Նորություններ

 «Անատոլիական արծիվ – 2022» վարժանքներ

21 / 06 / 2022

Երեկ՝ 2022թ․-ի հունիսի 20-ին, Թուրքիայի Քոնիա քաղաքում գտնվող ավիաբազայում մեկնարկել են «Անատոլիական արծիվ – 2022» թռիչքային-մարտավարական զորավարժանքները, որոնք կտևեն մինչև հուլիսի 1-ը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը իր թվիթերյան էջում[1]։  Վարժանքներին մասնակցում են Ադրեբեջանի, Պակիստանի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի և ՆԱՏՕ-ի  ռազմաօդային ու ռազմածովային ուժերը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կադրեր է հրապարակել բարեկամ և դաշնակից երկրների ինքնաթիռների՝ Քոնիայի 3-րդ  գլխավոր ավիաբազայի հրամանատարությանը փոխադրումից[2]։ Ադրբեջանը վարժանքներին ներկայացված է Սու-25 և ՄԻԳ-29 կործանիչներով։ Թուրքիայում  նման միջազգային վարժանքներ կազմակերպվել են նաև 2021 թ․-ին Ադրբեջանի, Կատարի և Պակիստանի մասնակցությամբ։

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական ոլորտում համագործակցությունը մեկնարկել է  Ադրբեջանի անկախանալուց ի վեր։  Դեռևս 1991թ․-ի հոկտեմբերի 11-ին պաշտոնական այցով Բաքու էր ժամանել Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Դողան Գյուրեշը և հանդիպել էր Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարար գեներալ Վալեհ Բարշադլըի հետ։ Արցախյան առաջին պատերազմի ամբողջ ընթացքում Թուրքիան աջակցել է Ադրբեջանին ոչ միայն զենք և զինամթերք մատակարարելով, այլև պրոֆեսիոնալ զինվորական կադրերով և հրահանգիչներով, ովքեր օգնել են Ադրբեջանի զինված ուժերին գործողությունների պլանավորման հարցում խորհրդատվությամբ և նորակոչիկների մարտական պատրաստությամբ։ Պատերազմի տարիներին Ադրբեջանի նախագահի  ռազմական հարցերով խորհրդականը եղել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հետախուզության վարչության նախկին ղեկավար Յաշար Դեմիրբուլաքը։

2010թ․-ի օգոստոսի 16-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են «Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության և փոխօգնության մասին» պայմանագիրը[3], որի հիմնական նպատակը հակակշռելն էր նույն տարվա օգոստոսի 20-ին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների  միջև ստորագրված արձանագրությանը, որով Ռուսաստանը պարտավորվում էր ապահովել  Հայաստանի անվտանգությունը, իսկ Հայաստանը երկարաձգեց ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը։ Թուրք-ադրբեջանական պայմանագրով կողմերը պարտավորվում էին կողմերից որևէ մեկի վրա երրորդ երկրի հարձակման դեպքում օգնություն ցուցաբերել։ Բացի այդ՝ միասնական ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով, ըստ պայմանագրի, կողմերը պետք է կատարելագործեն ռազմական ենթակառուցվածքները, անցկացնեն համատեղ զորավարժություններ, նախաձեռնեն քայլեր երկու երկրների զինած ուժերի բազմակողմ մարտական պատրաստվածությունը ապահովելու նպատակով։ Այս պայմանագիրը դարձավ կարևորագույն տարրերից մեկը Ադրբեջանի համար ժամանակակից մարտունակ զինված ուժեր ստեղծելու ճանապարհին։       

Ըստ Ադրբեջանի և Թուրքիայի միջև 1992թ․-ի օգոստոսի 11-ին «Ռազմական կրթության ոլորտում համագործակցության» համաձայնագրի՝ ամեն տարի հարյուրավոր ադրբեջանցի զինծառայողներ մեկնում են Թուրքիա՝ Թուրքիայի ԶՈՒ հաստատություններում կրթություն ստանալու համար։ 2022թ․-ի  հունիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալը հայտնեց, որ ավելացվել է Թուրքիայում սովորող ադրբեջանցի զինվորականների թիվը և  ներկայումս 200 սպաներ կրթություն են ստանում Թուրքիայի ԶՈՒ տարբեր հաստատություններում[4]։ Անհրաժեշտ է հավելել նաև, որ 2021 թ. հունիսի 15-ի այսպես կոչված «Շուշիի հռչակագրով» Թուրքիան և Ադրբեջանը հանձնառու են դարձել խորացնելու երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Հավելենք նաև, որ վերջին տարիներին կտրուկ աճել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով անցկացվող զորավարժությունների քանակը։


[1] https://twitter.com/tcsavunma/status/1538842281276588033?t=d1qYSUH-wNnd88MwJ5GK5A&s=09 (հղվել է 21․06․2022)

[2] https://twitter.com/tcsavunma/status/1538186750551539719?t=Ez5qThLpmW6CzDhkPSh7Pg&s=09 (հղվել է 21․06․2022)

[3] http://www.e-qanun.az/downloadWord/21158 (հղվել է 21․06․2022)

[4] https://report.az/ru/armiya/uvelicheno-chislo-obuchayushihsya-v-turcii-azerbajdzhanskih-voennyh/ (հղվել է 21․06․2022)

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published.