Հուլիսի 1-ին դե-ֆակտո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ քվեարկությամբ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին զրկեց պաշտոններից:
Որպես հիմնավորում բերվեց այն, որ պատգամավորները չեն կատարել իրենց պարտականությունները հավուր պատշաճի` բացակայելով նիստերից:
Ի պատասխան դե-ֆակտո իշխանությունների այս քայլին՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները տարածել են համատեղ հայտարարություն՝ ասելով, որ «ԱԺ վարչական պաշտոնները իրենց համար ինքնանպատակ չեն»: Հայտարարության մեջ նաև ասվել է. «Իրավիճակն աբսուրդային է նրանով, որ դա կատարվում է առկա անվտանգային մարտահրավերներից, պատերազմի՝ իրենց իսկ հայտարարած հնարավոր սպառնալիքից, Բերձորի խնդրից, նոր զիջումներից, ռազմագերիներին մինչ օրս հայրենիք չվերադարձնելու խնդրից հանրությանը շեղելու համար»:
Հայտնի է նաև, որ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» դաշինքից Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել իր պաշտոնից: Նրան են միացել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը` հրաժարվելով ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, ինչպես նաև ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արթուր Խաչատրյանը:
Այսպիսով` ևս մեկ անգամ ականատես ենք դե-ֆակտո իշխանությունների կողմից լծակների կիրառման և քաղաքական դիրքորոշման համար հալածանքների ենթարկելու հերթական փորձին: Ընդ որում` ամենազավեշտալին այն է, որ Ի․ Սաղաթելյանին ներկայացվում է մեղադրանք ատելության խոսք գեներացնելու մեջ, ինչը, իբրև թե, հավաստում է, որ վերջինս չի կարող զբաղեցնել ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Երբ հուսիսի 20-ին հրապարկված մեր հոդվածում անդրադառնում էինք նրան, որ ատելության խոսքի և վիրավորական արտահայտությունների համար հետապնդումն ունի միակողմանի բնույթ, հենց նմանատիպ դեպքերի մասին էինք խոսում: Երբ խոսում էինք ընդդիմադիր գործիչների և ընդդիմադիր հայացքներ կիսող քաղաքացիների վրա աննախադեպ ճնշում է գործադրվում և խախտվում են վերջիններիս իրավունքները, հենց այսպիսի օրինակների վրա էինք հիմնվում:
Եվ վերջապես այսօր, երբ կան օրակարգային լրջագույն խնդիրներ, ինչպիսիք են թշնամուն Բերձոր, Աղավնո և Սուս գյուղերի հայտարարված հաձնումը, նմնանատիպ էժանագին, իրականում՝ ընդդիմության հանդեպ ատելություն հրահրող քայլերով դե-ֆակտո իշխանություններն ապացուցում են այն, որ ամեն ինչից վեր իրենց աթոռն են սիրում: