«Եթե Ուկրաինան արևմտյան երկրներից ստանա հեռահար մարտերի համար նախատեսված զինամթերք, ապա ռուսական զորքերի աշխարհագրական առաջադրանքները կփոփոխվեն»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը[1]:
Նախարարն ընդգծել է. «Նախագահը շատ հստակ ասել է, … որ դենացիֆիկացիայի ու ապառազմականացման իմաստն այն է, որ չլինի ոչ մի սպառնալիք մեր անվտանգությանը՝ ռազմական սպառնալիք Ուկրաինայի տարածքից, և այս առաջադրանքը մնում է»:
Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ մարտի վերջին Ստամբուլի բանակցությունների ժամանակ իրավիճակն արմատապես այլ էր:
«Հիմա այլ է աշխարհագրությունը: Խոսքը ոչ միայն ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի մասին է, այլ նաև Խերսոնի շրջանի, Զապորոժիեի շրջանի և մի շարք այլ տարածքների, և այս գործընթացը շարունակվում է հետևողականորեն և համառորեն»,- հավելել է ՌԴ գլխավոր դիվանագետը:
Նա նշել է, որ քանի դեռ Արևմուտքը, անզոր կատաղության մեջ կամ իրավիճակը հնարավորինս վատթարացնելու ցանկությունից ելնելով, ավելի ու ավելի շատ հեռահար զենքեր է ուղարկում Ուկրաինա, օրինակ՝ HIMARS-ը, հատուկ գործողության աշխարհագրական նպատակներն է՛լ ավելի կհեռանան ներկայիս գծից:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինայի այն հատվածում, որը վերահսկելու է Զելենսկին, կամ նա, ով կփոխարինի նրան, գտնվի մի զենք, որն ուղիղ սպառնալիք կներկայացնի մեր տարածքին և այն պետությունների տարածքին, որոնք հայտարարել են իրենց անկախության մասին, որոնք ցանկանում են ինքնուրույն տնօրինել իրենց ապագան»,- եզրափակել է Ս. Լավրովը:
Ս․ Լավրովի այս հայտարարության մեջ կարմիր թելով անցնում է աշխարհագրության կարևորության գաղափարը: Այն, որ աշխարհագրությունն ունի որոշիչ դեր պետությունների անվտանգության ապահովման հարցում, անվիճելի է: Իսկ բոլոր այն պետությունները, որոնք փորձել են պրակտիկ քաղաքականության մեջ վիճարկել այս հարցը, բախվել են լուրջ խնդիրների, մասնավորապես` տարածքային կորուստների հետ: Այդպիսի խնդրի առջև է ներկայումս կանգնած նաև ՀՀ-ը, որի դե-ֆակտո ղեկավարությունը շարժվում է «տարածք խաղաղության դիմաց» պետականակործան ծրագրով։
Հիշեցնենք, որ ժամանակին «աշխարհագրություն՝ հանուն անվտանգության» սկզբունքով Արցախի հայկական զինված ուժերն ազատագրել էին նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող հայկական տարածքները, որոնց մեծագույն մասը 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ գրավոր հայտարարությամբ հանձնվել է թշնամու օկուպացիային։
[1] Лавров: поставки дальнобойного оружия Киеву расширят географию спецоперации , 20.07.2022 թ․, https://ria.ru/20220720/spetsoperatsiya-1803701411.html (հղվել է 20.07.2022 թ․)։