Թուրքական լրատվականները հայտնում են[1], որ օգոստոսի 18-ին ոչ հեռու հայ-թուրքական սահմանից` Կարսում, անց են կացվել ուսումնավարժանքներ` բնակչությանը նախապատրաստելու Մեծամորի ատոմակայանի, այսպես կոչված, «հնարավոր արտահոսքին»: Ըստ սցենարի, վերարտադրվել է Մեծամորում 7 բալանոց երկրաշարժի դեպքում առաջացած արտահոսքի դեպքում ձեռնարկվելիք գործողությունների շարք:
Ասվում է, որ «խմբերն աշխատել են քիմիական, կենսաբանական, ճառագայթաբանական և միջուկային արտահոսքի դեմ, որ կարող է առաջանալ Մեծամորի ատոմակայանում, որը 16 կմ է հեռու Թուրքիայից»:
Համապարփակ ուսումնական վարժանքներ անցկացվել են Կարսի նահանգի Առողջապահության վարչության համակարգմամբ՝ նահանգային աղետների և արտակարգ իրավիճակների վարչության, ազգային բժշկական փրկարարական թիմի, շրջանային ոստիկանության բաժանմունքի և Ակյակայի պետական բժշկական հիմնարկի թիմերով:
Առաջին հայացքից սովորական թվացող այս ուսումնական վարժանքը, սակայն, պարունակում է մեզ համար վտանգավոր ենթատեքստ: Առաջին անգամը չէ երբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից թիրախավորովում է Մեծամորի ԱԷԿ-ը: Գիտենք, որ նրանք բազմիցս բարձրաձայնել են այն փակելու անհրաժեշտության մասին: Մինչդեռ, այն ապահովում է մեր էներգետիկ պահանջի զգալի մասն ու որոշ չափով ավտոնոմությունը: Նույն Թուրքիան, սակայն, չի անհանգստանում զանազան արտահոսքերի մասին, երբ հարցը վերաբերում է սեփական տարածքում ԱԷԿ-ներ կառուցելուն և միջուկային տեխնոլոգիաներ զարգացնելուն: Եվ անում է դա, ընդ որում, ռուսական կապիտալով և աջակցությամբ: Մինչդեռ ՀՀ դե-ֆակտո կառավարությունը 2020 թ․-ի հունիսի 8-ին հրաժարվել էր ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրված ռուսական վարկից[2]:
[1] Arama ve kurtarma ekipleri sınırdaki olası nükleer sızıntıya karşı hazır, https://www.aa.com.tr/tr/gundem/arama-ve-kurtarma-ekipleri-sinirdaki-olasi-nukleer-sizintiya-karsi-hazir/2663695 (հղվել է 19.08.2022 թ.).
[2] «Ռոսատոմը» զարգացնում է միջուկային համագործակցությունը Թուրքիայի հետ, https://hayaliq.com/rosatomturkey (հղվել է 19.08.2022 թ.):