Թարգմանություն

ՆԱՏՕ-ի վատագույնից վատ մոտեցումը Ուկրաինայի հարցում

15 / 07 / 2023

Այս շաբաթ տեղի է ունեցավ ՆԱՏՕ-ի երկրների հանդիպումը Վիլնյուսում, որտեղ նրանք կրկին բախվեցին Ուկրաինայի անդամակցության մասին իրենց խոստումները իրականություն դարձնելու հարցին։ Ինչպես գիտենք, 2008 թ․-ին Բուխարեստում կոալիցիայի գագաթնաժողովից ի վեր, որտեղ դաշնակիցները հայտարարություն տարածեցին, որում ասվում էր, որ և՛ Վրաստանը, և՛ Ուկրաինան ապագայում ինչ-որ անորոշ ժամանակում «կդառնան ՆԱՏՕ-ի անդամ», անդամ երկրները քննարկել են, թե ինչպես իրականացնել (կամ արդյոք իրականացնել թե ոչ) այդ խոստումը: Այնուամենայնիվ, 15 տարի անց ո՛չ Վրաստանը, ո՛չ Ուկրաինան չեն միացել դաշինքին։ Այս մասին իր վերջին վերլուծական հոդվածում գրում է հայտնի «Foreign Affairs» ամսագիրը՝ անվանելով Ուկրաինայի նկատմամբ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը որպես “վատագույնից վատ”: «Հայկական ալիք»-ը ստորև թարգմանաբար ներկայացնում է այդ հոդվածից կարևորագույն կետերը և եզրահանգումները։

Ի՞նչ լուծում են առաջարկում Ուկրաինայի անդամակցության խնդրին 

Ուկրաինայի հույսերը՝ տեսնելու Վիլնյուսի գագաթնաժողովում գծված անդամակցության հստակ ուղին, կյանքի կոչելու համար նախկին քաղաքական գործիչների աճող ցուցակը ներկայացնում է մասնակի անդամակցության առաջարկ: Նրանց շարքերում են Յ․ Բրժեզինսկին (ԱՄՆ Պաշտպանության նախարարությունում պետքարտուղարի օգնականի նախկին տեղակալ), Սթիվեն Բիգուն (պետքարտուղարի նախկին տեղակալ), Անդերս Ֆոգ Ռասմուսենը (ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար), Ալեքսանդր Վերշբոուն (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ) և այլք, ովքեր պնդում են տալ հետևյալ լուծումը․ կիրառել սառըպատերազմյան Գերմանիայի մոդելը, այն է՝ Ուկրաինային վերաբերվել այնպես, ինչպես Սառը պատերազմի ժամանակաշրջանի բաժանված Գերմանիայի հետ, որտեղ երկրի միայն արևմտյան հատվածը կարողացավ միանալ ՆԱՏՕ-ին մինչև երկու Գերմանիաները վերամիավորվեցին 1990 թվականին: Այս մոդելի կիրառման գաղափարը սկսում է լայն տարածում գտնել, ինչի մասին վկայում են, օրինակ, «The Washington Post», «The New York Times» ամսագրերում գրվող հոդվածները «Եթե բաժանված Գերմանիան կարող էր մտնել ՆԱՏՕ, ինչու չի կարող Ուկրաինան» վերնագրերով: Ինչպես պնդել է Վերշբոուն՝ Վաշինգտոնը պետք է անհապաղ սկսի «դաշնակիցների ներգրավումը» այս մոդելով, մասնավորապես՝ «անվտանգության երաշխիքներ տրամադրելու այն տարածքների համար, որոնք լիովին գտնվում են Ուկրաինայի կառավարության վերահսկողության տակ, նույնիսկ հենց հիմա՝ նախքան հրադադարի կամ զինադադարի հաստատումը»։ 

Ո՞րն է այս լուծման իրական նպատակը․ դառը երկընտրանք Ուկրաինայի համար

Այս առաջարկի կողմնակիցներից շատերի համար նման առաջարկի ընդունումը կարող է թվալ քավության ձև, միջոց՝ փոխհատուցելու 15 տարի դաշինքի անդամությունը չհաստատելու և դրա վնասակար հետևանքների դիմաց: Վրաստանին և Ուկրաինային անդամակցելու խոստում տալով, բայց չհետևելով դրան՝ ՆԱՏՕ-ն թողեց այդ պետություններին վատագույն կետում: Բուխարեստի հռչակագիրը և՛ Վրաստանին, և՛ Ուկրաինային ապակողմնորոշող պատկերացում տվեց այն մասին, թե նրանք կունենան ՆԱՏՕ-ի աջակցությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում, ինչը նրանց ստիպեց որոշումներ կայացնել՝ հիմնվելով հետագայում ապացուցված կեղծ ենթադրությունների վրա: Եվ քանի որ հայտնի փաստ է, որ ՆԱՏՕ-ն խորշում է հակամարտություններում ներգրավված անդամ երկրներ ընդունելու իր կազմում, երկուսն էլ հայտնվեցին ՌԴ թիրախում։

Սակայն «սառը պատերազմի» Գերմանիան որպես նախադեպ Ուկրաինայի համար օգտագործելու փորձը սպառնում է կրկնել 2008 թվականի վնասաբեր սխալը. մոլորեցնել Կիևին՝ գիտակցելու իր անդամակցության ճանապարհի դժվարությունը։ Գերմանական նախադեպը, նախ, կդժվարացնի, այլ ոչ թե կհեշտացնի Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը, ապա կթուլացնի ՆԱՏՕ-ի զսպող ուժը, և կխաթարի դաշինքի միասնությունը այն ժամանակ, երբ դրա կարիքն ամենաշատն ունի Ուկրաինան։ Այլ կերպ ասած, դա կարող է ստեղծել ևս մեկ վատագույնից վատ սցենար, ինչը ո՛չ ուկրաինացիները, ո՛չ էլ դաշինքը չեն կարող իրենց թույլ տալ մեծ ցամաքային պատերազմի ժամանակ:

Այս առաջարկի ջատագովները, գիտակցաբար կամ անգիտակցաբար, առաջարկում են երկու իրարամերժ տարբերակներ։

Տարբերակ 1

Ձգտում են գծել ՆԱՏՕ-ի նոր սահման Ուկրաինայի ներսում՝ բաժանելով Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքից, 

Սա կնշանակի, որ ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքը, որը հայտնի է որպես Հոդված 5 (սահմանում է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է վերաբերվեն մեկ անդամի վրա հարձակումը որպես հարձակում բոլորի վրա) կտարածվի միայն կոնկրետ բաժանարար սահմանագծի վրա՝ ենթադրաբար ներկայիս ճակատին մոտ։ Բայց այս գիծը արևելյան ուկրաինացիներին կտանի արևելյան գերմանացիների ճակատագրով՝ գցելով Մոսկվայի ընդլայնված ենթակայության տակ և ստեղծելով դե ֆակտո Արևմտյան Ուկրաինա և Արևելյան Ուկրաինա: Բացի այդ, 1955 թ․-ին 5-րդ հոդվածի պաշտպանությունը ստանալու համար Արևմտյան Գերմանիան ստիպված էր հրաժարվել «ուժի դիմելուց»՝ հասնելու ազգային վերամիավորմանը կամ նույնիսկ «ներկայիս սահմանների փոփոխմանը»: Կիևը կկանգնի նմանատիպ ճնշումների առաջ՝ հրաժարվելու կորցրած տարածքները հետ գրավելու ռազմական բոլոր փորձերից, քանի որ եթե դա  անելու դեպքում այն վտանգի տակ կդնի ոչ միայն իրեն, այլև բոլոր դաշնակիցներին: Այսպիսով, այս մոդելը կստիպի Ուկրաինային դաժան պատերազմի ժամանակ բախվել մի դառը երկընտրանքի. ո՞րն է ավելի կարևոր՝ ՆԱՏՕ-ին անդամակցությո՞ւնը, թե՞ տարածքներ հետ վերցնելու հույսը: Հաշվի առնելով այս ընտրության ողբերգական բնույթը և երկարատև հետևանքները՝ Գերմանիայի բաժանումը տևեց ավելի քան 40 տարի։ 

Այս տարբերակի կողմնակիցները պատմությունից դասեր չեն քաղում ևս մեկ պատճառով․ Եվրոպական հարևանները կարող էին ապրել բաժանված Գերմանիայի մի մասի հետ, որը վերազինվում էր որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ խորհրդային վտանգի դեմ: Կոպիտ ասած, գերմանական բաժանումը Արևմտյան Գերմանիային տվեց ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորություն: Այս դեպքում  կզարգանա հակառակը. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհանգեցնի ուկրաինական մասնատմանը։

Տարբերակ 2

Այս լուծման ջատագովներից ոմանք պնդում են, որ դրա անդամակցությունը ընդհանրապես չպետք է ընդգրկի ֆիքսված սահման՝ թույլ տալով Ուկրաինայի մարտադաշտին որոշել, թե որ տարածքն է անմիջապես ընկնում ՆԱՏՕ-ի պաշտպանության տակ և թե որ տարածքներն են միանալու հետագայում։

Այս տարբերակը կխաթարի 5-րդ հոդվածի արժանահավատությունը: Անվտանգության երաշխիքները, լավ թե վատ, անբաժանելի են ֆիքսված սահմաններից: Արևմտյան Գերմանիան կարող էր դառնալ ՆԱՏՕ-ի մաս, քանի որ նրա արևելյան սահմանը ներկայացնում էր բաժանման հստակ գիծ, որը առաջանում էր օկուպացիոն գոտիներից, որոնք առկա էին նախքան ՆԱՏՕ-ի ստեղծումը: Հակառակ դրան, Ուկրաինայի վերահսկողության գիծը մշտապես շարժման մեջ է։ Դժվար կլինի պարզել, թե կոնկրետ ինչ հողի վրա կտարածվի 5-րդ հոդվածը, ինչի արդյունքում այս հոդվածը կդառնա վեճի առարկա՝ անվտանգության երաշխիքի փոխարեն։

Նման ռիսկերից անհանգստացած դաշնակիցներին փարատելու համար Շյունեմանը և Ֆարկասը ուշադրություն են հրավիրել 5-րդ հոդվածի ճկունության վրա: Նրանք իրավացիորեն նշում են, որ հոդվածը չի «պարտադրում անդամ երկրներին պատասխանել կոնկրետ գործողությամբ», ինչպիսին, օրինակ, ռազմական հարձակումն է: Արդյունքում, եթե Ուկրաինան դառնա գործընկեր պետություն, դաշնակիցները չեն ներքաշվի լայնամասշտաբ պատերազմին մեջ, քանի որ նրանք կարող են պատասխանել «նվազագույն ձևով»: Սակայն սա մյուս դաշնակիցներին առիթ կտա մտածելու՝ արդյոք նրանց 5-րդ հոդվածի երաշխիքը նույնքան նվազագույն է: Վատագույն սցենարի դեպքում սա համարձակություն կտա ՌԴ-ին՝ հարձակվելու Էստոնիայի կամ Լեհաստանի վրա, քանի որ 5-րդ հոդվածն ակնհայտորեն այլևս չի երաշխավորի ՆԱՏՕ-ի ռազմական պատասխանը:

Այս բոլոր սցենարների դեպքում դաշինքի համար հետևանքները հսկայական կլինեն։ ՆԱՏՕ-ի հիմքում ընկած է ագրեսիային ուժեղ և միասնական պատասխանի վստահելի սպառնալիքը: 5-րդ հոդվածը կասկածի տակ դնելը` կա՛մ իր իրավասության, կա՛մ դրա իրականացման խստության տեսանկյունից, սկզբունքորեն կասկածի տակ կդնի ՆԱՏՕ-ն որպես ինստիտուտ: Դա չի օգնի ոչ նրա ներկայիս անդամ երկրներին, ոչ էլ Ուկրաինային։

Արևմուտքի միասնականությունը միանշանակ չէ

ՆԱՏՕ-ն գործում է կոնսենսուսով. յուրաքանչյուր գործող անդամ պետք է հաստատի նոր երկրի ընդունումը: Ցավալի իրականությունն այն է, որ Վիլնյուսում Ուկրաինայի անդամակցությանն ուղղված անհապաղ գործնական քայլեր ձեռնարկելու կոնսենսուս չկա (ավելորդ է խոսել Վրաստանի անդամակցության մասին):

Դժվար է կանխատեսել, որ դա կփոխվի գոնե մոտ ապագայում. ի տարբերություն Շվեդիայի թեկնածության, Ուկրաինայի անդամակցությանը խոչընդոտում են տարբեր դրդապատճառներ ունեցող երկրները: Դրանք ներառում են Հունգարիան, որն ավելի սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, քան ՆԱՏՕ-ի մյուս անդամներից շատերը: Վարանող երկրների շարքում են նաև Գերմանիան և ԱՄՆ-ը: Այս երկրները մտահոգված են ներկայիս պայմաններում Ուկրաինայի անդամակցության իրականացման դժվարությամբ և հասկանալի է, որ վարանում են այդ քայլով փաստացի դառնալ պատերազմող կողմեր: Դաշինքը դեռ պետք է լուծի Շվեդիայի անդամակցության շատ ավելի քիչ վիճահարույց հարցը: Ուկրաինայի անդամակցության շուրջ նոր պայքարի ավելացումը «հենց հիմա», Վերշբոուի խոսքերով, ավելի կսրի դաշնակիցների միջև լարվածությունը: Ինչպես Ռիչարդ Հաասը և Չարլզ Կուպչանը արդարացիորեն պնդեցին ապրիլին Foreign Affairs-ում, «ոչ Ուկրաինան, ոչ էլ ՆԱՏՕ-ի նրա աջակիցները չեն կարող արևմուտքի միասնությունն միանշանակ իրականություն համարել»:

Որպեսզի իդեալական տարբերակում Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, դաշինքի համար անհրաժեշտ է խուսափել անորոշ խոստումներ տալուց՝ առանց Ուկրաինային կրկին մոլորեցնելու: ՆԱՏՕ-ն պետք է խուսափի «պատերազմից հետո» արտահայտությունից և հետևի սառը պատերազմի գերմանական մոդելի մեկ բաղադրիչին, որը կիրառելի է: Դաշինքը պետք է հաստատի, որ Ուկրաինան կարող է և կմիանա, երբ նորից ունենա այն, ինչ ուներ Արևմտյան Գերմանիան. ֆիքսված սահմաններ: Սակայն այսօրվա ողբերգական աշխարհում Ուկրաինան ՆԱՏՕ-ին ավելացնելը, մինչդեռ նրա սահմանները Ռուսաստանի հետ ակտիվ հակամարտությունների վայրեր են, մեծ գին կարժենա:

Այսպիսով, ի՞նչ միտումներ ենք տեսնում այս հոդվածում։

Առաջին հերթին, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, ըստ էության, դիտարկվում է որպես անհնարինությանը համարժեք իդեալական տարբերակ գոնե մոտ ապագայում։ Միակ հնարավոր տարբերակը, ըստ հոդվածի, ֆիքսված սահմանների առկայությունն է, սակայն հարց է առաջանում՝ ո՞ր երկայնքով սահմանների մասին է խոսքը, եթե բացառվում է առաջարկվող առաջին տարբերակը՝ անվտանգության երաշխիքներ ներկայիս շփման գծի երկայնքով և տարածքների վերանվաճման հույսից հրաժարում։

 Հետաքրքրական է նաև այն փաստը, որ Ուկրաինայի սահմանների «անկայունությունը» շեշտվում է նրա դե-ֆակտո դաշնակիցների կողմից:

Ֆիքսենք նաև, որ միջազգային հանրությունը կամ դրա մի մասը առաջարկում է անդամակցություն առանց ֆիքսված սահմանների՝ թողնելով մարտադաշտին որոշել դրանք, ի հակադրություն այն պնդումների, թե պետությունները անընդունելի են արդի միջազգային հարաբերությունների համակարգում՝ առանց սահմանների հստակեցման։ Այնուամենայնիվ, Ուկրաինայի համար, նույնիսկ այս պարագայում, ՆԱՏՕ-ի ռազմական օգնությունը կամ ՆԱՏՕ-ին անդամակցությունը անհիմն հույսեր են, քանի որ ինչպես այս, այնպես էլ բոլոր մյուս դաշինքների անդամներից յուրաքանչյուրը առաջնորդվում է սեփական շահով, որոնց համադրումը երբե՛ք միանշանակ իրականություն չէ։

Թարգմանությունը և վերլուծությունը` Միլենա Մքոյանի

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *