Նորություններ

Թուրքիան համաձայնել է Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ անդամակցությանը 

29 / 06 / 2022

Հունիսի 28-ին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի աջակցությամբ հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը։ Հանդիպման արդյունքում երեք երկրների արտգործնախարարներն ստորագրել են եռակողմ հուշագիր՝ հաստատելով, որ Մադրիդի գագաթնաժողովում Թուրքիան կաջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն։ Փաստաթուղթը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները, այն է` աջակցության դադարեցում Քրդական աշխատավորական կուսակցությանը, քրդական Ժողովրդական պաշտպանության խմբերին (YPG) և Գյուլենականների շարժման կառույցներին։ Չաջակցելուց զատ՝ եվրոպական այս երկու երկրները պարտավորվել են Թուրքիային արտահանձնել այդ կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ Ֆինլադիան և Շվեդիան ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին մայիսի 18-ին ներկայացրել էին ՆԱՏՕ-ի անդամակցության պաշտոնական դիմում։ Սակայն Թուրքիան արգելք էր դրել` առաջադրելով մի շարք նախապայմաններ, որոնցից էր վերոնշյալ ուժերի արտահանձնումը, աջակցության դադարեցումը և Թուրքիայի վրա դրված զենքի բեռնարգելքի վերացումը։ Թուրքական կողմը սա ներկայացնում է որպես մեծ դիվանագիտական հաղթանակ, քանի որ կարողացել է հասնել իր գրեթե բոլոր պահանջների իրականացմանը։

Նաև կարևոր է նշել, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ի անդամ դառնալու պարագայում նրանք կմիանան իրենց սկանդինավյան հարևաններին (Դանիա, Նորվեգիա, Իսլանդիա) և նոր մեծ շուկա կբացեն ԱՄՆ պաշտպանական կապալառուների համար։ Այս ընկերությունները սնվում են ԱՄՆ պաշտպանական բյուջեից, որը 2021 թ.-ին աննախադեպ աճ էր գրանցել` հասնելով 810 մլրդ դոլարի։ Այսպիսով՝ ևս մեկ անգամ նկատում ենք ռազմական ծախսերի ավելացման միտումը։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *