Բացատրագիր

3+3 ձևաչափ VS Մինսկի խումբ

08 / 11 / 2023

Հարավային Կովկասում 2020թ.-ից ի վեր ստեղծված նոր իրավիճակում Մինսկի խումբը, որ մինչ այդ հանդիսանում էր Արցախյան խնդիր լուծման հիմնական գործող մարմինն ու բանակցային հարթակը, փաստացի լուծարվեց Ադրբեջանի կողմից և ՀՀ դե-ֆակտո իշխանությունների լուռ համաձայնությամբ։ Սա ընդունելի էր բոլորի կողմերի համար։ Մի կողմից Ֆրանսիան և ԱՄՆ հնարավորություն են ստանում առանձին-առանձին մասնակցել Հարավային Կովկասում զարգացող իրադարձություններին, մյուս կողմից ստեղծվում է 3+3 հարթակը` դուրս մղելով արևմուտքին տարածաշրջանից։

1․ Արդյոք 3+3-ը, ի տարբերություն Մինսկի խմբի, տնտեսական խնդիրների լուծման միտումներ ունեցող կառույց է

3+3 ձևաչափի կողմերի հայտարարությունների համաձյան՝ այս հարթակը նպատակ ունի տնտեսական սերտ համագործակցության միջոցով խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Անշուշտ, Արաքս գետի վրա սահմանի բացումը Ռուսաստանին հնարավորություն կտա վերահսկել այս ռազմավարական տարածքը՝ միաժամանակ հեշտացնելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը  Հայաստանի միջոցով՝ այդպիսով շրջանցելով արևմտյան պատժամիջոցները։ Կարևորագույն կետերից են Բաքուն Կարսին միացնող երկաթուղին, որն անցնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով», Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ, Աբխազիայի երկաթուղիները և այլ կոմունիկացիոն ճանապարհներ։ Այնուամենայնիվ միայն տնտեսական մոտիվները չեն, որ դրդում են շահագրգիռ կողմերին ստեղծել այս հարթակը։ 3+3 ձևաչափը նախաձեռնված է Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի կողմից և եթե տասնամյակներ շարունակ Թուրքիան հնարավորություն չուներ Մինսկի խմբի ձևաչափով մասնակցել տարածաշրջանում կարևորագույն նշանակության հարցի քննարկմանը, ապա 3+3 ձևաչափը լեգիտիմ իրավունք է տալիս նրան ներգրավվել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին, ավելին՝ զերծ է պահում արտաքին խաղացողներին տարածաշրջանից։ Հատկանշական է, որ կազմակերպության աշխատանքներին դեռևս չի ներգրավվել Վրաստանը և, ի հեճուկս հնարավոր փոխշահավետ տնտեսական համագործակցությանը, Վրաստանը մի կողմ չդրեց Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունները և շարժվեց առաջին հերթին քաղաքական առաջնահերթություններով։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա նրա առաջնային նպատակն է՝ թույլ չտալ հայ-իրանական սահմանի որևէ փոփոխություն։ Այսպիսով՝ 3+3 ձևաչափը նպատակ ունի առաջին հերթին զբաղվել աշխարհաքաղաքական և ոչ տնտեսական խնդիրներով։ Սակայն եթե Մինսկի խումբը կոչված էր աշխատելու միայն Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ապա 3+3 ձևաչափում Արցախի հարցը ամենևին չի քննարկվում, փոխարենը Հայաստանը իր թշնամի պետության նախաձեռնությամբ ստեղծված հարթակում քննարկում է հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։

2․ Տարածաշրջանում շահագրգիռ կողմեր հետաքրքություններն ու դիրքորոշումները

Մինսկի խմբի շրջանակներում հիմնական խաղացողները եռանախագահներն են։

Ֆրանսիա․ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ դարձավ 1997-ի հունվարին, որին հետևեց Ադրբեջանի խստիվ առարկությունը: Վերջինս Ֆրանսիան համարում էր հայամետ տրամադրված պետություն՝ այնտեղ քաղաքական ազդեիկ կշիռ ու հեղինակություն, պատմական հարուստ անցյալ ունեցող հայ համայնքի առկայության պատճառով։ Սկզբնական ժամանակահատվածում Ֆրանսիան օգտվում էր Հայաստանում համակրանքի կապիտալից և բարենպաստ միջավայրից, որը նրան թույլ էր տալիս ամրապնդել իր ներկայությունը տարածաշրջանում։

Ռուսաստան․  20-րդ դարի երկրորդ տասնամյակից սկսած Ռուսաստանը ամենաակտիվ նախառեձնողականությունն էր ցուցաբերել Մինսկի խմբի շրջանակներում։ Մինսկի խումբը կարծես ՌԴ-ին էր լիազորել խնդրի կարգավորումը, և դա համապատասխանում է ԱՄՆ-ի կողմից վարվող «տարածաշրջանացման» քաղաքականության տրամաբանությանը։ Այնուամենայնիվ պետք է շեշտել, որ Ռուսաստանը միակ պետությունն է, որ ներգրավված է թե՛ Մինսկի խմբում, թե՛ 3+3 ձևաչափում։ Մոսկվայի մասնակցությունը տարածաշրջանային հարցերին անխուսափելի է։

ԱՄՆ․ ԱՄՆ ոչ իզոլացիոնիստական արտաքին քաղաքական կուրսն ընդհանուր առմամբ ուղղված է միջազգային ոլորտում Վաշինգտոնի առաջատար դերի ամրապնդմամբ։ Սա մեծ հաշվով վերաբերում է նաև Անդրկովկասի պետություններին. տարածաշրջանը սերտորեն կապված է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետ՝ ելք ունենալով դեպի Սև և Կասպից ծովեր, որն ունի որոշակի նշանակություն Վաշինգտոնի ազգային շահերի համար։ Չլինելով ԱՄՆ ռազմաքաղաքական ռազմավարության առաջնահերթությունների ցանկում, այնուամենայնիվ, գերտերությունը  չի կարող անտեսել Հարավային Կովկասի կարևորությունը։

Ինչ վերաբերում է 3+3 ձևաչափին, ապա այն, ի տարբերություն Մինսկի խմբի, թուրքական նախաձեռնություն է, ընդ որում՝ չի ներառում գլոբալ խաղացողների և կրում է տարածաշրջանային բնույթ։

Թուրքիա․ Հատկանշական է, որ այս ֆորմատը բոլոր երեք խաղացողների համար նպատակ ունի հեռացնել Արևմուտքին տարածշրջանից, թեև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այնուամենայնիվ նա նույնպես չի ցանկանում տեսնել արտաքին խաղացողների իր «ետնաբակում»։ Անկարան ոչ պակաս հետաքրքված է տարածաշրջանում իր հեգեմոնիայով․ Ադրբեջանի հետ դաշինքի միջոցով ցանկանում է ցույց տալ իր ուժն ու գերակայությունը, և, միևնույն ժամանակ, Անկարայի համար Հարավային Կովկասը միջանցք է դեպի մերձկասպյան երկրներ։

Իրան․ Թեհրանը, դառնալով երկրորդ ընդունող երկիրը, խլեց գնդակը Թուրքիայի կիսադաշտից՝ հակադրելով այս ֆորմատը Արևմտյան միակողմանի քաղաքականության ստեղծած տարածաշրջանային աշխարհակարգին։ Իրանական կողմը հատկապես շեշտը դրել է տնտեսական համագործակցության վրա, մասնավորապես՝ Իրանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները Ռեշտ-Աստարա երկաթուղու վերաբերյալ, Բաքվի՝ տարանցիկ գծի իրանական տարածքով անցնելու ծրագիրը, Իրանի և Հայաստանի միջև համաձայնագիրը՝ երկու երկրների միջև ճանապարհային վճարների և տարանցման սակագների զրոյացման վերաբերյալ և այլն։ Սա Իրանի համար տնտեսական մեկուսացում հաղթահարելու, ինչպես նաև՝ Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում հավասարակշռելու հնարավոր միջոց է։

Ռուսաստան․ Հարավային Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականությունը ռազմավարական չէ, այլ իրադարձային․ Ռուսաստանի քայլերը այս էտապում արձագանք են տեղի ունեցող իրադարձություններին, ուստի 3+3 ֆորմատը ևս մեկ հնարավորություն է Ռուսաստանի համար վերջին ճիգով պահպանելու Հարավային Կովկասը՝ իբրև իր ազդեցության գոտի։ Ռուսական կողմը հայտարարել է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը լուծված է, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Բայց քննարկման առարկա են մնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, դելիմիտացիայի և տրանսպորտային ուղիների բացման հարցերը։ Վերջիններս, ըստ Մոսկվայի, չպետք է քննարկեվեն 3+3 ձևաչափում, դրա համար կան այլ հարթակներ, ինչը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը այլ տերությունների մասնակցությունը Ռուսաստանի համար ցանկալի չէ։

3․ Ո՞ր կառույցի հետ համագործակցությունն է Հայաստանի համար ավելի շահավետ

Եթե Մինսկի խմբի առաջնային և միակ նպատակն էր զբաղվել Արցախյան խնդրի կարգավորմամբ, ընդ որում՝ սկզբնական շրջանում նաև Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ, ապա 3+3 ձևաչափում բազմիցս հայտարարվել է (մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից), որ չեն քննարկվելու հայ-ադրբեջանական սահամանային հարցեր, ինչպես նաև հարցեր, որոնք արդեն քննարկվում կամ քննարկվել են այլ ֆորմատներում (օրինակ՝ Մինսկի խմբում)։ Փոխարենը 3+3-ում քննարկվում է կոմունիկացիաների բացման խնդիրը, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայի  հովանավորությամբ, ակտիվորեն առաջ է քաշում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը։ Դժվար է չնկատել նաև, որ ի տարբերություն Մինսկի խմբի, 3+3 ձևաչափում ընդգրկված են ակնհայտ հակահայակական դիրքորոշում ունեցող կամ թշնամական պետություններ։ Այս ֆորմատը հնարավորություն է տալիս Թուրքիային  դե-յուրե ներգրավվել և ակտիվ մասնակցություն ունենալ Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում։ Թուրքիան Մինսկի խմբի համանախագահ չէ, մասնակից չէ նոյեմբերի 9-ի հայտարարությանը, իսկ այս ֆորմատով նա դառնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման անմիջական մասնակից կողմ։  Մյուս կողմից, 3+3 ձաչափը տարածաշրջանային երկրների միավորում է, ուստի ընդունված որոշումը լեգետիմ է միայն տարածաշրջանային մակարդակում, իսկ Մինսկի խմբում ներառված են գլոբալ խաղացողներ և հնարավոր որոշումը կլիներ ընդունելի բոլոր կողմերի համար։ Ինչպես ցույց են տալիս 2020 թ․ պատերազմից հետո տեղի ունեցող իրադարձությունները, Իրանը միակ երկիրն է, որ շահագրգռված է հայ-իրանական սահմանի չփոփոխմամբ, իսկ Ռուսաստանի քաղաքականությունը հիմնված է հնարավոր բոլոր շանսերը օգտագործելու վրա՝ սեփական դիրքերը Հարավային Կովկասում պահպանելու համար։ Ուստի Իրանի և Ռուսաստանի ներկայությունը հավասարակշռում է թուրք-ադրբեջանական տանդեմին։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ քիչ թե շատ նույնատիպ դիրքորոշում ունեին Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում։ Կողմերը բազմիցս հանդես են եկել կոնֆլիկտի խաղաղ կարգավորման շուրջ։ Եվ թեև շրջանառվում է այն թեզը, որ Մինսկի խումբը ձախողեց կոնֆլիկտի լուծումը տերությունների շահերի հակադրությունների պատճառով, կառույցը շարունակում է մնալ Ռուսաստանի և արևմտյան պետությունների հաջող համագործակցության եզակի հարթակներից մեկը։

Ինչպես «Caucasus analytical digest»-ն է նշում՝ Հայաստնը միակ երկիրն է, որ առանձնապես չունի հետաքրքրություններ՝ մասնակցելու 3+3 ֆորմատին, այնուամենայնիվ իշխանությունը չի ուզում «անտեսված և մեկուսացված» մնալ տարածաշրջանային խաղերում։ Հայկական կողմի կարծիքով՝ Երևանը կարող է շահագրգռված լինել «3+3» ձևաչափով, եթե օրակարգում չընդգրկվեն այլ ձևաչափերով արդեն քննարկված հարցեր, այդ թվում՝ Ղարաբաղի շուրջ բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես նաև եռակողմ բանակցություններ տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման շուրջ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև։ Սա 3+3 ձևաչափի 2-րդ հանդիպումն է, որ կայացավ Թեհրանում, հիշեցնենք, որ 1-ին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում, իսկ հաջորդ հանդիպումը նախատեսվում է Անկարայում։ Սա կարող է խորհրդանշական լինել հայ-թուրքական հարաբերությունների «բարելավման» ֆոնին։

Այնուամենայնիվ թուրքական առանցքի շուրջ ստեղծված այս պլատֆորմին Հայաստանի մասնակցությունը չի կարող հանգեցնել հայանպաստ որևէ պայմանավորվածության։ Ավելին, հաշվի առնելով, որ ձևաչափի բոլոր կողմերը ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի մասնակցությունը վավերականացնում է Արցախից հրաժարվելու ՀՀ դե-ֆակտո իշխանությունների դիրքորոշումը։

 

Գայանե Ղուկասյան

 

Related Posts