Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել Միջազգային անվտանգության մոսկովյան X համաժողովի բացման արարողությունը։ Միջոցառումը կազմակերպվել է «Բանակ-2022» միզագային ֆորումի շրջանակներում: Համաժողովի առանցքային թեմաներն են գլոբալ և տարածաշրջանային կայունության խնդիրները, ինչպես նաև անվտանգության տարբեր ասպեկտներ Ասիայում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում և Եվրոպայում:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նշելով, որ համաժողովն ընթանում է համաշխարհային և տարածաշրջանային անվտանգային համակարգերի արմատական փոփոխության պայմաններում` նախարարը փաստել է, որ ԱՄՆ-ի անվերապահ դոմինանտությունն այլևս անցյալում է, և 2022 թ.-ի փետրվարի 24-ին մեկնարկած հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում ազդարարել է միաբևեռ աշխարհի վերջը: Ս. Շոյգուն շեշտել է. «Բազմաբևեռությունն իրականություն է դարձել: Այս աշխարհի բևեռները հստակ նշված են: Նրանց հիմնական տարբերությունն այն է, որ ոմանք հարգում են ինքնիշխան պետությունների շահերը, հաշվի են առնում երկրների և ժողովուրդների մշակութային և պատմական առանձնահատկությունները, իսկ մյուսներն անտեսում են դրանք»[1]: Այնուհետև, նախարարը հավելել է. «Կարևոր է նշել, որ ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի լրացուցիչ կազմավորումների տեղակայումը դաշինքի «արևելյան թևում» սկսվել է դեռևս Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ: ՆԱՏՕ-ն հանել է իր դիմակը: Դաշինքի ագրեսիվ բնույթն այլևս չի թաքնվում կոալիցիայի բացառապես պաշտպանական ուղղվածության մասին ձևակերպումների հետևում։ Այսօր դաշինքի ռազմավարական պլանավորման փաստաթղթերում ակներև են համաշխարհային գերակայության հավակնությունները: Հյուսիսատլանտյան դաշինքի շահերի շրջանակը ներառում է Աֆրիկան, Մերձավոր Արևելքը և Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը»:
Անդրադառնալով աշխարհակարգի վերաբերյալ հավաքական Արևմուտքի պատկերացումներին` պաշտպանության նախարարն ասել է. «Արևմուտքի կարծիքով՝ միջազգային հարաբերությունների գոյություն ունեցող համակարգը պետք է փոխարինվի, այսպես կոչված, կանոնների վրա հիմնված աշխարհակարգով։ Այստեղ տրամաբանությունը պարզ է և կտրուկ. կա՛մ դաշինքի «ժողովրդավարական գործընկերոջ» թեկնածուն կորցնում է ինքնիշխանությունը և անցնում է, իբրև թե, «պատմության ճիշտ կողմը», կա՛մ այն մտնում է, այսպես կոչված, ավտորիտար ռեժիմների դասակարգ, որոնց դեմ կարող է կիրառվել ազդեցության ցանկացած միջոց՝ ընդհուպ մինչև ուժային ճնշում»:
Ս. Շոյգուն իր ելույթի ընթացքում նաև հերքել է ՌԴ-ի կողմից Ուկրաինայում միջուկային կամ քիմիական զենքի կիրառման մասին շշուկները` համարելով դրանք ոչ խելամիտ: Նախարարը նշել է, որ Արևմուտքի կողմից նման անհիմն հայտարարությունների տարածումը հետապնդում է նպատակ` շեղելու ուշադրությունն Ուկրաինայում ԱՄՆ մասնագետների կողմից արգելված ռազմական-կենսաբանական հետազոտությունների անցկացումից և հավելել. «Պենտագոնի կողմից վերահսկվող լաբորատորիաներ են ստեղծվել և գործում են հետխորհրդային, ինչպես նաև Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներում։ Որպես կանոն, տեղական իշխանությունները հնարավորություն չունեն վերահսկելու իրենց տարածքում իրականացվող հետազոտությունները, որոնք մահացու վտանգ են ներկայացնում տեղի բնակչության համար»:
Անդրադառնալով Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր ՆԱՏՕ անդամակցությանը` Ս. Շոյգուն նշել է, որ եթե այս երկրների տարածքը ծառայի ՆԱՏՕ-ի զինտեխնիկայի տեղակայման համար, ապա Ռուսաստանը ստիպված կլինի վերանայել իր մոտեցումները երկրի պաշտպանության հարցում:
Խոսելով ՆԱՏՕ-ի ընդլայնման մանիս նաև հեռավոր Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում` նախարարն ասել է. «Արևմուտքի հակադրությունը բազմաբևեռ աշխարհի հզորացմանը՝ Եվրոպայի հետ մեկտեղ, առավել ակտիվորեն իրականացվում է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ ԱՄՆ-ն սկսել է ԱՍԵԱՆ (ASEAN)-ի վրա հիմնված տարածաշրջանային համագործակցության գոյություն ունեցող համակարգի փլուզումը։ Սրա սկիզբը ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի հայտարարությունն էր ԱՈւԿՈւՍ (AUKUS- Australia, United Kingdom, US) նախաձեռնության մասին… ԱՈւԿՈւՍ-ը սերտաճում է ՆԱՏՕ-ին, որն էլ իր հերթին հունիսի գագաթնաժողովում հայտարարեց Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գերիշխող դեր ունենալու իր հավակնությունների մասին: Եվ դա չնայած այն բանին, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները գտնվում են այս տարածաշրջանից հազարավոր մղոններ հեռավորության վրա…Տարածաշրջանային մեկ այլ վտանգավոր միտում է ԱՈւԿՈւՍ-ի նպատակադրումը Ավստրալիայում միջուկային սուզանավերի նավատորմի զարգացման վրա: Այս պլանի իրականացումը համալիր բացասական ազդեցություն կունենա գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա և պայմաններ կստեղծի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը խաթարելու համար»: Շոյգուն նաև նշել է, որ ԱՈւԿՈւՍ-ն ունի ռազմաքաղաքական միության վերածվելու ներուժ: Իսկ դա սպառնում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ: Սակայն, կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ը հետապնդում է հենց այս նպատակը, ինչի ապացույցն է վերջերս ԱՄՆ իշխող վարչակարգի 3-րդ դեմքի այցելությունը Թայվան:
Իր ելույթում նախարարը նաև անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և նշել, որ չնայած հակաահաբեկչական պայքարում ունեցած իրենց հաջողություններին, դեռևս առկա է ռևանշի վտանգ միջազգային ահաբեկչական ուժերի կողմից: Նախարարը նաև նշել է, որ Սիրիայի հիմնախնդրի լուծման հարցում միակ արդյունավետ և օրինական մեխանիզմը Աստանայի ձևաչափն է:
Ըստ Շոյգուի, իրադրությունը նաև բարդ է Կենտրոնական Ասիայում, որտեղ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորամիավորումների հապշտապ դուրսբերումից հետո իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այս թեման, նախարարի պնդմամբ, պետք է մնա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) օրակարգում:
Լատինական Ամերին ևս դուրս չմնաց պաշտպանության նախարարի ուշադրությունից: Այս թեմայի շուրջ Շոյգուն ասել է. «Այսօր Լատինական Ամերիկան բախվում է անվտանգության լուրջ մարտահրավերների՝ պայմանավորված, այսպես կոչված, Մոնրոյի դոկտրինի դրույթներով տարածաշրջանում ազդեցություն պահպանելու ամերիկացիների ցանկությամբ։ Լիբերալ արժեքները, հավատարմությունը որոնց Միացյալ Նահանգների կողմից դիտվում է որպես իրենց կանոնների վրա հիմնված աշխարհում ապրելու համաձայնություն, իրականում քողարկում են իրական նպատակը՝ մեծացնել ռազմական ներկայությունը՝ դրանով իսկ արգելափակելով պետությունների ինքնիշխան զարգացման հնարավորությունը: ԱՄՆ-ի քաղաքականությունը նպատակաուղղված է զսպելու տարածաշրջանի երկրների փոխգործակցությունը ուժի ցանկացած այլ բևեռի հետ, որը չի վերահսկվում Վաշինգտոնի կողմից։ Այս քաղաքականության նպատակն է տարածաշրջանը առճակատման ներքաշել Ռուսաստանի և Չինաստանի հետ, ոչնչացնել ավանդական կապերը և արգելափակել համագործակցության նոր ձևերը ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում»:
Միջազգային անվտանգության մոսկովյան X համաժողովին տեսագրված ուղերձով հանդես եկավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Վերջինս նույնպես խոսեց օրեցօր ավելի ակներև դարձող բազմաբևեռ աշխարհի ուրվագծերի և դրանց ընդդիմացող Արևմուտքի մասին: Իր ուղերձում նախագահն ասել է. «Այս օբյեկտիվ գործընթացներին հակազդում են արևմտյան գլոբալիստական էլիտաները՝ հրահրելով քաոս, թեժացնելով հին ու նոր հակամարտությունները, իրականացնելով այսպես կոչված զսպման քաղաքականություն և իրականում խարխլելով զարգացման ցանկացած այլընտրանքային, ինքնիշխան ուղի։ Այսպիսով, նրանք ամբողջ ուժով փորձում են պահպանել իրենց ձեռքից գնացող հեգեմոնիան… Օգտագործվում է ցանկացած միջոց։ ԱՄՆ-ն ու նրա վասալները կոպտորեն միջամտում են ինքնիշխան պետությունների ներքին գործերին՝ կազմակերպում են սադրանքներ, պետական հեղաշրջումներ, քաղաքացիական պատերազմներ»[2]:
Նախագահ Պուտինը ևս անդրադարձավ ՆԱՏՕ-ի սպառնալիքին և այն փաստին, որ առնվազն «երկերեսանիություն» է Եվրոպայի կողմից մեծացնել իր ռազմական պոտենցիալը` մոտենալով Ռուսաստանի սահմաններին և պատճառաբանելով դա որպես Եվրոպայում անվտանգության ամրապնդման համար անհրաժեշտություն: Նախագահի բնութագրմամբ «Հենց այդ պատճառով նրանք պատրաստել են Ուկրաինայի ժողովրդի համար թնդանոթի մսի ճակատագիր, իրականացրել «հակաՌուսաստան» նախագիծը, աչք փակել նեոանացիստական գաղափարախոսության տարածման վրա, Դոնբասի բնակչության մասսայական սպանդի վրա, մատակարարել և շարունակում են մատակարարել Կիևի ռեժիմին զրահատեխնիկայով, այդ թվում նաև` ծանր»:
Նախագահը նշել է, որ այդպիսով ԱՄՆ-ը փորձում է կոնֆլիկտ հրահրել ամենուր` Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, և այդպիսի գործելակերպի ապացույցն է վերջին սադրանքը Թայվանի շուրջ: Վ. Պուտինը շեշտել է. «Ակնհայտ է, որ նման գործողություններով արևմտյան գլոբալիստական էլիտաները, ի թիվս այլ բաների, փորձում են իրենց քաղաքացիների ուշադրությունը շեղել սուր սոցիալ-տնտեսական խնդիրներից՝ կենսամակարդակի անկում, գործազրկություն, աղքատություն, ապաարդյունաբերականացում, սեփական անհաջողությունները բարդել այլ երկրների վրա` Ռուսաստանի, Չինաստանի, որոնք պաշտպանում են իրենց տեսակետը, կառուցում են ինքնիշխան զարգացման քաղաքականություն՝ չհնազանդվելով վերազգային էլիտաների թելադրանքին»:
Որպես ընդհանրացում վերը նշվածի` նախագահն ընդգծել է, որ «միջազգային իրավունքի և ավելի արդար հարաբերությունների վրա կառուցված բազմաբևեռ աշխարհն է, որ նոր հնարավորություններ է բացում ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարի համար։ Դրանց թվում են տարածաշրջանային հակամարտությունները և զանգվածային ոչնչացման զենքի տարածումը, ահաբեկչությունը և կիբերհանցագործությունը: Այս բոլոր մարտահրավերները կրում են գլոբալ բնույթ, և դրանք հնարավոր չէ հաղթահարել առանց բոլոր պետությունների ջանքերն ու ներուժը համատեղելու»:
[1] На открытии X Московской конференции по международной безопасности с приветственным словом выступил Министр обороны России, https://function.mil.ru/news_page/country/more.htm?id=12433677@egNews (հղվել է 16.08.2022 թ.).
[2] Обращение к участникам и гостям X Московской конференции по международной безопасности, http://kremlin.ru/events/president/news/69166 (հղվել է 16.08.2022 թ.).