Նորություններ

Իրան-ՄԱԳԱՏԷ հարաբերությունները լարվում են

09 / 06 / 2022

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) խորհուրդն այսօր՝ հունիսի 8-ին,ընդունել է հակաիրանական բանաձև` մեղադրելով Իրանին ոչ թափանցիկ գործունեության և ՄԱԳԱՏԷ-ի հարցումներին վստահություն չներշնչող պատասխաններ տրամադրելու մեջ: Բանաձևն առաջադրվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից: Կողմ են քվեարկել 30 անդամներ, դեմ` երկուսը (Ռուսաստան և Չինաստան), իսկ ձեռնպահ են մնացել երեք երկներ (Հնդկաստան, Լիբիա, Պակիստան):

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հրապարակել էր զեկույց, որտեղ նշվում էր, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները 18 անգամ գերազանցում են 2015 թվականի միջուկային համաձայնագրով սահմանված սահմանաչափերը։ Իրանն այս զեկույցն անվանել է միակողմանի և կողմնակալ։ Իրանի ատոմային կազմակերպությունը նշել է, որ այս պատճառներով հրամայում է անջատել միջուկային հարստացման առցանց մոնիտորն ու հոսքաչափը։ Իրանական կողմը նաև վրդովված էր ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսիի և Իսրայելի մի շարք պաշտոնական դեմքերի միջև տեղի ունեցած հանդիպման փաստով։

Ի պատասխան միջազգային կողմի մեղադրանքներին՝ Իրանի միջուկային կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում «թաքնված կամ չփաստաթղթավորված միջուկային գործունեություն կամ չբացահայտված օբյեկտներ» չկան: «Այդ կեղծ փաստաթղթերը նպատակ ունեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա», – ավելացրել է նա՝ նկատի ունենալով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Վաշինգտոնի կողմից վերականգնված դրակոնյան տնտեսական պատժամիջոցները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, հակաիրանական բանաձևի նախագիծը ներկայացվել էր ՄԱԳԱՏԷ-ի 35 երկրներից բաղկացած խորհրդին: Ի պատասխան այս քայլին՝ հաջորդ օրն իրանական կողմը հեռացրել է ՄԱԳԱՏԷ-ի այն տեսախցիկները, որոնց տեղադրումը թույլատրել էր` որպես «բարի կամքի ժեստ»: Տեսախցիկների կողմից արձանագրված ողջ տեղեկատվությունը պետք է փոխանցվեր ՄԱԳԱՏԷ-ին 2015 թ․ Իրանի միջուկային համաձայնագրի վերագործարկման դեպքում, որը պաշտոնապես հայտնի է որպես Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր (ՀԳՀԾ): Այս պայմանագիրը դադարել է գործել 2018 թ.-ից ի վեր, երբ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս է եկել պայմանագրից: Այդ ժամանակվանից ի վեր՝ Իրանը բազմիցս խստորեն զգուշացրել է, որ եթե ​​գործակալությունը շեղվի իր բուն պարտականություններից և քաղաքականացված որոշում կայացնի՝ կապված Իրանի խաղաղ միջուկային ծրագրի հետ, երկիրը կպատասխանի նույն կերպ։

Հավելենք, որ չորեքշաբթի օրը տեղի է ունեցել նաև հեռախոսազրույց ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև[1]: Ըստ Կրեմլի հաղորդած տեղեկությունների` նախագահ Ռաիսին և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը քննարկել են դիվանագիտական ​​ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը՝ ուղղված 2015 թ․-ին կնքված Իրանի միջուկային պայմանագիրը վերագործարկելուն: Նաև հայտնի է, որ հեռախոսազրույցի ընթացքում Է․ Ռաիսին և Վ․ Պուտինը ցանկություն են հայտնել էլ ավելի ակտիվացնել երկկողմ հարաբերությունները։

Իրանական կողմի նման կեցվածքը շատ կարևոր ազդանշան է առ այն, որ եթե կա բավարար քաղաքական կամք և ազգային ու պետական շահերի հստակ գիտակցում, միանգամայն կարևոր չէ, թե թվացյալ միջազգային հանրությունն ինչ պահանջներ կներկայացնի, որոնք հակասում են սահմանված ազգային նպատակներին:


[1] http://kremlin.ru/events/president/news/68590 (հղվել է 09.06.2022)

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *