Այսօր պահեստազորի գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀ ԱԺ և ԼՂՀ Գերագույն խորհրդի նախիկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է։
Գրիգորյանը ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին Արշալույս գյուղում։ 1975-77թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1993թ. ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, 1998թ. ավարտել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1996թ. ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները։
1989-1993 թվականներին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավային սահմանների պաշտպանական մարտերին, 1992-1994 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության հարավարևելյան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջաններում ծավալված մարտական գործողություններին։ Ղեկավարել է Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրական գործողությունը՝ ստանձնելով նույն շրջանի ենթատարածքի պաշտպանությունը։ 1992թ. նշանակվել է ԼՂՀ պաշտպանական առաջին շրջանի (Հադրութի շրջան) Էդիլուի Ձորակի կամավորական գումարտակի հրամանատար:
1993թ. նշանակվել է լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար (փոխգնդապետ): 1994թ. ստացել է գնդապետի կոչում։ 1996-2000թթ. գեներալ-մայորի կոչումով նշանակվել է ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատար։ 2000թ. ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։
Պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (1994թ., ՀՀ), «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (1994թ., ԼՂՀ), «Ոսկե արծիվ» շքանշանով (2000թ. ԼՂՀ), Երկրապահի օրվա առթիվ` ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով (2002թ.): Արժանացել է ԼՂՀ «Արցախի հերոս» կոչման (2000թ.), Էջմիածին, Արմավիր եւ ԼՂՀ Մարտակերտ ու Հադրութ քաղաքների` «Պատվավոր քաղաքացի» կոչման:
Հայտնի է` ինչպես էր թշնամին ահաբեկվում` միայն Գեներալի անունը լսելով: Իսկ ներքին թշնամին հյուսում էր լեգենդներ` փորձելով արժեզրկել Գեներալի վաստակը:
Գեներալի կերպարը մշտապես մտահոգել է մեր թշնամիներին: Այդ իսկ պատճառով, երբ դե-ֆակտո թուրքամետ խունտան եկավ իշխանության Հայաստանում, առաջինը լծվեց հենց նրան հետապնդելուն: Այո՛, այդ հետապնդումն առաջին հերթին քաղաքական մոտիվացիա ուներ: Եվ երբ դե-ֆակտո վարչապետի ընտանեկան թերթում թշնամու հետ բանակցությունների գնալուց առաջ հայտնվեց Գեներալ Մանվելի նկարը` հիվանդությունից ընկճված և անօգնական վիճակում, սա դարձավ առաջին ուղերձը թշնամու համար, որ հետհաշվարկը մեկնարկել է, և Արցախի հանձնումը միայն ժամանակի հարց է:
Եվ այդպես էլ եղավ: Իսկ Գեներալի վերջին խոսքերը եղան` «Անունս ջնջեցին՝ դիմացա, բայց ազատագրածս հողերի հանձնմանը չեմ դիմանա»: Մ. Գրիգորյանը մահացավ 2020 թվականի նոյեմբերի 19-ին։
Այսօր, այն վայրում, որտեղ ժամանակին զորավար Մ. Գրիգորյանի մեկենասությամբ խաչքար էր կանգնեցվել, վեր է խոյանում թշնամու դրոշը: Եվ թվում է, թե ամեն բան օրինաչափ է. ուրանալով մեր հերոսներին` կորցրեցինք նաև նրանց կողմից ազատագրված Արցախը: Եվ ժամանակ ու մեծ ջանքեր են պահանջվում, որպեսզի անցնենք քավարանով և դաստիարակենք այնպիսի սերունդներ, որոնք կկարողանան գնահատել իրենց ազգային հերոսներին և վերազատագրել ու պահել մեր հողերը: