Նորություններ

ՆԱՏՕ-ն կմեծացնի զորքերը՝ հասցնելով 300.000-ի

29 / 06 / 2022


«Հայկական ալիքի» «Տոտալ ռազմականացում. խաղաղությո՞ւն, թե՞ անվտանգային երկընտրանք» զեկույցում մանրամասն կարող եք կարդալ համաշխարհային ռազմականացման խնդրի մասին։ Մենք արձանագրել ենք, որ ռազմական ծախսերի քանակական ցուցանիշներն աճում են, ինչն ուղեկցվում է համապատասխան քաղաքական որոշումներով և հայտարարություններով: Դրա ամենաթարմ դրսևորումն այս պահին ՆԱՏՕ ուժերն ընդլայնելու մասին ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի վերոգրյալ հայտարարությունն է:

Այս օրերին Մադրիդում կայանում է ՆԱՏՕ անդամ երկրների գագաթնաժողովը, որում քննարկվելու է Ուկրաինային հետագա աջակցության հարցը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը երկուշաբթի՝ հունիսի 27-ին, գագաթնաժողովին նախորդած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ արևմտյան ռազմական դաշինքը կավելացնի իր արագ արձագանքման ուժերի թիվը մոտ ութ անգամ՝ 40.000-ից մինչև 300․000՝ որպես պատասխան «ռազմավարական մրցակցության դարաշրջանի»։ Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի ուժերն ընդլայնելու քայլը «սառը պատերազմից ի վեր կոլեկտիվ պաշտպանության և զսպման ամենամեծ վերանորոգման մասն է»։ Նկատենք, որ այս փոփոխությունը մաս է ավելի լայն վերակառուցման, որի նպատակն է ընդլայնել ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքներն արևելյան թևի երկայնքով և մեծացնել արագ արձագանքման ուժերի թիվը տարածաշրջանում։

Ի թիվս այլ խոստումների՝ ՆԱՏՕ-ն նախատեսում է ամբողջ Եվրոպայով մեկ ապահովել արագ բացազատվող ստորաբաժանումների համար նախատեսված զինամթերքի և սարքավորումների պաշարներ, ավելացնել հակաօդային պաշտպանությունը, կառավարման համակարգգը և կցագրված զորքերը՝ Ռուսաստանից պաշտպանվելու համար։ Յ․ Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ռուսաստանին համարում են «իրենց անվտանգության ամենակարևոր և սարսափելի սպառնալիքը» ։ Վերջինս անցյալ շաբաթ նաև հորդորել էր ՆԱՏՕ-ի երկրներին շարունակել ռազմական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ ասելով, որ ոչ ոք չգիտի, թե երբ կավարտվի պատերազմը, և որ այն կարող է տևել տարիներ։

Բնականաբար, ռազմական աճը կպահանջի զգալի ծախսեր, և Յ․ Ստոլտենբերգը պնդել է, որ պաշտպանական ծախսերի համար համախառն ներքին արդյունքի 2%-ի թիրախը, որը ՆԱՏՕ-ի անդամների համար սահմանվել էր 2014 թ․-ին, պետք է համարվի նվազագույն, ոչ թե առավելագույն շեմ։

2021 թ․-ին ութ դաշնակից երկրներ հասան սահմանված նպատակին՝ իրենց համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնվազն 2%-ը ծախսելով պաշտպանության վրա։ Եվս 19 երկրներ պլանավորում են անցնել այս նշագիծը 2024 թ․-ին։ Յ․ Ստոլտենբերգը նշել է, որ այս տարին եվրոպական դաշնակիցների և Կանադայի պաշտպանական ծախսերի ավելացման ութերորդ անընդմեջ տարին է։

Բացի զորքերի ավելացումից՝ գագաթնաժողովում կքննարկվեն նորագույն տեխնոլոգիաների համար 1 միլիարդ եվրոյի նորարարական հիմնադրամի ստեղծումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներին՝ Վրաստանին, Բոսնիա և Հերցեգովինային, Մոլդովային, Մավրիտանիային և Թունիսին պաշտպանական աջակցությանը։

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *