Երեկ` սեպտեմբերի 14-ին, լրացավ Մովսես Սիլիկյանի 161-ամյակը։ Մովսես Միխայիլի Սիլիկյանը ծնվել է 1862 թ. սեպտեմբերի 14-ին Ելիզավետպոլի նահանգի Նուխի գավառի ուդիաբնակ Վարդաշեն գյուղում։ Եղել է Հայ առաքելական եկեղեցու զավակ։ Սիլիկյաններն էթնիկ ուդի էին, սակայն Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ էին, ավելին՝ իրենց համարում էին հայ։ Մ․ Սիլիկյանը եղել է ռուսական և հայկական բանակների ռազմական գործիչ, Սարդարապատի հերոս, ռուսական բանակի գեներալ-մայոր (սեպտեմբերի 22, 1917 թ.), Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (մայիսի 28, 1919 թ.), ՀՀ բանակի ռազմական խորհրդի անդամ (ապրիլի 24, 1919 թ.)։
Առաջին համաշխարհային աշխարամարտ
Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ռուս-թուրքական (Կովկասյան) ռազմաճակատի մարտական գործողություններին։ Եղել է Կովկասյան VI հրաձգային գնդի հրամանատար, որը գործել է գեներալ Թովմաս Նազարբեկյանի Կովկասյան II հրաձգային բրիգադի կազմում։ 1915 թ․ նոյեմբերին բրիգադը վերակազմավորվել է հրաձգային դիվիզիայի։ Պատերազմի սկզբում Կովկասյան VI հրաձգային գունդը II հրաձգային բրիգադի կազմում մարտական գործողություններ է մղել Հյուսիսային Պարսկաստան ներխուժած թուրքական զորամասերի և համիդեական գնդերի դեմ։
Մայիսյան հերոսամարտ
1918 թ. Մայիսյան հերոսամարտի օրերին հայկական ուժերը բաշխված են եղել Բաշ-Ապարանի ճակատում՝ Դրաստամատ Կանայանի հրամանատարությամբ։ Սարդարապատում հրամանատարը եղել է արցախցի Դանիել Բեկ-Փիրումյանը։ Զորքերի ընդհանուր հրամանատարը գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանն էր, որի շտաբը տեղակայված էր Էջմիածնում։
1918 թ․ մայիսին 24-ին Մովսես Սիլիկյանը կոչով դիմում է հայ ժողովրդին․ «Հանո՛ւն բազմաչարչար ժողովրդի ֆիզիկական գոյության, հանո՛ւն ոտնակոխ եղած ճշմարտության, ոտքի՛ կանգնեցեք։ Դեպի՛ սրբազան պատերազմ»։
Սարդարապատի պաշտպանությունը և Երևանի ուղղությամբ թուրքական հարձակման կասեցումը հանձնարարվում է Մ․ Սիլիկյանինին, ով կարողանում է հմտորեն օգտագործել թևային հարվածը` հակառակորդին ջախջախելու համար։ Թուրքական զորքը նահանջում է Գյումրու ուղղությամբ։ Դրա շնորհիվ ոչնչացումից փրկվեց Երևանի, Էջմիածնի և Արարատյան դաշտի բնակչությունը։ Պատահական չէ, որ մարշալ Հովհաննես Բաղրամյանն իր հուշերում գրել է. «Հարկավոր է ասել, որ գեներալ Սիլիկովն այդ բավականին բարդ իրադրությունում ընդունել է, ես կասեի, տաղանդավոր որոշում… Նա ժամանակի հայ գեներալներից ամենաշնորհալին էր…»։
Մահը
Հայաստանում բոլշևիկյան կարգերի հաստատումից հետո՝ 1927 թ․-ին Մ․ Սիլիկյանը ձերբակալվում է անվտանգության մարմինների կողմից, որոնք, չկարողանալով ապացուցել առաջադրված մեղադրանքները, օգոստոսին վարչական կարգով նրան աքսորում են Դոնի Ռոստով։ Նույն թվականի հոկտեմբերին նրան թույլատրվում է վերադառնալ Երևան։ 1935 թ․ նոյեմբերի 25-ին Մովսես Սիլիկյանը կրկին ձերբակալվում է։ Բռնաճնշումների բարձրակետը եղավ 1937 թվականը, որին զոհ գնացին հազարավոր զինվորականներ։ Մ․ Սիլիկյանը հարցաքննվեց ընդամենը մեկ անգամ և գնդակահարվեց 1937 թ․ դեկտեմբերի 10-ին։
Մովսես Սիլիկյանը մեկն էր այն անձանցից, ում շնորհիվ հնարավոր դարձավ հայ ժողովրդի վերջին բեկորների փրկությունը և Հայաստան պետության վերածնունդը։ 1919 թ. փետրվարին հայոց բանակի գեներալ Քրիստափոր Արարատյանն այս մասին գրում էր. «Եթէ երէկ մեզ հետ հաշուի էին նստում եւ այսօր էլ հաշուի են նստում, դրա համար մենք պարտական ենք երեք հոգու՝ Արամին, Սիլիկեանին, Դրոյին»։
Հեղ․՝ Սվետլանա Պետրոսյան