Այսօրվանից փակվում է «Մալաթիա» տոնավաճառը:
ՀՀ կառավարությունը որոշել է փակել «Մալաթիա տոնավաճառ»-ը հակահրդեհային անվտանգության պայմանները չբավարարելու պատճառաբանությամբ, ինչի հետևանքով իրենց տնտեսական գործունեությունը դադարեցնելու են մոտ 600 տնտեսվարողներ՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ։
Ինչպես իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը. «Եթե նախկինում մոնոպոլիաներ կային միայն այս կամ այն ապրանքի ներկրման դեպքում, ապա ներկայումս խոշոր սուպերմարկետներումև մոլերում է կենտրոնացել մանրածախ առևտրի 2/3-ը։ Հետևաբար «Մալաթիա տոնավաճառ»-ի փակվելու հետևանքով մանրածախ առևտուրն էլ ավելի կմոնոպոլացվի, որից տուժելու են նաև սպառողները և արտադրողները, քանի որ խոշոր սուպերմարկետներն ու մոլերը, օգտվելով իրենց շուկայական իշխանությունից, բարձր գներ և կամայական պայմաններ են պարտադրելու բոլորին…
Հայաստանում վարվող ծայրահեղ ազատական տնտեսական քաղաքականության հետևանքով սպառողական ապրանքների և գյուղմթերքի շուկաները ուշ թե շուտ փակվելու են, սակայն գործող իշխանությունները, հերթական անգամ տուրք տալով իրենց հախուռն և պոպուլիստական գործելաոճին, որոշել են կացնային հարվածով վերացնել տոնավաճառները․ սա անհեռատես և անընդունելի մոտեցում է»։
Հիշեցնենք, որ ՀՀ ներկայիս դե-ֆակտո իշխանության այսչափ «օրինապահության» բացակայության պատճառով 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցավ «Սուրմալու»-ի պայթյունը, որը խլեց 16 հոգու կյանք: Եթե վերջիններիս բուն նպատակը պոպուլիզմը չլիներ, այլ իրապես անվտանգության ապահովումը, ապա առաջնահերթ կկանխվեր Սուրմալուի ողբերգությունը: Իսկ հիմա մարդկանց առաջարկվում է ողջ մնալու դիմաց գործազրկություն: