ԱՄՆ-ում այսօր ամփոփում են միջանկյալ ընտրությունների արդյունքները։ Միջանկյալ ընտրություններն անցկացվում են նախագահական 4-ամյա պաշտոնավարման կեսին և միտված են միջանկյալ գնահատական տալու իշխող կուսակցության կառավարմանը, հանդիսանում են հավելյալ լծակ՝ իշխանություններին հաշվետու պահելու, ինչպես նաև գալիք ընտրություններին ընդառաջ ուրվագծում են բնակչության առկա տրամադրությունները։
Միջանկյալ ընտրությունների արդյունքները մեծապես պայմանավորվում են առկա տնտեսական իրավիճակով, ինչպես նաև ներքաղաքական որոշ արդի հարցերի հանդեպ կուսակցությունների արտահայտած դիրքորոշմամբ։ Արտաքին քաղաքական օրակարգը սովորաբար պակաս ազդեցություն է ունենում։ Հարկ է նշել նաև, որ երկու խոշոր կուսակցությունները՝ Դեմոկրատներն ու Հանրապետականները, ունեն ավանդաբար իրենց ընտրող նահանգներ, ինչպիսիք են օրինակ՝ Կալիֆորնիան, Նյու Յորքը, Իլինոյսը՝ Դեմոկրատների դեպքում կամ Տեխասը, Վայոմինգ՝ Հանրապետականների դեպքում։ Ընտություններում կարևոր դերակատարություն են ունենում այսպես կոչված «տատանվող» նահանգները (swing states), ինչպիսիք են Արիզոնան, Ֆլորիդան։
Այս պահին առկա տվյալներով Հանրապետականները հաղթում են Ներկայացուցիչների պալատում՝ 207-184 հարաբերակցությամբ։ Սենատում այժմ ոչ-ոքի է՝ 48-48 ցուցանիշով։ Սենատի և Ներկայացուցիչների պալատի լիազորությունների հիմնական տարբերությունն այն է, որ Ներկայացուցիչների պալատն իրավասու է իմպիչմենտի ենթարկելու (պաշտոնապես մեղադրելու) պետական պաշտոնյային, իսկ Սենատը քննում է այդ հայցերը։ Վերջինս, սակայն, իր հերթին իրավասու է հաստատել պայմանագրեր և որոշ նախագահական նշանակումներ, ինչպիսիք են դեսպանները և Գերագույն դատարանի դատավորները:
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը նշում է, որ վերջերս Հայաստան կատարած իր այցով բազմաթիվ քննարկումների տեղիք տված Նենսի Փելոսին ընտությունների արդյունքում այլևս խոսնակ չի լինելու ։ Ս․ Սարգսյանը նաև վերահաստատում է ավելի վաղ հայտնած իր տեսակետը. «Փելոսիի հայաստանյան այցի կարևորագույն շարժիչ ուժերից էր անձնական վերաբերմունքը հայերի նկատմամբ, ինչպես նաև «Farewell Trip» (հրաժեշտի ճամփորդություն – խմբ․) ունենալու ցանկությունը, Ցեղասպանության թանգարանը տեսնելը, ինչի մասին բազմիցս ասել է իր հայ բարեկամներին և ընտրողներին։ Ցեղասպանության ճանաչման հարցում նա մեծ ներդրում ուներ և Հայաստան այցելելու համար սա կարևոր նախադրյալ էր։ Այսինքն՝ անձնական մոտիվացիան էր հիմնական շարժիչ ուժը, դրա համար էլ նա որոշեց իր «weekend»-ն (շաբաթավերջը – խմբ․) անցկացնել Հայաստանում, թեկուզև պաշտոնական այցի տրամաբանության ներքո»։
Այսպիսով՝ ընտությունների արդյունքում Հանրապետականները վերցնում են Ներկայացուցիչների պալատը, ինչը գալիք ընտություններին ընդառաջ կթուլացնի նախագահ Ջո Բայդենի դիրքերը։ Դոնալդ Թրամփն իր հերթին ակտիվորեն պատրաստվում է հաջորդ ընտրություններին, սակայն դեռևս հարցական է՝ կստանա արդյոք Հանրապետականների աջակցությունը, թե ոչ։ Իսկ արդեն մեծ փոփոխություններ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ առնվազն մինչև հաջորդ ընտությունները պետք չէ սպասել։