Վերլուծություն

ՀՀ ռազմական բյուջեն 2016-2020 թթ. և սպառազինության ձեռքբերումը 2008-2018 թթ.

04 / 10 / 2022

Իշխանության գալուց հետո գործող դե-ֆակտո իշխանությունները պարբերաբար դաշտ են նետում թեզ, ըստ որի՝ իրենց օրոք ռազմական գնումները գերազանցել են նախորդ ղեկավարների օրոք կատարված գնումները։ Այսպես՝ 2021 թ․ հունիսի 9-ին Գյումրիում այն ժամանակ վարչապետի դե-ֆակտո ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություններ է արել նախկին նախագահների և իր օրոք սպառազինությունների գնման ծավալների մասին։ Վերջինիս խոսքերով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Հայաստանը ձեռք է բերել 100 մլն դոլարի զենք, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ՝ 121 մլն դոլարի, Սերժ Սարգսյանի ժամանակ՝ 247 մլն դոլարի, իսկ իր իշխանության 3 տարիներին՝ 248 մլն դոլարի[1]։ Իսկ մինչ այդ՝ հունիսի 7-ին Ն․Փաշինյանը հայտարարել էր, որ գործող իշխանությունը պաշտպանական բյուջեն 2018-2020 թթ․ավելացրել է 48%, այն է՝ 63 մլրդ դրամով[2]։

Վերջերս՝ 2022 թ. սեպտեմբերի 8-ին, իշխանամերձ աղբյուրները, իրենք իրենց հղում անելով, խիստ կասկածելի տվյալներով կրկնեցին 1 տարի առաջ դե-ֆակտո վարչապետի հայտնած թվերը[3]։ Դե-ֆակտո վարչապետի այս հայտարարությունները բավականին տարօրինակ են, ուստի՝ փորձենք հասկանալ, թե որքանով են այս տվյալները համապատասխանում հրապարակված պաշտոնական ու բաց աղբյուրներում առկա այլ փաստերին։ Մենք կքննենք տարբեր ժամանակահատվածների ինչպես սպառազինության ձեռքբերումները, այնպես էլ Հայաստանի պաշտպանական բյուջեները։

Փաշինյանի հրապարակած թվերն ու իրականությունը

Ինչպես նշեցինք, դե-ֆակտո վարչապետի հայտարարությունները մեզ բավականին տարօրինակ թվացին։ Պատճառն այն է, որ առնվազն մի քանի շատ հայտնի ձեռքբերումների գումարն էապես գերազանցում է այդ թվերին։ Այսպես օրինակ՝ Լ․ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին միայն 1994-1996 թթ․ Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել առնվազն 1 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն։ Այս տվյալները դեռ 1997 թ․-ին ՌԴ պառլամենտական հետաքննության արդյունքներով հրապարակել էր գեներալ Լև Ռոխլինը, որն այն ժամանակ Ռուսաստանի պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահն էր[4]։ Սա ամենացայտուն օրինակն է, սակայն համանման պատկեր է ստացվում նաև երկրորդ ու երրորդ նախագահների դեպքում, որոնց օրոք նույնպես ձեռք է բերվել ահռելի քանակության զենք, զինամթերք, ինչպես օրինակ՝ Սու-25 գրոհիչներ, Ս-300ՊՏ/ՊՍ զենիթահրթիռային համակարգեր, «Տոչկա» և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ և այլն։

Եվ ուրեմն ի՞նչ թվեր է հրապարակում Ն․ Փաշինյանը։ Չէ՞ որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը պիտի ձեռքի տակ ունենար ստույգ տվյալները։ Այս առումով ուշագրավ է, որ դե-ֆակտո վարչապետի հայտնած թվերը զարմանալիորեն համընկնում են «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIPRI) տվյալների բազայում[5] առկա թվերին, որին հղում են կատարում նաև վերը հիշատակված մերձիշխանական աղբյուրները։ SIPRI-ն հեղինակավոր կառույց է, որը, սակայն, տվյալների իր բազան համալրում է առավելապես փորձագիտական կարծիքների ու մամուլի հրապարակումների հիման վրա։ Ընդ որում՝ Հայաստանը մի կողմից SIPRI համար առավել առաջնահերթ երկրների ցանկում չէ, իսկ մյուս կողմից էլ՝ Հայաստանի վերաբերյալ հուսալի անգլալեզու տվյալները քիչ են, ինչն էլ հանգեցնում է էական սխալների։ Օրինակ՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկությունների, Հայաստանը ձեռք է բերել առնվազն 870.9 մլն դոլարի սպառազինություն (առավել մանրամասն տե՛ս ստորև)։

ՀՀ պաշտպանական բյուջեն 2016-2022 թթ

Այժմ անդրադառնանք պաշտպանական բյուջեի մասին հնչեցված թվերին։ Աղյուսակում ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2016-2022 թթ․ Հայաստանի պաշտպանական բյուջեները դրամով ու դոլարով, ինչպես նաև ընդունված բյուջեի կատարված արժեքը (բյուջեի կատարողականը), որովհետև հաճախ տարվա վերջում ծախսված գումարները տարբեր են լինում բյուջեում նախապես պլանավորվածից։ Տվյալները ներկայացվում են՝ ըստ ֆինանսների նախարարության ամենամյա հաշվետվությունների (դոլարային ցուցանիշները հաշվված են՝ ըստ Կենտրոնական բանկի սահմանած տվյալ տարվա դրամի միջին փոխարժեքի)։

Տարի Ընդունված բյուջե Բյուջեի կատարողական Կատարողական տոկոս Աճ/նվազում՝համեմատած նախորդ տարվա հետ (դրամ/դոլար)
2016 217.4 մլրդ դրամ (458․5 մլն դոլար) 225.9 մլրդ դրամ (476.4 մլն դոլար) 103.9 % +13.8% / +14.7%
2017 296.4 մլրդ դրամ (619 մլն դոլար) 294.4 մլրդ դրամ (615 մլն դոլար) 99.3 % +30.3% / +29.1%
2018 247.4 մլրդ դրամ (514.9 մլն դոլար) 238.5 մլրդ դրամ (496.4 մլն դոլար) 96.3 % -23.4% / -19.3%
2019 324.4 մլրդ դրամ (664.2 մլն դոլար) 307.4 մլրդ դրամ (629.4 մլն դոլար) 94.8 % +22.4% / +26.8 %
2020 307.3 մլրդ դրամ + 93 մլրդ (801 մլն դոլար) 387.5 մլրդ դրամ (775.4 մլն դոլար) 96.8 % +26% / +23.3%
2021 337.366 մլրդ դրամ (670.7 մլն դոլար) 336.797 մլրդ դրամ (669.5 մլն դոլար) 99.8 % +9,78%/-16,26%
2022 345,4 մլրդ դրամ (716 մլն դոլար) Տվյալները բացակայում են Տվյալները բացակայում են +2,38%/+6,86

Ուշագրավ է, որ 2020 թ․ 400.3 մլրդ դրամ ցուցանիշը ռազմական դրությամբ պայմանավորված 93 մլն դրամ հատկացումի շնորհիվ է գոյացել, քանզի 2020 թվականի պաշտպանական ծախսերի համար հաստատվել էր 307.2 մլրդ դրամ բյուջե, որը 5.5%-ով քիչ էր 2019 թ․ համար հաստատված 324.4 մլրդ դրամ ցուցանիշից[6]։ Հարկ է նշել նաև, որ 2018–2020 թթ․ընթացքում՝ նույնիսկ պատերազմական 2020 թվականին, պաշտպանական ոլորտի ծախսերը թերակատարվել են՝ ի տարբերություն 2016 թ․, որը նույնպես պատերազմական տարի էր։

Վերը նշված թվական տվյալների մեջ հետաքրքրաշարժ է 2017 թ․ պաշտպանական ոլորտին 296.4 մլրդ դրամ հատկացումը։ Ըստ ֆինանսների նախարարության՝ 2018 թ․ հրապարակված նախորդ տարվա բյուջեի կատարողական հաշվետվության[7]՝ 296.4 մլրդ դրամից 86.6 մլրդ դրամը (2017 թվականի միջին փոխարժեքով մոտ 180 մլն դոլար) ՌԴ տրամադրած պետական արտահանման վարկն է, որը տրամադրվել էր ռուսական արտադրության ռազմական նշանակության մատակարարումների համար։ Սերժ Սարգսյանի իշխանության 10 տարիների ընթացքում սրանից զատ՝ հայտնի են ևս մի քանի խոշոր ռազմական գնումներ, որոնց կանդրադառնանք ստորև։

Այժմ անդրադառնանք 2018 թվականին, երբ բացի արդեն ընդունված բյուջեն թերակատարելուց՝ կառավարությունը չի օգտագործել նախորդ տարվա ռուսական վարկից մնացած 3.3 մլրդ դրամը, ինչի մասին նշված է 2018 թ․ բյուջեի կատարողականի մասին Ֆինանսների նախարարության հաշվետվությունում[8]։ Ինչ վերաբերում է բյուջեի նվազմանը, ապա վերջինս պայմանավորված է նախորդ տարի ստացած վարկային միջոցները 2017թ․ բյուջեի մեջ ներառելու հետ։ Ընդ որում՝ կարևոր է հետևել նաև պաշտպանական բյուջեի դոլարային արժեքի տարբերությանը, քանզի սպառազինության ձեռքբերումը չի կատարվում դրամով, որը վերջին 5 տարիներին ունեցել է բավականին մեծ տատանում։

Կարևոր է նաև ռազմական բյուջեն դիտարկել ՀՆԱ-ի հետ հարաբերակցության տեսանկյունից, քանզի դա երկրի ռազմական ներուժն ավելացնելու կամ նվազեցնելու միտումները ցույց տվող չափանիշ է։

Տարի Բյուջեի կատարողական ՀՆԱ-ի տոկոս ՀՆԱ-ի տոկոսի փոփոխություն
2016 225.9 մլրդ դրամ (476.4 մլն դոլար) 4,45% 0
2017 294.4 մլրդ դրամ (615 մլն դոլար) 5,29% 18,8%
2018 238.5 մլրդ դրամ (496.4 մլն դոլար) 3,96% -25,1%
2019 307.4 մլրդ դրամ (629.4 մլն դոլար) 4,69% 18,4%
2020 387.5 մլրդ դրամ (775.4 մլն դոլար) 6,26% 33,4%
2021 336.797 մլրդ դրամ (669.5 մլն դոլար) 4,82% -23%
2022 Տվյալները բացակայում են 4,8 % 0

Ինչպես երևում է աղյուսակում, 2018 թ․ իշխանափոխությունից հետո կտրուկ նվազել է ՀՆԱ-ի հարաբերակցությամբ ռազմական բյուջեի հատկացումները։ Ու թեև 2019 թ․ նույն ցուցանիշով ռազմական բյուջեն աճում է, սակայն այն շարունակում է զիջել 2017 թ․ ցուցանիշին։ 2017 թ․ ցուցանիշին զիջում են նաև 2021 և 2022 թվականի ցուցանիշները, երբ տրամաբանորեն պատերազմում պարտվելուց հետո իշխանությունները պարտավոր էին ջանք չխնայել երկրի ռազմական ներուժը վերականգնելու համար։

Սպառազինության ձեռքբերումը 2008-2018 թթ

Վերը նշված խոշոր ռազմական գնումներից մեկը 2Կ11 «Կռուգ» ՀՕՊ համակարգերի փոխարինումն էր Ս-300 զենիթահրթիռային համակարգերով[9]։ Ընդհանուր 5 դիվիզիոններից 3-ը կազմված էին Ս-300ՊՏ և ևս 2 դիվիզիոն Ս-300ՊՍ համալիրներից։ Ս-300ՊՍ համակարգերի հայտնի վաճառքներից միջինացված գինը 1 դիվիզիոնի համար 30 մլն դոլար է։ Լավ օրինակ է ՀԱՊԿ մեկ այլ անդամ երկիր Ղազախստանը, որը 2009 թ․ 10 դիվիզիոնի համար վճարել էր 300 մլն դոլար[10]։ Կարող ենք հետևություն անել, որ 5 դիվիզիոնի համար Հայաստանը վճարել է միջինացված 150 մլն դոլար։

Հաջորդ հայտնի գործարքը 2011 թ․-ին էր, երբ Հայաստանը ձեռք բերեց 1 միավոր Իլ-76ՏԴ բեռնափոխադրող ինքնաթիռ[11]։ Համանման գործարք Հայաստանը կնքել էր նաև 2004 թ․-ին՝ 2 միավոր Իլ-76Մ-ի (կողային համարները՝ 86040 և 86852) համար՝ վճարելով 70 մլն դոլար։ Հաշվի առնելով, որ գործարանային Իլ-76-ի արժեքը 65-70 մլն դոլար է, ապա իրատեսական է, որ 2011 թ․ձեռք բերված Իլ-76-ն արժեցել է մոտ 35 մլն դոլար։ Ուշագրավ են նաև  2011-2013 թթ․ վերոնշյալ 3 բորտերի հաճախակի թռիչքները դեպի Դոնի Ռոստով[12]։ Հայտնի է, որ այդ չվերթներով Հայաստանը տեղափոխել էր ձեռք բերած առնվազն 2 միավոր Մի-24 հարվածային ուղղաթիռները[13]։ Իսկ «Ռոստվեռտոլ» ընկերության 2010 թ․ հաշվետվության մեջ առկա էր տեղեկություն վաճառելուց առաջ Մի-24 ուղղաթիռների երկու ֆյուզելյաժների՝ ռուսական կողմից նորոգման աշխատանքների նախապատրաստման մասին[14]։ Ընդ որում` խոսքը վստահաբար 2011 թ․ վերոհիշյալ 2 ուղղաթիռների մասին չէր, քանի որ դրանք երկուսն էլ եղել են «Մի-24Վ» տիպի, իսկ հաշվետվությունում խոսքը Մի-24Կ և Մի-24Պ ուղղաթիռների մասին է։ Մի-24 հարվածային ուղղաթիռների միջին գինը 10-15 մլն դոլար է[15], հետևաբար՝ 4 միավոր Մի-24-ների համար Հայաստանն ամենայն հավանականությամբ վճարել է առնվազն 40 մլն դոլար։

2011 թ․ երևանյան զորահանդեսի ժամանակ ցուցադրվեցին «Տոչկա–Ու» հրթիռային համակարգերը[16], 2013 թ․ «Զինուժը» ցուցադրեց արցախյան ՀՕՊ–ի մասին կադրեր, որոնցում երևում էին «Կուբ» զենիթահրթիռային համակարգերը[17], իսկ 2016 թ․ ՝ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերը[18]։ Մոտավոր հաշվարկներով[19] Հայաստանի ունեցած «Իսկանդեր» համակարգերն արժեն 70-100 մլն դոլար։ Սակայն «Տոչկա–Ու» և «Կուբ» հրթիռային համակարգերի հայտնի գործարքների բացակայության պատճառով վերոնշյալ տեխնիկաների համար դժվար է մոտավոր արժեք հաշվել։

Պետք է նաև հաշվի առնել, որ ձեռք բերվող սպառազինության մասին և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի կառավարությունները բավականին սակավախոս էին, և շատ հաճախ ձեռքբերումների մասին տեղեկանում էինք գործընկեր երկրի ռազմարդյունաբերողների հաշվետվություններից, որոնք ոչ միշտ են հասանելի։  Հիշեցնենք 2012 թ. սեպտեմբերին Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հարցազրույցներից մեկը, երբ վերջինս հայտարարեց[20], որ Արցախի պաշտպանական շրջաններն արդեն լիովին զինված են հրետանիով և արդեն կարող են կատարել իրենց մարտական խնդիրներն առանց ավելի բարձր մակարդակի ստորաբաժանումների աջակցության կամ բանակի հրամանատարի ռեզերվի ներգրավման։ Այս արտահայտությունը գործնականում նշանակում է առնվազն 350 միավոր տարբեր տրամաչափերի ականանետների, քարշարկվող և ինքնագնաց հրետանային միջոցների ձեռքբերում, ինչի մասին կարող եք կարդալ «Ռազմ․ինֆո» մասնագիտական կայքի «Հայաստանը սպառազինության մրցավազքում» վերլուծականը (19 հունիսի 2013 թ․)։ Քանի որ բաց տեղեկատվություն չկա, թե կոնկրետ քանի միավոր և ինչ մոդելի հրետանային միջոցների ձեքբերման մասին էր հայտնում Մ․Հակոբյանը, դժվար է հետևություն անել ծախսած գումարի մասին, սակայն կարող ենք նշել, որ ինքնագնաց հրետանային միջոցներից մեզ հասանելի շուկայում ամենաէժանը «Գվոզդիկան» է, որի 1 միավորն արժե մոտ 300 հազար դոլար։

Հիշեցնենք նաև 2011 թ․ «Մոլդովական սկանդալը», երբ տարբեր գնահատականներով Հայաստանը Մոլդովայից գնել էր 3-5 մլն դոլար արժողությամբ սպառազինություն[21]։ Ըստ մոլդովական մամուլի հրապարակումների՝ Հայաստանը գնել էր «Շտուռմ», «Ֆագոտ», «Մալյուտկա» հակատանկային համակարգեր, «Ս-8 ԿՈՄ» հրթռիռներ և դրանց արձակման «Բ-8Մ1» համակարգեր, 152 մմ արկեր, «Կոբրա» հրթիռների վերահսկող-ստուգող 9Վ862 և 9Վ863 սարքեր, «Կոնկուրս-Մ» հակատանկային համակարգի վերահսկող-ստուգող 9Վ871-3 սարքեր, ինչպես նաև «Շտուռմ», «Ֆագոտ», «Մալյուտկա», «Կոնկուրս», «Մետիս» հակատանկային համակարգերի մեծ թվով հրթիռներ։

Բացի վերը նշվածից՝ կարևոր է ծանոթանալ նաև SIPRI-ի և ՄԱԿ-ի սովորական սպառազինության ռեգիստրի տվյալների հետ՝ չմոռանալով, իհարկե, որ դրանք նույնպես լիարժեք չեն ու պետությունները գրեթե միշտ չեն ներկայացնում արտահանումների կամ ներկրումների ամբողջական պատկերը։

Այսպես՝ ըստ ՄԱԿ-ի զեկույցների, Հայաստանը 2016 թ․ ձեռք է բերել 2 միավոր «Սմերչ» ՀԿՌՀ, 100 միավոր «Իգլա–Ս» դյուրակիր զենիթահրթիռային համակարգ և 200 միավոր «Իգլա-Ս»-ի համար նախատեսված հրթիռ[22]։ Հայտնի գնումները հիմք ընդունելով՝ «Սմերչի» 1 միավորն իր 24 հրթիռներով արժի 10-12.5 մլն դոլար։ Կարող ենք եզրակացնել, որ 2 միավորի համար Հայաստանը վճարել է առնվազն 20 մլն դոլար, իսկ 100 միավոր «Իգլա-Ս»-ի և հրթիռների համար, կրկին համեմատելով հայտնի գնումների հետ, առնվազն՝ 6 մլն դոլար։ Հատկանշական է, որ ըստ Ռուսաստանի ներկայացրած զեկույցի՝ Հայաստանին վաճառել են 300 միավոր «Իգլա-Ս»[23]։

Ռուսաստանի՝ ՄԱԿ-ին ներկայացրած 2013 թ․ զեկույցի համաձայն[24]՝ Հայաստանը Ռուսաստանից գնել է կրկին 200 միավոր դյուրակիր զենիթահրթիռային համակարգ (ամենայն հավանականությամբ «Իգլա–Ս»՝ ≈12 մլն դոլար արժողությամբ), 110 միավոր ԲՄՊ (կոնկրետ մոդելը նշված չէ, ուստի՝ գործարքի հավանական արժեքը կներկայացնենք ըստ ամենաէժան տարբերակի՝ 1 միավոր ԲՄՊ-1 ≈220 հզ դոլար, 110 միավորը՝ ≈24 մլն դոլար) և 35 միավոր տանկ։ Քանզի մեր բանակի սպառազինությունում հիմնականում Տ-72 տանկեր են, իսկ 1 միավորի գինը կախված տեխնիկական վիճակից տատանվում է 0.8-1.5 մլն դոլարի սահմաններում, 35 միավորի համար իրատեսական է ≈30 մլն դոլար արժեքը (ընդհանուր՝ ≈66 մլն դոլար)։

Արժանահիշատակ է, որ 2012 թ․ դանիական տեսչական խումբը Եղվարդում ստուգումների արդյունքում հայտնաբերել էր մոտ 60 միավոր տանկ, ավելի քան 50 միավոր հետևակի մարտական մեքենա և մոտ 120 զրահափոխադրիչ[25]։ Վերևում արդեն նշել էինք Տ-72 տանկերի և ԲՄՊ-1-երի գները, ուստի՝ 60 միավոր Տ-72-ը գնահատվում է շուրջ 51.4 մլն դոլար, 50 միավոր ՀՄՄ-ն՝ 11 մլն դոլար, իսկ 120 միավոր զրահափոխադրիչը՝ 36 մլն դոլար (ԲՏՌ-80 զրահափոխադրիչները, կախված տեխնիկական վիճակից, գնահատվում են 300-350 հազար դոլար)։

Դարձյալ ըստ ՄԱԿ-ի զեկույցի[26]՝ 2010 թ․ Հայաստանը Ուկրաինայից գնել է 2 միավոր Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ (ևս 2 միավոր էլ՝ 2004 թ․-ին), որոնք, կախված տեխնիկական վիճակից, տատանվում են 200-300 հազար դոլարի սահմաններում (2 միավորը՝ ≈0.5 մլն դոլար)։ Իսկ SIPRI-ի զեկույցներից արժանահիշատակ է 2016 թ․ 100 մլն դոլարի հրթիռների գնումը[27]։ Ամենայն հավանականությամբ խոսքն «Իսկանդեր» համակարգերի համար նախատեսված հրթիռների մասին է։

Վերջում հավելենք, որ 2019 թ․ դեկտեմբերին Հայաստանի ԶՈՒ-ն համալրվեց «Տոռ-Մ2ԿՄ» համակարգերով[28]։ Ու թեև ՀՕՊ միջոցը մատակարարվել է 2019 թ․, սակայն գնման պայմանագիրը կնքվել է Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին, իսկ ըստ ռուսական «Ռեգնում» կայքի՝ «Տոռ-Մ2ԿՄ» համակարգերի գործարքը եղել է 2017 թ․, երբ միանգամից կնքվել էր ընդհանուր 100 մլն դոլարը գերազանցող 3 պայմանագիր[29]։

Այսպիսով՝ համադրելով բաց աղբյուրներից ունեցած վերոնշյալ տեղեկությունները և միանշանակ չունենալով 2008-2018 թթ սպառազինության ձեռքբերման լիարժեք պատկերը՝ կարող ենք փաստել, որ ռազմական տեխնիկա գնելու համար նշված ժամանակահատվածում Հայաստանը ծախսել է առնվազն 870.9 մլն դոլար (870.9 մլն դոլարի մեջ ներառված չեն «Տոչկա–ՈՒ» և «Կուբ» համակարգերի արժեքները, Մովսես Հակոբյանի՝ 2012 թ․ հայտարարած 350 միավոր հրետանային միջոցների արժեքները), որը, եթե հիմք ընդունենք իշխանության տարածած տեղեկատվությունը սեփական գնումների մասին, առնվազն 4 անգամ ավել է Ն․ Փաշինյանի օրոք կատարված ռազմական գնումներից։

Ռոբերտ Նազարյան, ռազմական փորձագետ

 

[1] Երկու տարվա ընթացքում մենք ավելի շատ զինամթերք ենք ձեռք բերել, քան Քոչարյանն ու Սարգսյանը․ Փաշինյան, 09.06.2021 թ․, https://www.youtube.com/watch?v=pM78zi1YqWU (հղվել է 25.09.2022 թ․)։

[2] Արմավիրի մարզ՝ Էջմիածին, 07.06.2021 թ․, https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1765017303694759/ (հղվել է 25.09.2022 թ․)։

[3] 2018-2021 թվականներին Հայաստանը 280 մլն դոլարի զենք է ներկրել․ ՀՀ որ ղեկավարի օրոք որքան գումար է ծախսվել սպառազինության վրա, 08.09.2022 թ․, https://civic.am/politics/armenia/40479-2018-2021-280-radaram.html (հղվել է 25.09.2022 թ․) (արտատպված ըստ 2018-2021 թվականներին Հայաստանը 280 մլն դոլարի զենք է ներկրել, 26.04.2022 թ․, https://radar.am/hy/news/social-2501954637/ (հղվել է 25.09.2022 թ․))։

[4] Баранец В.Н., Генштаб без тайн. В 2-х тт. — М.: Москва, Вагриус, 1999. — 463/463 стр., Глава 2 Как вооружался Кавказ,Генерал Рохлин разоблачает, http://militera.lib.ru/research/baranets1/02.html (հղվել է 25.09.2022 թ․)։

[5] https://www.sipri.org/databases (հղվել է 25.09.2022 թ․)։

[6] Պետական բյուջեի հաշվետվություն, 2020 թ․, էջ 470, https://minfin.am/hy/page/petakan_byujei_hashvetvutyun/ (հղվել է 25.09.2022 թ․)։

[7] Պետական բյուջեի հաշվետվություն, 2017 թ․, էջ 203, https://minfin.am/hy/page/petakan_byujei_hashvetvutyun/ (հղվել է 25.09.2022 թ․)։

[8] Պետական բյուջեի հաշվետվություն, 2018 թ․, էջ 246, https://minfin.am/hy/page/petakan_byujei_hashvetvutyun/ (հղվել է 25.09.2022 թ․)։

[9] Հայաստանում Ս-300-ը փոխարինում է 2Կ11 «Կռուգ»-ին, 21.05.2012 թ․, https://razm.info/5198 (հղվել է 25.09.2022 թ․)։

[10] KADEX-2012 Вторая Международная выставка вооружения и военно-технического имущества, г. Астана, Казахстан, 3-6 мая, https://armstrade.org/files/analytics/137.pdf (հղվել է 25.09.2022 թ․)։

[11] КАРТОЧКА БОРТА, Ильюшин Ил-76ТД, Бортовой №: EK-76345, https://russianplanes.net/reginfo/30495 (հղվել է 25.09.2022 թ․)։

[12] Հայկական բեռնատար ինքնաթիռները Դոնի Ռոստովում (ֆոտո), 14.12.2011 թ․, https://razm.info/1357 (հղվել է 25.09.2022 թ․); Սպառազինության «շոփինգի» հայկական առանձնահատկությունները, 14.12.2012 թ․, https://razm.info/10633 (հղվել է 25.09.2022 թ․); Հայաստանի ռազմաօդային ուժերի բեռնատարները կրկին Դոնի Ռոստովում են (ֆոտո), 10.05.2013 թ․, https://razm.info/11170 (հղվել է 25.09.2022 թ․); Հայկական «Իլ-76»-ը նորից Դոնի Ռոստովում է (ֆոտո), 28.12.2011 թ․, https://razm.info/1571 (հղվել է 25.09.2022 թ․)։

[13] Հայկական «Իլ-76»-ը նորից Դոնի Ռոստովում է…։

[14] Սպառազինության «շոփինգի» հայկական առանձնահատությունները…։

[15] Տե՛ս ВВС Мьянмы приобрели 50 российских ударных вертолетов Ми-24, 14.09.2010 թ․, https://vpk.name/news/44248_vvs_myanmy_priobreli_50_rossiiskih_udarnyh_vertoletov_mi-24.html (հղվել է 25.09.2022 թ․); Уганда тайно поставила Южному Судану вертолеты Ми-24, закупленные в России, 11.12.2015 թ․, https://bmpd.livejournal.com/1620482.html (հղվել է 25.09.2022 թ․)։

[16] Հայաստանը սպառազինության մրցավազքում, 19.06.2013 թ․, https://razm.info/13023 (հղվել է 25.09.2022 թ․)։

[17] Պաշտպանության բանակն արդեն զինված է «Կուբ» զենիթահրթիռային համակարգով (վիդեո), 16.06.2013 թ․, https://razm.info/12781 (հղվել է 25.09.2022 թ․)։

[18] Զորահանդեսին ցուցադրվեցին ՀՀ ԶՈւ նոր համալրումները, 21.09.2016 թ․, https://razm.info/88728 (հղվել է 25.09.2022 թ․)։

[19] Ինչպես է ձեռք բերվել «Իսկանդերը» և ինչ արժե, 27.09.2016 թ․, https://a1plus.am/ru/article/149875 (հղվել է 25.09.2022 թ․)։

[20] Movses Hakobyan, 24.09.2012 թ․, https://www.youtube.com/watch?v=gOuHPIfyRWc&t=309s (հղվել է 25.09.2022 թ․)։

[21] Շարունակվում է սկանդալը Հայաստանին վաճառված զենքի շուրջ , 04.10.2011 թ․, https://razm.info/30 (հղվել է 25.09.2022 թ․)։

[22] UNROCA original report Armenia 2016, https://www.unroca.org/armenia/report/2016/ (հղվել է 25.09.2022 թ․)։

[23] UNROCA original report Russian Federation 2016, https://www.unroca.org/russian-federation/report/2016/ (հղվել է 25.09.2022 թ․)։

[24] UNROCA original report Russian Federation 2013, https://www.unroca.org/russian-federation/report/2013/ (հղվել է 25.09.2022 թ․)։

[25] Հայաստանի ու Ադրբեջանի «տանկային բալանսի» խնդիրը, 26.08.2013 թ․, https://razm.info/18679 (հղվել է 25.09.2022 թ․)։

[26] Տե՛ս համապատասխան թվականի և Ուկրաինա երկրի ներքո https://www.unroca.org/ կայքում։

[27] Տե՛ս համապատասխան տվյալները https://armstrade.sipri.org/armstrade/html/export_values.php (հղվել է 30.06.2021 թ․)։

[28] Հայաստանը ստացել է «Տոռ» զենիթահրթիռային համալիրները․ Թարմացված, 21.12.2019 թ․, https://razm.info/139286(հղվել է 25.09.2022 թ․)։

[29] Армения получит российские зенитные ракетные комплексы «Тор-М2», 20.05.2018 թ․, https://regnum.ru/news/polit/2417773.html (հղվել է 25.09.2022 թ․)։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *