրաինայի վերաբերյալ. «Դա աննախադեպ և անհեթեթ է, երբ չկան ժամկետներ և՛ հրավերի, և՛ Ուկրաինայի անդամակցության համար»։
Իսկ ԱՄՆ պետքարտուղարությունից հայտարարել են․ «Ոչ նպատակահարմար կլիներ ընդունել Ուկրաինան ՆԱՏՕ այս պահին, երբ այն գտնվում է կոնֆլիկտային վիճակում: Դա կնշանակի, որ ԱՄՆ-ը պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, ինչը նախագահ [Ջո] Բայդենն ի սկզբանե հասկացրեց, որ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ նա ղեկավարում է»։