Լրանում է Մարաղայում խաղաղ բնակիչների դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների 31-րդ տարին:
Հայ-ադրբեջանական հակամարտության ամենասկզբից «կովկասյան թաթարների» առաջնորդները նպատակաուղղված են եղել հարցը լուծել խաղաղ բնակչության կոտորածի և էթնիկ զտումների միջոցով: Այդպես էր նաև 1905-1906 թվականներին, երբ «թաթարակա» (այժմ կոչվում են ադրբեջանցիներ) ավազակախմբերը հարձակվեցին հայ բնակչության վրա խառը բնակության ողջ արեալում ՝ Կարսից մինչև Բաքու, Թիֆլիսից մինչև Նախիջևան՝ ներառյալ Երևանը, Արցախը, Սյունիքը։
Այդպես էր նաև 1988 թվականին, երբ ի պատասխան Արցախի օրենսդիր իշխանության լեգիտիմ մարմնի՝ ժողովրդական պատգամավորների խորհրդի՝ ինքնավարությունը Հայաստանին հանձնելու մասին խնդրանքին՝ ադրբեջանցի ազգայնականները ջարդեր կազմակերպեցին Սումգայիթում, որտեղ զոհվեց առնվազն 50 մարդ, իսկ 17 հազար հայ դարձավ փախստական։ 1988-ի փետրվարյան նույն օրերին ադրբեջանցի ազգայնականները հարձակվեցին Գանձակի (Կիրովաբադի) հայկական թաղամասի վրա, սակայն հետ մղվեցին այնտեղ խիտ բնակվող հայերի կողմից։
1991-1994 թվականներին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում ադրբեջանցի զինվորականներն ու զինյալները բազմաթիվ հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության դեմ: Ադրբեջանական ագրեսիայի ամենաողբերգական դրվագներից մեկը ԼՂՀ Մարտակերտի շրջանի սահմանին գտնվող հայկական Մարաղա գյուղի բնակիչների աննախադեպ դաժանությամբ իրականացված կոտորածն է:
1992թ. ապրիլի 10-ին, երկարատև հրետակոծությունից հետո, ադրբեջանական զորքերը տանկերի և ՀՄՄ-ների աջակցությամբ գրոհել են գյուղը: Տեղի աշխարհազորայինների փոքրաթիվ ջոկատին հաջողվել է Մարաղայից տարհանել բնակիչների մեծ մասին ՝ մոտ 4 հազար մարդ, սակայն, չունենալով հակատանկային զենքեր՝ ջոկատը նահանջել է: Մոտ 118 մարդ՝ հիմնականում տարեցներ, հաշմանդամներ, կանայք և երեխաներ, մնացել են գյուղում: Նրանցից շատերն անխնա սպանվել են ադրբեջանական բանակի զինվորների կողմից ։ Այս ռազմական հանցագործությանը զոհ Է գնացել ավելի քան 50 մարդ, այդ թվում ՝ 30 կին։
Ինչպես վկայում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով ողբերգությունից անմիջապես հետո «Christian Solidarity Worldwide» կազմակերպության մի խումբ ներկայացուցիչների հետ այցելել էր ավան, Մարաղայի գազանաբար սպանված բնակիչների մարմիններն անդամահատված էին, այլանդակված և հրկիզված։ Լեդի Քոքսը Մարաղան անվանեց «ժամանակակից Գողգոթա, միայն թե՝ շատ ավելի սարսափելի»։
Շուրջ 50 մարդ, այդ թվում՝ 9 երեխա և 29 կին, պատանդ վերցվեցին։ Նրանց մի մասին, այդ թվում բոլոր երեխաներին, հետագայում հաջողվեց վերադարձնել, սակայն 19 պատանդների ճակատագիրն առ այսօր անհայտ է։
Երկու շաբաթ անց ավանը կրկին գրոհի ենթարկվեց, իսկ իրենց հարազատներին հուղարկավորելու համար վերադարձած բնակիչներն ադրբեջանական բանակի նոր վայրագությունների զոհը դարձան։
Ավանի վրա հարձակումը պայմանավորված չէր ռազմական անհրաժեշտությամբ, այլ, առաջին հերթին, ուղղված էր նրա խաղաղ բնակչության ոչնչացմանը։ Մարաղայի ոճրագործությունը շարունակեց 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի գյուղերում հայկական ջարդերի ու տեղահանությունների շարքը, որոնց նպատակն էր սաղմի մեջ խեղդել արցախահայության ազգային ազատագրական պայքարը և զրկել իրենց հայրենիքից` Ադրբեջանի ու Արցախի հայ բնակչության էթնիկ զտման և ահաբեկման ճանապարհով։
Այս հանցագործությունների կազմակերպիչների և իրագործողների անպատժելիությունը պարարտ հող ստեղծեց Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության՝ որպես պետական քաղաքականություն արմատավորման և այլատյացության, անհանդուրժողականության ու ռազմամոլության անսանձ քարոզչության համար։
Կարեն Իգիթյան, կովկասագետ