Սեպտեմբերի 17-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները։ Օգոստոսի 23-ին մեկնարկեց ավագանու ընտրությունների քարոզարշավը, որն ավարտվեց երեկ՝ սեպտեմբերի 15-ին։ Քարոզարշավի ընթացքում որոշ քաղաքացիներ և դիտորդական կազմակերպություններ ահազանգում էին, որ դե ֆակտո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին համակարգված և զանգվածային կերպով կիրառում է վարչական մեխանիզմներն ու լծակները, ինչի արդյունքում կուսակցության համար ձևավորվել է մրցակցային առավելություն մյուս կուսակցությունների հանդեպ։ Ի՞նչ հակաօրինական միջոցների են դիմել դե ֆակտո իշխանությունները։
Առավել ակնհայտ և համակարգային դրվագը Երևանի բոլոր թաղապետարանների մշտական ներգրավումն է քարոզչական գործընթացներում։ Ինչպես հայտնում է «Ականատես» դիտորդական առաքելությունը օգոստոսի 24-ին Մալաթիա-Սեբաստիայում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությանը մասնակցել են քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետի տեղակալ Լազր Խաչատրյանը, ովքեր ճշտված ինֆորմացիայի համաձայն չեն գտնվել արձակուրդում: Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներին դիտորդները նկատել են աշխատանքային ժամերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բուկլետներ բաժանելիս և քարոզչական այլ աշխատանքներին մասնակցելիս։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում մեկնարկել են աննախադեպ քանակի բարեկարգման և շինարարական աշխատանքներ բոլոր վարչական շրջաններում։ Դրանք հաճախ լուծել են այնպիսի խնդիրներ, որոնք տարիներով եղել են մոռացված: Միևնույն ժամանակ բարեկարգումների ընթացքին և աշխատանքների ավարտին զուգընթաց իրականացվել է ակտիվ քարոզչություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և դրա ցուցակում ներառված թաղապետ հանդիսացող թեկնածուների հիշատակմամբ:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչները տարիներով բողոքում էին ջրամատակարարման խողովակների վիճակից և քաղաքապետարանի կողմից արձագանք չէր տրվում այս խնդրին։ Միայն օգոստոսի 21-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ դե ֆակտո փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից կայացվեց որոշում խողովակների փոփոխման վերաբերյալ:
Նոր Նորքի վարչական շրջանի ֆեյսբուքյան էջով նշվել է, որ թաղապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Նորքի գրասենյակի ղեկավար և այդ կուսակցության ընտրական ցուցակի 37-րդ համարը հանդիսացող Արմեն Մհերյանի ջանքերով լուսավորվել է13 Նանսենի այգին։ Այնինչ, տարածքի բնակիչների վկայություններով, այգին միշտ լուսավորված է եղել, պարզապես քարոզարշավին մոտ ժամանակահատվածում մեկնարկել է լուսավորման ցանցի արդիականացումը, որը ներկայացվել է որպես Մհերյանի ձեռքբերում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կազմակերպվող միջոցառումներին հաճախ ներկա են եղել վարչական, կրթական հաստատությունների աշխատողներ: Այսպես, սեպտեմբերի 7-ին Նոր Նորքում նույն կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ ներկա էին համատիրությունների աշխատակիցներ, դպրոցների ու մանկապարտեզների աշխատողներ, դպրոցների ու մշակույթի տան սաներ։ Այդ հանրահավաքի ժամանակ նկատվել է նաև ավտոբուսներով մարդկանց բերելու գործընթաց։ Արթուր Չախոյան օգտատերը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսանյութ հանրահավաքի վայրից, որին մասնակցում էին պետական հիմնարկների ամբողջական կոլեկտիվներ, այդ թվում՝ մի շարք դպրոցների, «Ջրաշխարհի», «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի», «Երևանի Տորք Անգեղ Մարզամշակութային կենտրոնի» և այլ կառույցների աշխատակիցներ։
Սեպտեմբերի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ավան-Առինջի այգում տեղի ունեցած քարոզչական միջոցառման ժամանակ ներկա էին մանկապարտեզների և դպրոցների աշխատակիցներ, որոնց ներքին խոսակցություններից պարզ դարձավ, որ ստիպված են եկել՝ տնօրենների կարգադրությամբ։
Սեպտեմբերի 12-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության քարոզչական միջոցառմանը կազմակերպված կերպով մասնակցել են Երևանի «Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սաները։ Մարզադպրոցի մարզիչը 34 մասնակից ունեցող ծնողական սոցցանցային խմբում տարածել է միջոցառման մասնակցության հայտարարությունը, նշելով, որ «ցանկալի ու պարտադիր է բոլորի ներկայությունը», իսկ միջոցառումից ժամեր առաջ ծնողներին ևս մեկ անգամ հիշեցում է ուղարկվել երեխաների միջոցառման մասնակցության մասով։
Ուշագրավ է նախընտրական քարոզարշավի շրջանում տարատեսակ տոնակատարությունների, համերգների կազմակերպման կտրուկ աճը, այդ թվում՝ համայնքային միջոցների հաշվին։ Մի քանի վարչական շրջաններում իրականացվել է տոնակատարություն՝ «վարչական շրջանի տոն», որոնք նախկինում երբևէ հայտնի չեն եղել։ Ըստ «Ականատես»-ի՝ Դավթաշեն վարչական շրջանի տոնի կազմակերպման համար ծախսվել է 694․000 դրամ, Նոր Մարաշ վարչական շրջանի համար՝ 1,694,600 ՀՀ դրամ և Նոր Նորք վարչական շրջանի համար՝ 8,770,000 ՀՀ դրամ։
Սեպտեմբերի 15-ին Տիգրան Ավինյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հանդիպել է ուսանողների ու դասախոսների հետ։ Տեղեկությունը տարածել էր «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը՝ հրապարակելով նաև տեսանյութ: «Անկախ դիտորդի» տեղեկություններով՝ ուսանողներին հայտնել են, որ հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից նրանց բացակայությունը չի գրանցվի։ Հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ հանդիպման ընթացքում թեկնածուն ակնհայտ զբաղվում է քարոզչությամբ համալսարանի ներսում՝ հնչեցնելով իրենց կարգախոսը, մինչդեռ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանվում է. «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»։
Սեպտեմբերի 15-ն կայացավ ՔՊ-ի եզրափակիչ հանրահավաքն ու երքը, որը կոչվում էր «Մայրաքաղաքի երթ»։ Անկախ դիտորդը ստացել է տեղեկություններ, որ ՀՀ տարբեր համայնքների վարչական ղեկավարներին, նրանց աշխատակազմերին և տարբեր համայնքային ենթակայության հիմնարկների ներկայացուցիչներին հրահանգվել է մասնակցել երթին։ Այդ նպատակով կուսակցությունը կազմակերպել է մարզպետարանների, համայնքապետարանների, դպրոցների, մանկապարտեզների, այլ համայնքապատկան և պետական ոչ առևտրային կազմակերպություների աշխատակիցների տեղափոխումը:
«Ականատեսը» ուսումնասիրել է սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին հրապարակված ընտրողների նախնական ցուցակը, մասնավորապես՝ ամենից շատ հաշվառված ընտրող ունեցող 50 հասցեները։ Այդ հասցեներում հաշվառված են ընդհանուր 3,829 ընտրողներ, այսինքն՝ մեկ հասցեում միջինում մոտ 76 ընտրող։ Որոշ հասցեներում առկա են խնամքի կենտրոններ և հանրակացաններ, ինչով պայմանավորված կարող են լինել մանրամասն հասցեավորում իրականացնելու բարդություններ։ Առկա են նաև հասցեներ, որտեղ, ըստ բնակիչների, հաշվառումն արվել է օրինակ՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ կենցաղային հարցեր լուծելու նպատակով։ Սակայն որոշ դեպքերում ընտրողների կասկածելի մեծ քանակի մասին տրամաբանական որևէ պատասխան չի ստացվել։
- Խանջյան 27 հասցեում, որտեղ գտնվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և մասնագիտացված խանութը, գրանցված է 86 ընտրող։ Մեկ այլ հասցեով, որը պատկանում է ֆուտբոլային ակումբին, գրանցված է 48 ընտրող։
- Մալյան նրբ. 4-34 հասցեում, որը Նորքի գերեզմանատան հասցեն է, գրանցված է 159 ընտրող։
- Շիրակի Օժ. Տնտ. 447, Օդանավակայան 50 և Թաիրովի փ. 46 հասցեներում, որոնք ամայի և բնակության ոչ ենթակա տարածքներ են, համապատասխանաբար, գրանցված են 71, 66, 171 ընտրողներ։
Սա ընդամենը մի փոքր մասն է դե ֆակտո իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսը սեփական քաղաքական նպատակների համար օգտագործելու դեպքերի։ Հատկանշական է, որ կոռուպցիայի ու ընտրազեղծարարությունների դեմ պայքարը դրոշակ դարձրած, Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած քաղաքական ուժը շարունակում է ժողովրդավարության նոր հակառեկորդներ սահմանել: Ընտրություններին ընդառաջ՝ ցանկանում ենք հիշեցնել, որ մեր կատարած ընտրությունը կամ դրա բացակայությունն է ձևավորում այն իրականությունը, որում մենք ապրում ենք, ուստի կոչ ենք անում մեր երկրի նկատմամբ առավելագույն պատասխանատվությամբ իրականացնել սեփական քաղաքացիական պարտքը։