Արցախ

Ի՞նչ պետք է իմանանք և վերարժևորենք այսօր

09 / 05 / 2023

Շուշիի ազատագրման գործողությունը սկսվել է 1992 թ.-ի մայիսի 8-ին և տևել է շուրջ 24 ժամ: Վաղուց պլանավորված այս գործողության համար տևական ժամանակ չէր բավականացնում զինամթերքն ու կենդանի ուժը:

Ի վերջո, Արցախի հրամանատարության կողմից կայացվեց որոշում, որ Շուշին պետք է ազատագրվի: Շուշիից ամեն օր մահաբեր կրակ էր տեղում Ստեփանակերտի վրա, ընդ որում` թե՛ կազմակերպված, թե՛ անկազմակերպ, և այլ ելք, քան ազատագրումը, չէր մնում:

Գործողությունը 4 ուղղությամբ է կազմակերպված եղել: Մայրուղու ուղղության հրամանատրը Վալերի Չիթչյանն էր: Ճանապարհն անցնում էր Ստեփանակերտից մայրուղով դեպի ոլորանները, Իբրահիմի պահեստներ և դարպասներով դեպի Շուշի: Երկրորդը Սեյրան Օհանյանի ուղղությունն էր` Ջանհասան-Քյոսալարի հյուսիսային անտառներով: Երրորդը Շոշի ուղղությունն էր` Դաշնակ Ագոյի հրամանատարությամբ և չորրորդը` Լաչինի կամ, այսպես ասած, Լիսագոր-Զառիսլուի ուղղությունն էր` Սամվել Բաբայանի հրամանատարությամբ:

Վերոնշյալ տեղանունների մի մասը աղավաղված հին հայկական տեղանուններն են, օրինակ` Զառիսը դարձել է Զառիսլու, իսկ մյուս մասը խորհրդային տարիներին ադրբեջանցիների կողմից արհեստականորեն ստեղծված և բնակեցված գյուղերի անվանումներն են: Սա ևս մեկ անգամ հստակ մատնաշնում է մեր թշնամիների կողմից գործի դրվող դեմոգրաֆիկ ներխուժման քաղաքականությունը, որը կիրառվել է թե՛ անցյալում, թե՛ հիմա:

Ընդհանուր գործողության հրամանը ստորագրել է Սերժ Սարգսյանը` այդ ժամանակ ՊՊԿ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը: Հասկանալու համար, թե որքան էին մոտիվացված հայկական ուժերը, բավական է իմանալ, որ որոշ հետնապահ ուժեր չունեին անգամ զենք իրենց ձեռքին և քայլում էին զինված առաջնապահների հետևից:

Բոլոր ուղղություններով հարձակումը կազմակերպվեց հաջող, իսկ Շոշի ուղղությամբ, հաշվի առնելով տեղանքի ժայռոտ բնույթը, ոմանք նաև ստիպված էին ժայռերով մագլցել, այդ թվում նաև 1-ին վաշտի հրամանատար Ասկոլկան (Աշոտ Ղուլյան):

Ադրբեջանցիներն առաջին հերթին պարտվեցին բարոյական դաշտում: Ինչպես հետագայում իրենց հուշերում նշել են Վազգեն Սարգսյանը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանը, եթե ադրբեջանցիներն անմիջապես չհանձնվեին և շարունակեին պայքարը, հայկական կողմը միևնույնն է կարձանագրեր հաղթանակ, սակայն ավելի մեծ կորուստներով:

Այս դրվագից մեզ համար առաջնային դասը հաղթանակի այս մոտիվացիան է` շատ ժամանակ դրված հենց անելանելիությունից: Շատ հաճախ, երբ ասվում է, որ երկիրն անդունդն է գլորվում, ոչ թե փորձ է կատարվում խուճապ սերմանելու, այլ բացատրելու, որ մենք իսկապես դատապարտված ենք, իսկ իսկապես լավ կռվում են նրանք, ովքեր դատապարտված են: Եվ սա օրինաչափություն է, որն իր ճշմարտացիությունն է ապացուցել բազմիցս:

Երկրորդ կարևոր հանգամանքը բարձր կազմակերպվածությունն էր, երբ կար հրամանատարությում, կազմակերպված գործողությունների պլան: Հայտնի է, որ Արկադի Տեր-Թադևոսյանն ի սկզբանե անհնար էր համարում նման փոքրաքանակ ուժերով հարձակման կազմակերպումը` համաձայն դասական ռազմագիտական օրենքների: Սակայն ի հաշիվ նրա, որ փոքրաթիվ ուժերը գործում էին կազմակերպված, հայկական կողմը կարողացավ փոքր ռեսուրսով մեծ արդյունքի հասնել: Այսինքն ևս մեկ անգամ համոզվում ենք քանակ-որակ կեղծ հակադրման արհեստածին և ստահոդ լինելու մեջ:

Եվ վերջիվերջո, գոյաբանական պայքարում կա հստակ գիտակցում` կա՛մ ես, կա՛մ թշնամին: Չկա երրորդ տարբերակ, և չի կարող լինել որևէ փոխզիջում: Հայի և թուրքի դարավոր պայքարի անկյունաքարը հենց այս սկզբունքն է, որի լիարժեք գիտակցման դեպքում միայն հնարավոր է հասնել հաղթանակի` իրական և լիակատար:

Մեր պայքարը հավերժական է, իսկ ձախողման պատճառներից է նաև այն, որ մենք կարծում էինք, թե ինչ-որ կետում հնարավոր է ավարտել պայքարը, գտնել ինչ-ինչ լուծումներ, գնալ փոխզիջումների:

Այն պահից ի վեր, երբ հայը կգիտակցի, որ պայքարը հավերժ է, այդ պահին էլ կգա եզրահանգմանը, որ այլ ելք, քան մեր հաղթանակը, չկա, և այդ պահից ի վեր էլ կմեկնարկի հայկական պատմական հողերի, այդ թվում նաև բերդաքաղաք Շուշիի վերազատագրումը:

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *