2022 թվականը հետհեղափոխական տարիներից շատ չէր տարբերվում իրական հաջողությունների բացակայությամբ, իսկ հետպատերազմյա տարիներից՝ կորուստների առատությամբ։ Արդեն տարիներ շարունակվող ազատ անկման մեջ, սակայն, Հայաստանի Հանրապետության և Արցախի կորուստները գնալով ավելի մասշտաբային են դառնում, աշխարհագրորեն՝ Երևանին ավելի մոտ, իսկ էությամբ՝ անդառնալի։ Մեկ այլ խնդիր է այն, որ հասարակությունը կարծես հարմարվել է շարունակական լարվածության մեջ և գոյաբանական մարտահրավերների շղթայում ապրելուն և մարդկային կյանքերի, հայրենիքի գնալով ավելի մեծ հատվածի, պետականության վերջին փշրանքների կորուստներն առաջին հայացքից աննկատ են անցնում, իսկ իրականում հաճախ բավարար չափով չեն հաղորդակցվում հասարակության հետ։
Ամփոփելով դժվարություններով լի հերթական տարին՝ ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի կորուստները երեք բաժիններով՝ տարածքային կորուստներ, մարդկային կյանքեր, տեղահանված անձինք։
Տարածքային կորուստներ
Սեպտեմբերյան պատերազմի շոկն ու այսպես կոչված միջազգային հանրության բարձր հովանու ներքո «անձեռնմխելի» թվացող ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումը կարծես ստվերեց բազմաթիվ այլ տարածքային կորուստներ։
Հիշեցնենք, որ մարտ ամսին՝ ռուս-ուկրաինական ճակատում լարվածության ավելացման և տարածաշրջանում ուժերի հավասարակշռման խախտման ֆոնին Ադրբեջանը խափանել էր Արցախ մտնող գազամուղի բնականոն աշխատանքը, իսկ ավելի դաժան լեզվով ասած՝ պայթեցրել էր այն՝ շուրջ 20 օր եղանակային ծանր պայմաններում Արցախի բնակչությանը թողնելով առանց գազի։ Այնուհետև մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը խախտել էր զորքերի շփման գիծը, իսկ արդեն մարտի 25-ի դրությամբ օկուպացրել Քարագլուխ բարձունքը, Փառուխ գյուղն ու հարակից դրքերը։ Խրամորթը մնացել է Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ, տարհանված բնակիչներից շատերը վերադարձել են գյուղ։ Սակայն Փառուխի բնակչությունը փաստացի ենթարկվել է էթնիկ զտման և դարձել ներքին տեղահանված։
Հիշեցնենք, որ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ գրավոր հայտարարության՝ կողմերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում՝ բացառությամբ այն տարածքների, որոնց մասին կան մասնավոր նշումներ։ Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ունակ չեն կամ չեն ցանկանում տեր կանգնել իրենց իսկ կնքած կապիտուլյացիոն համաձայնագրի այն կետերին, որոնք որևէ կերպ կարող են հայկական շահը պաշտպանել։
Այնուհետև ամռանը՝ օգոստոս ամսվա սկզբին, Եղցահողի մոտակայքում ադրբեջանական սադրանքներին, բարձունքների գրավմանն ու ՊԲ զոհերին հաջորդեցին հայտարարություններն այն մասին, որ Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը հանձնվելու են Ադրբեջանին, ինչն էլ հաջորդաբար տեղի ունեցավ ամսվա ընթացքում․ այդ գյուղերի բնակչությունը ևս ենթարկվեց էթնիկ զտման։ Որոշ արդարացումներ հնչեցին, թե իբր բնակավայրերը հանձնվել էին դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, սակայն իրականությունն այն է, որ տխրահռչակ հայտարարության մեջ նշված է, որ նոր երթուղին պետք է կառուցվի առաջիկա 3 տարվա ընթացքում։ 2022 թ․ օգոստոսի դրությամբ այդ ժամկետին դեռ 1 տարուց ավելի ժամանակ կար, իսկ նոր երթուղին դեռ ամբողջովին պատրաստ չէր։ Զարմանալ, սակայն, իհարկե պետք չէ, քանի որ ադրբեջանական կողմի շահերը սպասարկելիս ՀՀ դե-ֆակտո իշխանությունները սովորաբար խելահեղորեն շտապում են։
Սեպտեմբերի 13-ի ուշ գիշերը Ադրբեջանը լայնամաշտաբ պատերազմ սանձազերծեց ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ, ինչը եկավ ապացուցելու, որ Արցախով թշնամու ախորժակը չի փակվելու և որ «միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը» լոկ միմյանց հաջորդող բազմավանկ բառերի կույտ է, երբ հակառակ կողմում ադրբեջանական գազն է՝ Եվրոպային սպասվող ցուրտ ձմեռվա ֆոնին։ Ադրբեջանը հարձակվել էր շփման գծի գրեթե ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ջերմուկը, Սոթքն ու Գորիսը և զավթելով տարածքներ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից։ Ըստ պաշտոնական տվյալների՝ հայկական կողմն կորցրել է շուրջ 140 քառ. կմ տարածք։ Համեմատության համար արժե զուտ վերհիշել, որ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյումրիի մակերեսը 54 քառ. կմ է, այսինքն՝ մոտ 3 անգամ ավելի քիչ, քան Հայաստանը կորցրել է սեպտեմբերյան պատերազմի ընթացքում։ Ի՞նչ է սա, եթե ոչ ռազմաքաղաքական պարտություն։ Ամենը, ինչ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները կարողացան անել այդ ժամանակ, հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամություն հայտնելն էր ԱԺ ամբիոնից, ինչի իրացումը կանխվեց փողոց դուրս եկած ժողովրդի շնորհիվ։
Այսպիսով՝ Հայաստանն ու Արցախն անցնող տարվա ընթացքում շարունակել են կորցնել տարածքներ և դեռ շարունակելու են, քանի ՀՀ իշխանությունը պատկանում է փաստացի թշնամական օրակարգ սպասարկող խմբակին, իսկ ընդդիմությունը ձախողում է ժողովրդին առկա իրավիճակը ճիշտ մատուցելու և համախմբող օրակարգ ու գործողություններ առաջարկելու գործընթացը։
Մարդկային կորուստներ
Վերը նշված լայնամասշտաբ բախումներից բացի՝ ՀՀ և Արցախի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական սադրանքները չեն դադարել ողջ տարվա ընթացքում և Բերձորի միջանցքը փակած ադրբեջանցի «էկոակտիվիստները» վառ վկայություն են, որ ադրբեջանական սադրանքները, ինչպես էլ դրանք արտահայտվեն, չեն էլ դադարելու։
Արցախում հրադադարը շարունակաբար խախտվել է Եղցահողի, Կարմիր Շուկայի, Թաղավարդի, Խրամորթի և այլ բնակավայրերի ուղղությամբ։ Հայաստանում թիրախի տակ են եղել Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արարատի մարզերի մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Երասխը, Սոթքը, Վերին Շորժան, Գորիսը, Ջերմուկը և այլն։ Հրադադարի ինտենսիվ խախտումներն, իհարկե, չէին կարող չուղեկցվել ցավալի կորուստներով։ Միայն սեպտեմբերյան պատերազմի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմն ունեցել է 233 զոհ՝ այդ թվում քաղաքացիական անձինք, և առնվազն 20 ռազմագերի։
Արցախում 2020 թվականից սկսած գրանցվել է 18 զոհ, հրազենային վիրավորում ստացողների և ֆիզիկական բռնության ենթարկվածները 67-ն են, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Այս ամենի ֆոնին ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից այսպես կոչված «խաղաղության օրակարգի» պաշտամունքը ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական դիվերսիա հայ ժողովրդի դեմ, ինչի մասին կարող եք կարդալ «Հայկական ալիքի» հոդվածում։
Անցնող տարվա ցավալի զոհերը ոչ միայն թշնամու ագրեսիայից էին, այլ նաև ՀՀ դե-դակտո իշխանությունների հանցավոր անգործության և անտարբերության արդյունքում Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունից։ Այս պատահարի արդյունքում զոհվել է 16 անձ, անհետ կորած է համարվում 1 անձ, որի մասին մինչ օրս տեղեղեկություն չկա։ Վերահաստատելու համար, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների համար հայ մարդու կյանքը գրոշի արժեք չունի հարկ է միայն նշել, որ մինչ օրս պայթյունի ոչ մի պատասխանատու չի նույնականացվել և պատասխանատվության չի ենթարկվել։
Բռնի տեղահանվածներ
2022 թ․ օգոստոսի դրությամբ Բերձորում բնակվում էր շուրջ 170 անձ, իսկ Աղավնոյում՝ 176: Ներքին Սուսի բնակիչների քանակը ըստ 2015 թվականի մարդահամարի 94 էր։ Փառուխում բնակվող 72 անձինք ևս բռնի տեղահանվել են։ Սեպտեմբերյան պատերազմի արդյունքում Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից տեղահանվել են առնվազն 7600 անձինք, որոնց մի մասը չեն կարողացել վերադառնալ իրենց բնակավայրեր։
ՀՀ դե-ֆակտո իշխանությունների անտարբերությունն ու ցինիզմը այս ամենի համատեքստում ևս մեկ վկայություն է, որ իրենց ատելությունն ուղղված է ոչ թե միայն հայ ժողովրդի՝ Արցախում բնակվող հատվածին, այլ ամբողջ հայ ժողովրդին՝ անկախ բնակության վայրից։
Այսպիսով՝ տարին ամփոփում ենք հերթական դաժան ու հաճախ անդառնալի կորուստներով, ծանր սրտերով և դեպի Արցախ տանող ճանապարհի փակ լինելու պայմաններում հասունացող ազգային-քաղաքական և հումանիտար ճգնաժամի և էթնիկ զտման տագնապով։ Հիշեցնում ենք, որ այս ամենի գլխավոր պատասխանատուն ՀՀ դե-ֆակտո իշխանություններն են՝ իրենց ազգակործան գործունեությամբ, հանցավոր անգործությամբ և անմրցելի ցինիզմով ու անտարբերությամբ։ Հորդորում ենք մնալ տոկուն՝ դիմակայելու գալիք տարվա ոչ պակաս ծանր փորձություններին։ Խնդրում ենք որևէ կերպ չհամակերպվել ստեղծված իրավիճակին, որ կարող է մի պահ անելանելի թվալ, և հավատալ, որ ի հեճուկս Հայաստանի և հայ ժողովրդի բոլոր թշնամիների՝ հաջորդ տարի լինելո՛ւ ենք Շուշիում։
Հեղ․՝ Քնարիկ Ջալաթյան