Նորություններ

Վարժական հավաքներ թե՞ կրկնակի զինծառայություն

21 / 02 / 2023

«Վարժական հավաքների» անվան տակ պետությունը քաղաքացիներին փաստացի ներգավում է մեկ այլ «պարտադիր զինվորական ծառայության»՝ մարդու վրա օրենքից դուրս լրացուչիչ բեռ դնելով:

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը կատարել է ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ «վարժական հավաքներ» անվան տակ Հայաստանի կառավարությունը փաստացի կոնկրետ քանակի քաղաքացիների նորից ներգրավում է մարտական խնդրի կատարման, այսինքն՝ պահեստազոր հաշվառված անձինք նորից փաստացի ներգրավվում են պարտադիր զինվորական ծառայության, իսկ խուսափելու դեպքում ենթարկվելու են ընդհուպ քրեական պատասխանատվության։

Ստացվում է, որ այդ քաղաքացիներն անցնում են մեկ այլ բնույթի «պարտադիր զինվորական ծառայություն»։

Մասնավորապես, 2023 թվականի փետրվարի 2-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» թիվ 122-Ն որոշումը, որով հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ըներառյալ։ Վարժական հավաքներին ներգրավվելու են մինչև 3281 քաղաքացի:

Հարցն այն է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է այն նպատակը, որը դրված է վարժական հավաքների անցկացման հիմքում։

Մասնավորապես, օրենքի 58-րդ հոդվածն ամրագրում է, որ վարժական հավաքներնիրականացվում են՝ (ա) պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելու և (բ) նրանց վերապատրաստելու նպատակով։

Այլ կերպ ասած՝ վարժական հավաքներն ունեն մեկ հիմնական նպատակ՝ կատարելագործել պահետազորում հաշվառված քաղաքացիների գիտելիքներն ու հմտությունները ըստ զինվորական մասնագիտացման:

Մինչդեռ, Կառավարության նշված որոշմամբ սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են ինչպես պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով, այնպես էլ «մարտական հերթապահության ներգրավման նպատակով»։

Ընդ որում՝ քաղաքացիները վարժական հավաքների ներգրավվելու են 25 օրացուցային օրով, որից,ինչպես հայտարարվել էր, 7 օրը քաղաքացին անցնելու է պատրաստություն, իսկ 14 օրը՝«մարտական հերթապահություն»։

Հարց է առաջանում. Սահմանադրության և օրենքի այդ ո՞ր դրույթներն են Կառավարությանը տվել լիազորություն քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո տարիներ անց ներգրավել իր բնույթով պարտադիր զինվորական ծառայության այլ տեսակի` մարտական հերթապահության մեջ։

Արդյունքում առաջանում են մի շարք հարցեր և խնդիրներ, որոնք առնչվում են թե՛ պետական անվտանգությանը, թե՛ վարժական հավաքներին մասնակցող քաղաքացիների առողջությանն ու անվտանգությանը: Չէ՞ որ նրանց շարքերում կան շատերը, որոնք առողջական և ընտանեկան հանգամանքներով ազատվել են ծառայությունից կամ տարկետում ստացել: Իսկ այժմ վարժական հավաքներին պարտավոր կլինեն մասնակցել բոլորն անխտիր:

Նման բարձիթողի և սեփական քաղաքացիների անվտանգության նկատմամբ քամահրական վերաբերմունքի արդյունք է նաև այն, որ ամեն ամիս գրանցվում է նվազագույնը 1-2 դեպք, երբ զորամասերում հայտնաբերվում են անհայտ պայմաններում մահացու վիրավորում ստացած կամ հանկարծամահ եղած զինվորների դիեր, որոնց մահվան հանգամանքները շատ դեպքերում այդպես էլ չեն պարզաբանվում:

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *