Տնտեսություն

Երկնիշ տնտեսական աճի հակառակ կողմը

26 / 08 / 2022

Օգոստոսի 26-ին «Արմենպրեսս» լրատվական գործակալության մամուլի սրահում կայացել է «Եվրասիական փորձագիտական ակումբի» համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանի, տնտ․ գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Թաթուլ Մանասերյանի և Աշոտ Թավադյանի մամուլի ասուլիսը՝ «Հայաստանի տնտեսությունը 2022 թ․-ի առաջին կիսամյակում երկրի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում» թեմայով։

Ասուլիսի ընթացքում ներկայացվել են ակումբի հերթական 7-րդ տնտեսական հետազոտությունների արդյունքները: Ա․ Սաֆարյանը հայտնել է, որ Հայաստանի տնտեսությունը 2022թ․-ի առաջին կիսամյակում գրանցել է 10․5% աճ։ Եվ, այնուամենայնիվ, դրան զուգահեռ Հայաստանում աճում է նաև աղքատությունը և ըստ Համաշխարհային բանկի կանխտեսումների՝ տարվա վերջին Հայաստանը երկնիշ տնտեսական աճի կողքին ունենալու է երկնիշ աղքատության աճ․ աղքատության ցուցանիշը տարեսկզբի 27%-ի փոխարեն տարեվերջին կարող է հասնել ընդհուպ մինչև 48%-ի։

Թ․ Մանասերյանը պարադոքս է համարել, որ տնտեսական աճին զուգահեռ Հայաստանում աճում է նաև աղքատությունը։ Այսինքն, տնտեսական աճը, ըստ էության, պետք է հանգեցնի բնակչության եկամուտների աճին՝ աշխատատեղերի ավելացման միջոցով, գնողունակության բարձրացմանը և աղքատության կրճատմանը։ Սակայն մեզ մոտ նկատվում է ճիշտ հակառակ պատկերը։

 Նրա խոսքով՝ եթե երկրում երկնիշ տնտեսական աճ է գրանցվում, որն ապահովվել է կառավարության գործունեության արդյունքում, ապա դա պետք է արտացոլվի նաև բնակչության եկամուտների վրա։ Եթե ​​Հայաստանում տնտեսական աճը բնական լիներ, դա, անշուշտ, քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման եւ աղքատության կրճատման կհանգեցներ։ Իսկ եթե ​​դա տեղի չի ունենում, ապա նշված աճը միայն վիճակագրական «նկարչության» արդյունք է։

 Ըստ Մանասերյանի՝ Հայաստանի տնտեսական աճի համար խթան է հանդիսացել  գլխավորապես Ռուսաստանից ժամանակավոր միգրանտների հոսքը, ինչի արդյունքում աճել է առաջին անհրաժեշտության ապրանքների և տարբեր ծառայությունների պահանջարկը՝ հանգեցնելով առհասարակ առևտրաշրջանառության աճի։ Սակայն, փորձագետի խոսքերով,  դա «տնտեսական դոպինգ» է, որի ազդեցության ավարտի, այսինքն՝ ռուս-ուկրաինական զինադադարի դեպքում,  Հայաստանը մտահոգվելու շատ բան կունենա։

Եթե աղքատությունը մոտենում է 48 տոկոսի, իսկ Շիրակի մարզում այդ ցուցանիշն արդեն վաղուց անցել է 50 տոկոսից, նշանակում է, որ ՀՀ ամեն երկրորդ քաղաքացին այսօր արդեն աղքատ է։

Ըստ Ա․ Թավադյանի՝ Հայաստանի տնտեսության առջև ծառացած առաջին խնդիրը առևտրային հաշվեկշռի շատ կտրուկ դիսբալանսն է, երկրորդը` գործազրկությունը, երրորդը` միգրացիան։ Նա շեշտել է, որ տնտեսական աճ–աղքատություն պարադոքսը վկայում է այն մասին, որ մեր տնտեսությունը հիվանդ է և ունի լուրջ խնդիրներ։

Դեռ ապրիլին ՀՀ դե-ֆակտո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Հայաստանում աղքատության մակարդակը աճում է հսկայական տեմպերով։ Իսկ հուլիսի 7-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, նա հայտնեց, որ  բարձր տնտեսական աճի արդյունքները կառավարությունը պետք է վերաբաշխի այնպես, որպեսզի աղքատությունը նվազի, իսկ հիմա մենք սննդամթերքի բարձր գների պատճառով կանգնած ենք աղքատության ավելացման վտանգի առջև: Ըստ Քերոբյանի՝ դե-ֆակտո Կառավարությունը մտադիր է նոր աշխատատեղերի ստեղծման, աշխատանքի միջոցով աղքատությունը հաղթահարել․ մասնավորապես, մյուս տարվանից բարձրանալու են նվազագույն աշխատավարձերը, թոշակները։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ներքո գործող «Պարենի համաշխարհային ծրագրի» էջում հրապարակված վիճակագրության համաձայն՝ վերջին 3 ամիսների ընթացքում Հայաստանում թերսնվողների քանակն աճել է 90000-ով։ Ընդ որում` թերսնվողների ընդհանուր քանակը Հայաստանում կազմում է կես միլիոն մարդ։

Ներկայումս ՀՀ-ը գտնվում է այնպիսի տնտեսական իրավիճակում, երբ բարձր տնտեսական աճին զուգընթաց կա նաև բարձր գնաճ։ Վերջինս հանգեցնում է արտաքին առևտրի հաշվեկշռի խախտման, իսկ զբաղվածության մակարդակը շարունակում է մնալ գերօրակարգային։ Համաձայն Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդոլոգիայի հրապարակած վերջին տվյալների՝ 2021 թ․ առաջին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը 17% է․ սա ԵԱՏՄ երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է։

Մինչդեռ իշխող դե-ֆակտո վարչակարգը խորհրդարանական ընտրություններից առաջ իր նախընտրական ծրագրում շեփորահարելով գալիք տնտեսական բարեփոխումների մասին` նշում էր գործազրկության և աղքատության վերացման մասին: Սակայն 30% աղքատության մասին գոչյուններով իշխանության եկած ուժը միայն ավելի խորացրեց ճգնաժամն ու վատթարացրեց բնակչության սոցիալական վիճակը:

Հավելենք նաև, որ  «Հայկական ալիքը» հունիս 16-ին պատրաստել էր ինֆոգրաֆիկա և բացատրագիր` վերջին մեկ տարում Հայաստանում գնաճ ապրած անհրաժեշտ սպառողական ապրանքների վերաբերյալ։

 

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *