
Մարտակերտի կենտրոնական փողոցներից
29 տարի առաջ այս օրը՝ 1993 թ․ հունիսի 27-ին, ԼՂՀ Պաշտպանության բանակը վերջնականապես ազատագրեց Մարտակերտ քաղաքը, որը գրեթե 1 տարի գտնվում էր թշնամու օկուպացիայի տակ։ Պատմենք, թե ինչպես հնարավոր դարձավ դա։
Նախապատմություն
1992 թ․ մայիսին Շուշի քաղաքի և Լաչինի միջանցքի ազատագրումից հետո Արցախում և ՀՀ-ում տիրեց հաղթական էյֆորիա։ Հասնելով գրեթե ամբողջ տարածքի ազատագրմանը, որի վրա հռչակվել էր Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը և ձեռք բերելով կայուն ցամաքային կապ Սյունիքի և Արցախի միջև՝ շատերը կարծում էին, թե պատերազմն ավարտվեց։ ԼՂՀ Գերագույն խորհրդում նույնիսկ առաջարկում էին կրճատել պարտադիր զինծառայության ժամկետը 24 ամսից 18-ի։ Ակնհայտ էր, որ տեղ-տեղ բացակայում են հակամարտության էության, Ադրբեջանի բնույթի և Անկարայի կողմից Բաքվին տրամադրվող աջակցության ծավալների մասին սթափ պատկերացումները։
Իսկ այդ ընթացքում Ադրբեջանը պատրաստվում էր լայնամասշտաբ պատերազմի։ Այսպես՝ Բաքու էին ժամանել թուրք ռազմական խորհրդականներ, այդ թվում՝ գեներալ Յաշար Դեմիրբուլաղը, որը հետագայում դարձավ Ադրբեջանի անվտանգության խորհրդի անդամ։ Ստեղծվում էին գնդեր, բրիգադներ, վարձու ծառայության էին վերցվում նախկին ԽՍՀՄ բանակի զինծառայողներ։
Նախկին ԽՍՀՄ ռազմական ունեցվածքի բաժանման արդյունքում 1992 թ․ մայիս-հունիս ամիսներին Ադրբեջանն ստացավ իր տարածքում գտնվող 4 դիվիզիայի զինամթերք (1993 թ․-ին դրան գումարվեց ևս մեկը՝ 104-րդ դեսանտայինը)։ Հայաստանը նույնպես ստացավ զինամթերք, բայց միայն իր տարածքում տեղակայված 3 դիվիզիաներից 2-ինը։ Գումարային առումով Ադրբեջանի ձեռքն անցավ 11000 վագոն զինամթերք, Հայաստանին՝ ընդամենը 200 վագոն։
Արցախը նույնպես զինվում էր։ 1991 թ․ դեկտեմբերից 1992 թ․ մարտ ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերը առգրավեցին հանրապետության տարածքում մի շարք նախկին խորհրդային զորամասերի զինամթերքը՝ ներքին զորքերի 81-րդ գնդի, քիմպաշտպանության գումարտակի, 366-րդ մոտոհրաձգային գնդի և այլն։ Ինչպես հայտարարում էր այն ժամանակ Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավար Սերժ Սարգսյանը․ «Արցախը նույնպես իր լուման է ունեցել Խորհրդային Բանակի ստեղծման գործում և նույնպես իրավունք ունի ստանալու իր բաժինը, հատկապես՝ պատերազմական պայմաններում»։
1992 թ․ հունիսի 12-ին Ադրբեջանն սկսեց լայնամասշտաբ հարձակում Արցախի դեմ։ Հարձակման պահին Ադրբեջանն ուներ 1000-ից ավել տանկ և այլ մարտական զրահամեքենա, 53 ինքնաթիռ, 37 ուղղաթիռ և այլն։ 8000-անոց ՊԲ դեմ թշնամին նետել էր 40000-անոց խմբավորում։ Զինտեխնիկայի հարցում Ադրբեջանի առավելությունը 1:10 է։ Երեք օրվա ընթացքում ընկավ Շահումյանի շրջանը, 1992 թ․ հուլիսի 4-ին թշնամին մտավ շրջկենտրոն Մարտակերտ։
Պայքար հայկական հողերի ազատագրության համար
Չնայած կենդանի ուժի և հատկապես զինտեխնիկայի հարցում քանակական ահռելի գերազանցությանը՝ հայկական կողմը շարունակում էր պայքարն Արցախի պաշտպանության և հայկական հողերի ազատագրության համար։
Պարզ էր, որ հայկական կողմը խիստ հետ է ռեսուրսների առումով, հետևաբար՝ պետք է վերջիններս առավելագույնս կենտրոնացնել։ 1992 թ․ օգոստոսին ստեղծվեծ Պաշտպանության պետական կոմիտեն, որ ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը։ ԼՂՀ ԳԽ որոշմամբ՝ վերջինիս փոխանցվեցին և՛ գործադիր, և՛ դատական լիազորությունները։ Արցախում հայտարարվեց և իրականացվեց համընդհանուր մոբիլիզացիա, ինչը թույլ տվեց բանակի թվաքանակը հասցնել 15000-ի։
Իշխանությունների հրավերով Հայաստան ժամանեցին նախկին ԽՍՀՄ բանակի բարձրաստիճան ռազմական հրամանատարներ, որ ազգությամբ հայեր էին։ Այսպես՝ ԽՍՀՄ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալը՝ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, նշանակվեց զինված ուժերի հրամանատար։ ԳՇ հրամանատարն էր Գուրգեն Դալիբալթայանը։ Պաշտպանության նախարարը Վազգեն Մանուկյանն էր, իսկ նախկին պաշտպանության նախարար Վազգեն Սարսգյանը մնաց պաշտպանության համակարգում, նշանակվեց պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերով պետնախախար։ Կամավորականներն սկսեցին միավորվել կանոնավոր ստորաբաժանումների մեջ, նրանց հետ կնքվեցին պայմանագրեր։
Քարվաճառի, Մարտակերտի և Ակնայի ազատագրումը
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ Արցախի ՊԲ քանակապես և նյութապես ուժեղացավ, ամրապնդվեց կարգապահությունը, կանոնավոր դարձավ շտաբային աշխատանքը։ Լաչինի միջանցքը կտրելու ադրբեջանական փորձերն անցան ապարդյուն։ Բայց քանի դեռ Քարվաճառը (Քելբաջար), Որոտանը (Ղուբաթլու), Կովսականը (Զանգելան), Մեխակավանը (Ջաբրայիլ) և Վարանդան (Ֆիզուլին) դեռևս Ադրբեջանի վերահսկողության տակ էին, Արցախի ՊԲ ստիպված էր ճակատի ամբողջ երկայնքով՝ հյուսիս, արևելք, հարավ և արևմուտք, դիրքեր պահել։ Պարզ էր, որ նման կոնֆիգուրացիայով ապրել Արցախը չի կարող։
1993 թ․ հունվար-փետրվար ամիսներին հետ մղելով Մարտակերտի շրջանում ադրբեջանական գրոհները՝ Արցախի ՊԲ փետրվարի 5-ին անցավ հակահարձակման՝ ազատագրելով շրջանի մեծ մասը։ Սակայն բուն շրջկենտրոն Մարտակերտը դեռևս օկուպացված էր։ Մարտակերտ-Քարվաճառ ճանապարհի ազատագրման շնորհիվ Ադրբեջանի քյալբաջարյան խմբավորումը հայտնվել էր ծանր կացության մեջ՝ արտաքին աշխարհի հետ միակ կապը պահելով Օմարի լեռնանցքով։ Մարտ-ապրիլ ամիսներին Մոնթե Մելքոնյանի ընդհանուր հրամանատարությամբ ՊԲ ստորաբաժանումներն ազատագրեցին Քարվաճառի շրջանը։ Դա թույլ տվեց հետայդու ուժերը կենտրոնացնել արևելյան ճակատի վրա։
Հունիս ամսին Մարտունու և Ասկերանի կողմից ՊԲ մի շարք հետևողական հարվածները մաշեցին ադրբեջանական զինված ուժերի աղդամյան խմբավորման ռեզերվները։ Դա թույլ տվեց ՊԲ-ին վերահսկողության տակ առնել Մարտակերտ-Ակնա (Աղդամ) ճանապարհը՝ կտրելով թշնամու մարտակերտյան խմբավորումն աղդամյանից։ Ունենալով թվական գերազանցություն՝ թշնամին փորձում էր հակագրոհներով խափանել հայկական պլանը։ Այդ օրերին հայկական կողմից զոհվեցին Մարտունու ՊՇ հրամանատար Մոնթե Մելքոնյանը, իսկ բուն Մարտակերտի ազատագրության ժամանակ՝ հունիսի 26-ին՝ մեկ այլ սփյուռքահայ հրամանատար Կարո Քահքեջյանը։
Ի վերջո հունիսի 27-ին, չդիմանալով ՊԲ հարվածներին, ադրբեջանական խմբավորումները լքեցին Մարտակերտ քաղաքը՝ նախապես ականապատելով այն։ Մարտակերտի ազատագրմանը մասնակցել են գրեթե բոլոր (3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ) պաշտպանական շրջանները։ Մարտակերտի ազատագրումից հետո ՊԲ կենտրոնացրեց ուժերը հիմնական՝ կենտրոնական հատվածում։ Հուլիսի 23-ին ազատագրվեց Աղդամը (Ակնա)։ Դա ծանր հարված էր ադրբեջանական կողմի համար, որից հետո վերջինս գնաց ուղիղ բանակցությունների Արցախի հետ։ Բայց այդ մասին կխոսենք արդեն առանձին հոդվածով։
քաղաքագետ Կարեն Իգիթյան