Արցախ

Տրվե՞լ է արդյոք Արցախը հանձնելու մանդատ

20 / 02 / 2023

Համաշխարհային պատմության մեջ Մյունխենյան համաձայնագիրը մնաց որպես ամոթալի էջ, որը հանգեցրեց պատմության ամենամեծ պատերազմին։ 1938 թվականի սեպտեմբերի վերջին Հիտլերի հետ պայմանագիր կնքելով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբերլենը հայտարարեց, որ ինքը «խաղաղություն է բերել սերունդներին»։ Համաձայնագիրը ագրեսորի խաղաղեցման քաղաքականության տրամաբանական ավարտն էր, որը մեկ տարի անց հանգեցրեց մարդկության պատմության ամենամեծ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին: Ինչևէ, նացիստի, միլիտարիստի և ռևանշիստի խաղաղեցման քաղաքականությունն այլ հետևանքների չի էլ կարող հանգեցնել։

Հարց է առաջանում, թե ինչու ենք գրում վաղուց անցած օրերի իրադարձությունների մասին՝ կանգնած լինելով գոյաբանական սպառնալիքի առջև այսօր: Հենց այդ պատճառով էլ դիմում ենք պատմության դասերին։

Խաղաղության դարաշրջան՝ Հայաստանի դեֆակտո վարչապետի կողմից

2020-ի պատերազմում պարտությունից հետո, Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները հայտարարեցին «խաղաղության դարաշրջանի» մասին՝ ասելով, որ բանակում ծառայության ժամկետը կկրճատեն, չեն պայքարի Ադրբեջանի կողմից Հայաստանի՝ «Սև լճի 30%-ի» և ՀՀ այլ տարածքների օկուպացիայի պատճառով։ Պարզ է, որ նման պահվածքը Բաքվին միայն նոր ագրեսիայի է հրահրում, ինչը և տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերին. Ադրբեջանը ոչ միայն գրավեց մի շարք դիրքեր, այլև գնդակոծեց քաղաքներ ու գյուղեր, այդ թվում՝ հայտնի առողջարանային քաղաք Ջերմուկը։

Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները դիմեցին ՀԱՊԿ-ին, որտեղից ստացան ռազմատեխնիկական օգնության առաջարկ։ Բայց Փաշինյանի դե-ֆակտո ռեժիմը չընդունեց օգնությունը՝ որպես պատրվակ առաջ քաշելով քաղաքական գնահատականի բացակայությունը։ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը փող ունի, բայց զենք գնել չեն կարող, քանի որ նրանց զենք ուղղակի չեն վաճառում: Արդյունքում հայկական բանակը մնաց առանց անհրաժեշտ զինատեսակների։

Կրկին Մյունխեն և կրկին բանակցություններ խաղաղության վերաբերյալ՝ ագրեսորի և նացիստների հետ

2023 թվականի փետրվարի 17-19-ը Մյունխենում անցկացվել է անվտանգության հերթական համաժողովը։ Հայաստանի դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հանդիպել են և խաղաղության հարցի շուրջ բանակցություններ վարել։ Հայերի նկատմամբ բացահայտ նացիստական, ռազմատենչ և էքսպանսիոնիստական ​​պետության՝ Ադրբեջանի ղեկավարը, հայտարարելով Հայաստանի դիրքորոշման մեջ որոշ «տեղաշարժեր»-ի մասին, ասաց, որ «դա բավարար չէ»։

Հասկանալի է, որ Ալիևի համար երբեք բավարար չի լինի: Նա բազմիցս հայտարարել է, որ Երևանի գոյությունը որպես Հայաստանի մայրաքաղաք ինքնին պատմական սխալ է: Վերջերս նա հանդիսավոր կերպով շենք հատկացրեց «Արևմտյան Ադրբեջանի» համայնքին (այսպես պաշտոնական Բաքուն անվանում է Հայաստանի Հանրապետության տարածքները), պատմական կեղծիքներով լի հերթական ելույթն ունեցավ՝ խոստանալով «վերադառնալ» Հայաստան, ինչպես ադրբեջանցիները «վերադարձան» Արցախ և այլն։

Մյունխենում Ալիևը հայտարարեց, որ Փաշինյանը ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը, որը վերջինիս խոսքերով, կապիտուլյացիա է, իսկ Հայաստանի ժողովուրդն իբր հաշտվել է այդ փաստի հետ և դրա համար էլ վերընտրել է Փաշինյանին։ Փաշինյանն, իհարկե, նորից սկսեց խոսել խաղաղության մասին։

Ավելի մանրամասն անդրադառնանք Ալիևի այս թեզերին։ Թե՛ Ալիևը, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցանկանում են բոլորին համոզել, որ իբր «ՔՊ»-ը և Փաշինյանը կապիտուլյացիայի մանդատ ունեն, և իբր հայ հասարակությունը համակերպվել է դրա հետ: Իրականում դա այդպես չէ։

Փաշինյանի նախընտրական թեզերը՝ հանուն Արցախի ինքնորոշման և վերջինիս՝ Ադրբեջանի կազմում գտնվելու անհնարինության մասին

Ինչի՞ համար են քվեարկել «ՔՊ»-ին ընտրած քաղաքացիները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի ընտրություններին գնաց նախընտրական ծրագրով, որտեղ հայ ժողովրդին բոլորովին այլ բան էր խոստանում։

Փաշինյանի կուսակցությունը խոստացել էր, որ վերընտրվելու դեպքում առաջնայինը լինելու է կայունության հաստատումն ու տարածաշրջանի ապաշրջափակումը, սակայն դրանք չեն կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի կենսական շահերի ու անվտանգության հաշվին։

Ծրագրի մեջ ասվում էր, որ Հայաստանը կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի արդյունավետ գործունեությանը։

Ծրագրի մեջ բավականին շատ է խոսվել Արցախի խնդրի, 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացասական և ագրեսիվ դերի մասին։ Փաշինյանի կուսակցությունը խոստացել էր հետևողականորեն պայքարել միջազգային իրավունքով նախատեսված բոլոր մեխանիզմներով ռազմական հանցագործությունների և հանցագործների բացահայտման և հետապնդման համար։

«ՔՊ»-ի առաջիկա տարիների հիմնական խնդիրը պետք է լիներ 2020 թվականի պատերազմի հետևանքների վերացումը, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, Արցախյան հակամարտության համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման վրա։ Կուսակցությունն իր ծրագրում արձանագրել է արցախահայության գոյատևման անհնարինությունը Ադրբեջանի կազմում։

Փաշինյանն ընտրությունների գնաց այս խոստումներով: Ուրիշ բան, որ ընտրություններից հետո նասկսեց հանդես գալ բոլորովին այլ թեզերով։

Փաշինյանը չի ընտրվել հայ ժողովրդի կողմից

Պաշտոնական տվյալներով Հայաստանում գրանցված է 2 մլն 581 հազար ընտրող։ Ըստ ԿԸՀ-ի՝ Փաշինյանի «ՔՊ» կուսակցության օգտին քվեարկել է ընդամենը 688.761 հոգի: Սա ընտրողների ընդհանուր թվի 26,6 տոկոսն է։ Այսպես, Հայաստանի ընտրողների 73,6 տոկոսը չի ընտրել Փաշինյանին, այսինքն յուրաքանչյուր 4-ից գրեթե 3-ը։

Արդյոք ընտրություններն ազա՞տ են եղել և արդյոք արտացոլու՞մ են հայ ժողովրդի կամքը

Ինչպես հայտնի է, Փաշինյանն ագրեսիվ քարոզարշավ է անցկացրել, պետական մեքենաներով շրջել Հայաստանի մարզերով, թափահարել մուրճը և սպառնացել ընդդիմության ներկայացուցիչներին ։ Եվ դրանք պարզապես խոսքեր չէին. ընդդիմության ընտրված ներկայացուցիչները հայտնվեցին բանտերում` զրկվելով ազատ կամարտահայտման հնարավորությունից։

Ավելին, հայտնի է, որ բանակին և քաղծառայողներին ստիպել են քվեարկել իշխող ուժի օգտին։ Խոսքը 200 հազարից ավելի քաղաքացու մասին է։

Եվ ավելին, ՀՀ մարզերի քաղաքներում ձայների հաշվարկի ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումները մեծ հարցեր են առաջացնում։

Ի՞նչ են ասում հարցումները

Ըստ հարցումների՝ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին չի ընդունում Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը, Ադրբեջանին և Թուրքիային համարում է թշնամի պետություններ։ Բնակչության մեծամասնությունը դեմ է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման քաղաքականությունից հրաժարվելու գնով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը։

Արդյունքն այն է, որ հայ ժողովուրդը կապիտուլյացիայի մանդատ չի տվել:

Ամփոփելով՝ հարկ է նշել, որ Փաշինյանն իր ընտրողներին խոստացել էր պայքարել Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի, ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործներին պատժելու և Արցախյան պատերազմի հետևանքները վերացնելու համար։ Այն քաղաքացիները, որոնք նրան ընտրել են, վերջինիս մանդատ են տվել այդ գործողությունների համար, այլ ոչ թե կապիտուլյացիայի:

Իսկ ընտրությունները չեն կարող ատահայտել հայ ժողովրդի հավաքական կամքը, քանի որ անցելեն ընդդիմության և ընտրողների վրա աննախադեպ ճնշման պայմաններում։

Կարեն Իգիթյան, կովկասագետ

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *