Խոսույթների (դիսկուրս) ժամանակակից պայքարում կարևոր տեղ է գրավում տեղեկատվական դաշտում գերակայությունը։ Սույն պայքարի կարևոր տարր է այնպիսի օրակարգ ձևավորելու կարողությունը, որը կզբաղեցնի առաջատար դիրք և կդառնա հասարակության հիմնական քննարկման առարկա: Դա հնարավոր է երկու բաղադրիչների համադրությամբ։ Առաջին բաղադրիչը լսարանի ուշադությունը հիմնական խնդրից երկրորդականին կտրուկ շեղումն է։
Դրա օրինակն է Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի ներկայիս գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի կալանավորումը։ Հենց այս լուրը սկսեց գերիշխող դիրք զբաղեցրեց հայկական տեղեկատվական դաշտում։
Հասկանալու համար, թե այս կալանքը ինչ խնդիր է լուծում, կարևոր է ուշադրություն դարձնել իրադարձությունների ժամանակագրությանը։ Ձերբակալությունից հինգ օր առաջ՝ օգոստոսի 25-ին, դե-ֆակտո իշխանությունները Ադրբեջանին էին հանձնել Բերձորը, Աղավնոն և Սուսը։ Համազգային մասշտաբի այս ողբերգությունը Հայաստանում գործող ռեժիմի նկատմամբ բացասական տրամադրություններ է կուտակել։ Ձերբակալության օրը՝ օգոստոսի 30-ին, հանձնվել էր Բերձորի միջանցքը և գործարկվել Հայաստանի և Արցախի միջև կապի նոր երթուղին։ Ապազգային քաղաքականության պատճառով հասարակական բացասական տրամադրությունների կրկնապատկում թույլ չտալու համար, այդ օրը նախատեսված ձերբակալությունը ողջ ուշադրությունը կենտրոնացրեց այս իրադարձության վրա՝ ստվերելով նշված քայլերը։
Հաջողության երկրորդ բաղադրիչը ընտրված իրադարձության վրա ուշադրության կենտրոնացումն է։
Այսպես, Հայաստանի քննչական կոմիտեն պնդում է, որ գեներալ-լեյտենանտ Արզումանյանը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի ժամանակ՝ կազմակերպելով Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանությունը, ցուցաբերել է անփույթ վերաբերմունք իր ծառայողական պարտականությունների նկատմամբ, դրանք չկատարելով և ոչ պատշաճ կատարելով, ինչը հանգեցրել է քաղաքի վերահսկողության՝ ամբողջական անցմանը Ադրբեջանի Զինված ուժերին։
Այսպիսով, Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները նշանակեցին Շուշիի անկման մեղավորներին։ Հայ հասարակության հիմնական ցանկությունն է պատժել 2020 թվականի կապիտուլյացիայի մեղավորներին։ Կապիտուլյացիայի խորհրդանիշը Շուշիի անկումն է, քանի որ այս իրադարձությունից հետո պատերազմը դադարեցվեց։ Ուստի դե-ֆակտո իշխանությունների համար առաջնային էր կոնկրետ այս ողբերգության «մեղավորին» գտնելը։ Սա նաև թույլ է տալիս կենտրոնացնել հասարակության ուշադրությունը, քանի որ կալանավորումը որպես այդպիսին իրադարձություն չէ, այլ տեղեկատվական մանիպուլյացիայի մի ամբողջ շարան, որը կարող է օգտագործվել ապագայում։
Օրինակ, բրյուսելյան առաջիկա հանդիպման արդյունքում Նիկոլ Փաշինյանը կարող է ևս մեկ դիվանագիտական կապիտուլյացիա ապահովել, ինչպես արեց ապրիլին, երբ հայտարարեց «Արցախի հարցում ակնկալիքների նշաձողը իջեցնելու անհրաժեշտության մասին»։ Նման դեպքերում կարելի է կրկին սեղմել ցավոտ կետի վրա և հայտնել, թե կոնկրետ ինչում է մեղավոր Արզումանյանը կամ բացահայտել անփութության մանրամասները՝ այն դարձնելով հիմնական օրակարգ՝ ստվերելով դե-ֆակտո իշխանությունների համար վտանգավոր թեմաներ։
պ.գ.թ. Սերգեյ Մելքոնյան