Հունիսի 26-ին՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի օրը, Գանձակում (Գյանջա) տեղի է ունեցել Կովկասյան իսլամական բանակի 13 թուրք զինվորներին նվիրված հուշարձանի բացումը, որոնք զոհվել են 1918 թ․ մայիսի 25-ից նոյեմբերի 17-ը Նուրի փաշայի հրամանատարությամբ՝ այսպես ասած «Ադրբեջանի անկախության համար մղված պայքարում»։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Գանձակի գործադիր իշխանության ղեկավար Նիյազի Բայրամովը, Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջահիտ Բաղջին, Գաձակում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Զեքի Օզթուրքը, Ադրբեջանի թուրք ձեռնարկատերերի միության նախագահ Ջամալ Յանգընը և կրոնական գործիչներ։
Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջ․ Բաղջին նշել է․«Թուրք-ադրբեջանական հարաբերությունները կառուցված են անսասան եղբայրական հարաբերությունների վրա… Կովկասյան իսլամական բանակի հրամանատար Նուրի փաշայի ժամանումը Գյանջա 1918թ․ մայիսի 25-ին Գյանջայի (Գանձակ – խմբ․) բնակչության կողմից մեծ ուրախությամբ ընդունվեց»։ Դեսպանը հիշեցրել է, որ «չնայած նրան, որ 1918 թ․ Օսմանյան կայսրությունն ինքն ստիպված էր կռվել շատ ճակատներում, թուրք ազգը առանց մտածելու ընկերության ձեռք է մեկնել Ադրբեջանին՝ հասնելով բոլշևիկների և հայ դաշնակների հրոսակախմբերի սպառնալիքի վերացմանը»։ Դեսպանը նաև «բարձր գնահատական» է տվել Արցախյան երրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակին, որը հնարավոր է դարձել Թուրքիայի աջակցությամբ։ Ըստ դեսպանի խոսքերի՝ Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության հետագա զարգացման կարևոր ուղեցույց է «Շուշիի հռչակագիրը»։ «Վստահ եմ, որ թյուրքական երկրների միջև փոխազդեցությունը կշարունակի ամրապնդվել»,- ասել է թուրք դեսպանը։
Հիշեցնենք, որ «Ադրբեջանի անկախության համար մղված պայքարը» ոչ այլ ինչ է, քան Առաջին աշխարհամարտի տարիներին իր պանթյուրքիստական հավակնություններին հագուրդ տալու Թուրքիայի ծրագիրը, այն է՝ օգտվելով տարածաշրջանից ռուսական զորքերի դուրսբերումից՝ երիտթուրքերի պարագլուխ ոճրագործ Էնվեր փաշայի եղբոր՝ Նուրի փաշայի գլխավորությամբ ռազմական ինտերվենցիա դեպի Անդրկովկաս՝ թյուրքական խամաճիկ պետություն ստեղծելու նպատակով։ Աշխարհամարտի ընթացքում հատկապես Բաքվի գրավումը, որտեղ և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով գերակա դիրք էին զբաղեցնում հայերը, Թուրքիայի համար ուներ քաղաքական և ռազմավարական կարևոր նշանակություն՝ տիրելու նավթին և ապահովելու դեպի Միջին Ասիա ելքը։ Սեպտեմբերի 15-ին դեպի Բաքու օսմանյան թուրքական զորքերի ներխուժմամբ սկսվեց թուրք-թաթարական զորքերի կողմից հայության դաժան կոտորածը։
Ըստ էության՝ 1918 թ․ ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը Թուրքիայի քաղաքական պրոյեկտն է Կովկասում։ Ինչպես իր «Հայաստան և Ատրպէճան» հոդվածում իրավացիորեն նշում է Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար (1920 թ․) Ռուբեն Տեր-Մինասյանը․ «Այսօր «ատրպէճանցի ազգ» ասութիւնը դատարկ խօսք է քօղարկելու թրքական ձգտումները: «Ատրպէճան երկիր» անունը պատըրուակ է ծածկելու արեւելեան Թուրքիա կազմելու ձգտումը»։