Վերլուծություն

Այսօր Մարշալ Բաղրամյանի 125-ամյակն է

02 / 12 / 2022

Ուղիղ 125 տարի առաջ՝ 1897թ․-ի դեկտեմբերի 2-ին, ծնվեց ականավոր զորահրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը (Հովհաննես Խաչատուրի)։

Ծնունդով որտեղի՞ց է Բաղրամյանը

Ապագա մարշալը ծնվել է Հյուսիսային Արցախի խոշոր հայկական Չարդախլու գյուղում։ Այդ պահին գյուղը մտնում էր Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի կազմի մեջ։ 1912 թ․-ի դրությամբ գյուղն ուներ 2634 բնակիչ։ Թուրքական գյուղերով շրջապատված Չարդախլուում տիրում էր զենքի և զորքի պաշտամունք։

Դեռև ռուս վերջին թագավոր Նիկոլայ II-ի  բանակում ծառայում էին ծնունդով Չարդախլուից 3 գեներալներ։ Չարդախլուի բնակիչները հերոսության բազմաթիվ օրինակներ են դրսևորել Առաջին աշխարհամարտի տարիներին, նրանցից հինգը դարձել են Գեորգիևյան ոսկե խաչի ասպետներ։

Չարդախլու գյուղում ծնվել են ԽՍՀՄ 2 մարշալներ՝ Բաղրամյանը և Բաբաջանյանը, 8 գեներալներ, 57 գնդապետեր, 199 հոգի դարձել են սպաներ, ծագումով Չարդախլուից 853 անձ պարգևատրվել է խորհրդային շքանշաններով և մեդալներով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Չարդախլուից առաջնագիծ են մեկնել ավելի քան հազար մարտիկներ, 452-ն ընկել են հերոսի մահով։

1987թ․-ին Ադրբեջանի իշխանությունները էթնիկ զտումներ սկսեցին Չարդախլու գյուղում, հայտնվեցին առաջին հայ փախստականները, 1988թ․-ի նոյեմբերին գյուղում այլևս չկար բնիկ հայկական բնակչություն։ Հայկական հուշարձանները, այդ թվում՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի մասնակից հայերի, ավերվեցին ադրբեջանցի ազգայնականների կողմից, իսկ գյուղը բնակեցվեց ադրբեջանցիներով և անվանափոխվեց։

Բաղրամյանը Սարդարապատի ճակատամարտի կամավոր և մասնակից է

Հովհաննես Բաղրամյանը նախնական կրթություն է ստացել Ելիզավետպոլում հայկական եկեղեցական-ծխական դպրոցում, ապա 1912-15 թթ․-ին սովորել է Թիֆլիսում տեխնիկական ուսումնարանում։ Ընթանում էր Առաջին համաշխարհային պատերազմը, թուրքերը իրականացրին Արևմտյան Հայաստանի հայության ցեղասպանությունը և  18-ամյա Բաղրամյանը, ինչպես Չարդախլուի շատ այլ բնակիչներ, կամավոր անդամագրվեց ռուսական կայսերական բանակին։

1918 թ․-ի մայիսին մասնակցել է Սարդարապատի ճակատամարտում թուրքական զորքերի ջախջախմանը։ Ռազմական վաստակի համար Հայաստանի Առաջին Հանրապետության հրամանատարության կողմից արժանացել է լեյտենանտի կոչման։

Ռազմական կարիերան միջպատերազմյան շրջանում՝  Կարմիր բանակի կազմում

1920թ․-ի դեկտեմբերին Հայաստանի խորհրդայնացումից հետո Բաղրամյանը սկսեց ծառայությունը Կարմիր բանակում, եղել է Հայկական գնդի 1-ին հեծելավաշտի հրամանատար։ 1924թ․-ին ուղարկվել է Լենինգրադ Բարձրագույն հեծելազորային դպրոց։ Նրա հետ միասին դպրոցի ունկնդիրների թվում էին այնպիսի զորահրամանատարներ, ինչպիսիք էին ապագա մարշալներ Ժուկովը, Երեմենկոն, Ռոկոսովսկին, գեներալներ Չիստյակովը, Ռոմանենկոն և ուրիշներ։

Հայրենական մեծ պատերազմ

Ինչպես հայտնի է, Հայրենական մեծ պատերազմի սկզբում Խորհրդային Միությունը ծանր պարտություններ էր կրել, այդ թվում՝ Հարավ-արևմտյան ճակատի զորքերը, որի շտաբում որպես օպերատիվ բաժնի պետ էր աշխատում Բաղրամյանը։ 1941 թ․-ի օգոստոսին Բաղրամյանին տրվում է գեներալ-մայորի կոչում։ 1941թ. սեպտեմբերին Բաղրամյանն անձամբ գրոհի տարավ խորհրդային զորքերի մի փոքր ջոկատ և դուրս եկավ «Կիևի կաթսա»-յի շրջափակումից։ Նոյեմբերին, չնայած Հարավ-արևմտյան ճակատի զորքերի ընդհանուր պարտությանը, իրեն լավ դրսևորած Բաղրամյանը պարգևատրվում է «Կարմիր դրոշի» շքանշանով ։

1941 թ․-ի դեկտեմբերին, նշանակվելով Մոսկվայի ուղղությամբ Հարավ-արևմտյան ճակատի զորքերի շարժական խմբի շտաբի պետ, Բաղրամյանը մշակեց Ելեց շրջան ներխուժած գերմանական բանակը ջախջախելու արդյունավետ ծրագիր։ Գործողությունը հաջողվեց, գերմանական զորքերը մոսկովյան ուղղությամբ ջախջախվեցին և հետ շպրտվեցին։ Այս գործողությունից հետո նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։

1942 թվականի հուլիսի 13-ին Բաղրամյանը նշանակվեց 16-րդ բանակի հրամանատար, որը զգալի վնասներ հասցրեց հակառակորդին։ 1943թ․-ի ապրիլի 16-ին հաջող մարտական գործողությունների, քաջության և հերոսության, բարձր կազմակերպվածության և կարգապահության համար 16-րդ բանակին շնորհվեց գվարդիայի կոչում և վերանվանվեց 11-րդ գվարդիական բանակի: Իսկ բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բաղրամյանը 1943 թ․-ի ապրիլի 9-ին պարգևատրվեց Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշանով։

Սովետական հրամանատարությունը ձեռնամուխ եղավ հզոր հարձակողական գործողությունների մշակմանը ՝ Օրյոլի և Կուրսկի մերձակայքում գերմանական զորքերին ջախջախելու համար: Բացի ռազմաճակատի հրամանատարներից՝ հրավիրված էին նաև 61-րդ բանակի հրամանատարներ, գեներալ Պ.Ա. Բելովը և 11-րդ գվարդիական բանակի գեներալ Հ. Ք. Բաղրամյանը։ Խորհրդակցության ընթացքում Բաղրամյանը հանդես է եկել գործողության անցկացման վերաբերյալ իր առաջարկություններով, որոնք կայանում էին նրանում, որ  սկզբում կոնվերգենտ ուղղություններով հարվածով շրջապատել և ոչնչացնել Բոլխովյան խմբավորումը։ Ռազմաճակատի հրամանատարները հանդես եկան առարկություններով, բայց Ստալինը սատարեց Բաղրամյանի առաջարկներին։ 1943 թ․-ի հուլիսի 29-ին Սովետական զորքերը գրավեցին Բոլխովը, իսկ օգոստոսի5-ին ազատագրվեց Օրյոլը:

Օրյոլի օպերացիան իրականացնելու համար 1943 թ․-ի օգոստոսի 27-ին Բաղրամյանը պարգևատրվել է Սուվորովի 1-ին աստիճանի շքանշանով, նրան շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում, նոյեմբերի 17-ին նրան շնորհվել է բանակի գեներալի կոչում, իսկ նոյեմբերի 19-ին Բաղրամյանը նշանակվել է Մերձբալթյան 1-ին ռազմաճակատի զորքերի հրամանատար։ 1943 թ․-իդեկտեմբերի երկրորդ կեսին նրա ղեկավարությամբ զորքերը անցկացրեցին քաղաքային հարձակողական գործողություն, որի ընթացքում շրջապատվեցին և ոչնչացվեցին վերմախտի չորս դիվիզիաներ։

1944թ․-ի ամառային արշավի պլանը մշակելով՝ սովետական գերագույն հրամանատարությունը պատրաստվում էր իրականացնել հզոր ռազմավարական հարձակողական գործողություն, որը ստացել է «Բագրատիոն» ծածկանունը:

Հունիսի 29-ին Բալթյան 1-ին ռազմաճակատը Բաղրամյանի հրամանատարությամբ սկսվեց Պոլոցկիի օպերացիան։ Արդյունքում հնարավոր եղավ գրավել հակառակորդի պաշտպանական հզոր հանգույցը։ Շիաուլյայի գործողության ընթացքում Բաղրամյանի զորքերը ազատագրեցին Լատվիայի և Լիտվայի տարածքների զգալի մասը, հասան Ռիգայի ծոց՝ մեկուսացնելով գերմանական բանակի հյուսիսային խմբին։ 1944 թ. հուլիսի 29-ին Բալթյան 1-ին ռազմաճակատի զորքերի գործողությունները հաջող կազմակերպելու համար Բաղրամյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։

1944 թվականի օգոստոսի վերջին ավարտվեց «Բագրատիոն» գործողությունը։ Ճակատը շարժվեց600  կիլոմետրով դեպի արևմուտք։ Ազատագրվեցին Բելառուսը, Լիտվայի մի մասը և Լատվիան։Ավելի քան 30 գերմանական դիվիզիաներ մեկուսացված մնացին Կուրլանդում: 1944 թվականինոյեմբերի 9-ին Բաղրամյանը պարգևատրվել է Կարմիր դրոշի երկրորդ շքանշանով։

Պատերազմից հետո

3-րդ բելոռուսական ռազմաճակատի ցրման կապակցությամբ 1945 թվականի հուլիսի 9-ին Ի.Ք.Բաղրամյանը նշանակվեց նորաստեղծ Բալթյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար։

1946-ին մարշալ Գեորգի Ժուկովը հեռացվեց ցամաքային զորքերի հրամանատարի և պաշտպանության փոխնախարարի պաշտոններից և ուղարկվեց Օդեսայի ռազմական շրջանի զորքերի հրամանատարությունը ստանձնելու: Հաղթանակի մարշալին ճանապարհելու համարկայարան ժամանեց միայն Բաղրամյանը։ Նա հիշում էր Ժուկովի աջակցությունը և գնաց կայարան՝ անկախ ռեպրեսիաների տակ ընկնելու վտանգից: Իսկ բռնաճնշումներ այնուամենայնիվ եղան. դրանց զոհ դարձավ Խորհրդային Միության մեկ այլ մարշալ՝ արցախցի Արմենակ Խամփերյանցը (Խուդյակով)։ Խամփերյանցի հայրենի Մեծ Թաղեր գյուղը 2020 թվականի հոկտեմբերին օկուպացվել է Ադրբեջանի կողմից, ավերվել են հայկական գերեզմանատունը և այլ հուշարձաններ, այդ թվում՝ մարշալ Խամփերյանցին նվիրված հուշարձանը։

Ակադեմիկոս Աբրամ Ալիխանովն իր հուշերում գրել է, որ 1948 թվականի նոյեմբերին Բաղրամյանի ամառանոցում խուզարկություն է եղել. «Ռազմավար էին փնտրում։ Այս հարցում շատ զինվորականներ խիստ վառվել էին… Բարձրագույն ռազմական խորհրդում Ստալինը հեգնանքով ասում էր, որ պարզվեց՝ միայն ընկեր Բաղրամյանի ձեռքերն էին մաքուր։

1954 թվականի մայիսի 28-ից Բաղրամյանը ԽՍՀՄ ՊՆ գլխավոր տեսուչն էր։ Նա այս պաշտոնում աշխատել է 1954-1955 թվականներին։ 1955 թվականի մարտի 11-ին Ի.Ք. Բաղրամյանին շնորհվել է Խորհրդային Միության մարշալի կոչում և նույն թվականին նա նշանակվել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում։

1956 թվականի հունիսի 8-ին Ի.Ք. Բաղրամյանը դարձավ Բարձրագույն ռազմական ակադեմիայի պետ։ 1958 թվականի հունիսի 2-ին կրկին նշանակվեց ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար՝ ԽՍՀՄ ՊՆ նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1977 թվականի դեկտեմբերի 1-ի հրամանագրով Խորհրդային Միության մարշալ Իվան Քրիստափորի Բաղրամյանը պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» երկրորդ մեդալով՝ ԽՍՀՄ զինված ուժերին մատուցած ծառայությունների, Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիստական ​​զավթիչների դեմ պայքարում ցուցաբերած արիության և հերոսության համար և ծննդյան ութսունամյակի կապակցությամբ։ 

Կարիբյան ճգնաժամը և «Անադիր» գործողությունը

Կարիբյան ճգնաժամի ժամանակ Բաղրամյանը ղեկավարել է Կուբայում խորհրդային զորքերի ժամանման և տեղակայման պլանի մշակումը: Գործողությունը ղեկավարվել է ԽՍՀՄ-ից։ Պոտենցիալ հակառակորդին մոլորեցնելու և ԽՍՀՄ հյուսիսում գործողություններ նախապատրաստելու պատրանք ստեղծելու համար գործողությունն անվանվեց «Անադիր»:

Իվան Քրիստափորի Բաղրամյանը մահացել է 1982 թվականի սեպտեմբերի 21-ին։ Նա վերջինն էր այն մարշալներից, ովքեր գլխավորում էին Հայրենական մեծ պատերազմի ճակատները։ 1982 թվականի սեպտեմբերի 23-ին Մոսկվայի Խորհրդային բանակի կենտրոնական տանը տեղի ունեցավ մարշալ Բաղրամյանի հրաժեշտը։ Դագաղի դիմաց կանգնեց պատվո պահակախումբը։ Պատվո պահակախմբի կազմում կանգնած էին ԽՍՀՄ բարձրագույն դեմքը՝  Լ.Ի.Բրեժնևը, Ա.Ա.Գրոմիկոն, Կ.Ու. Չեռնենկոն, Մ.Ս.Սոլոմենցևը, Ն.Ա. Տիխոնովը, Մ.Ս.Գորբաչովը։ Հայտնի զորավարի մասունքներով սափորը թաղվել է Կրեմլի պատում` Մոսկվայի Կարմիր հրապարակում։

Կարեն Իգիթյան

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *