Վերլուծություն

Լավրովի այցը Բաքու

01 / 03 / 2023

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դիվանագիտական շրջագայության հերթական փուլը սկսեց Ադրբեջանից։ Հետո նա մեկնեց Հնդկաստան։ Այցի պաշտոնական առիթը դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարելիցն է, որը ստորագրվել է անցյալ տարվա փետրվարի 22-ին: Իրականում հանդիպումների և բանակցությունների օրակարգի մեծ մասը կապված է եղել հայ-ադրբեջանական կարգավորման հարցի հետ, այլ ոչ թե Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների զարգացման հետ։

Լաչինի միջանցում հսկիչ անցակետ չի լինելու

Ադրբեջանը փաստացի երեք պահանջ էր առաջ քաշել, որոնց կատարումից հետո Լաչինի միջանցքը կբացվի։ Նախ ՝ Ռուբեն Վարդանյանի հրաժարականն ու հետագա հեռացումն Արցախի քաղաքական կյանքից։ Երկրորդ՝ բոլոր հանքավայրերի փակում կամ ադրբեջանցիներին հասանելիության տրամադրումը։ Երրորդ՝ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրում։ Առաջին պահանջը Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների կողմից կատարվեց՝ երկու պատճառով. այսօրվա Երևանի և Բաքվի շահերը համընկնում են (քաղաքական կյանքում մենաշնորհի պահպանում և ցանկացած անհնազանդ ուժի բացառում) և Երևանն ուներ այդ պահանջի իրագործման գործիքներ։ Իսկ վերջին պահանջը, ըստ դե-ֆակտո իշխանությունների, Երևանի հետ որևէ առնչություն չունի։ Բոլոր մակարդակներում Հայաստանի դե-ֆակտո ղեկավարությունը հայտարարել է, որ կապ չունի Լաչինի միջանցքի շրջափակման հետ և չի մասնակցելու դրա ապաշրջափակմանը, քանի որ դա Ռուսաստանի պատասխանատվության գոտին է։ Իրականում պատճառն այլ է։

Բանակցություններում Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները համաձայնել են Բաքվի պահանջին, որ Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին գործն է, և հայկական իշխանությունները որևէ կերպ չպետք է միջամտեն։ Այսինքն ՝ այսօրվա Հայաստանը ոչ մի կերպ չի խոչընդոտում Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու ադրբեջանական պահանջին և չի խառնվում այդ հարցին։ Բայց պատասխանելով լրագրողների հարցին՝ Լավրովը հայտարարեց, որ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը նախատեսված չէ 2020 թ․-ի եռակողմ հայտարարությամբ, սակայն Ադրբեջանի մտավախությունները (այն մասին, որ միջանցքով արցախահայությունը զենք է ստանում) կարելի է վերացնել տեխնիկական միջոցներով։ Հավանաբար, խոսքը սկաներներ տեղադրելու մասին է։ Այստեղ երկու հիմնական տարբերություն կա հսկիչ անցակետերից. նախ՝ հսկիչ անցակետերի տեղադրումը թույլ կտա ադրբեջանցիներին ուղղակիորեն ստուգել հայկական մեքենաներն ու բեռները, որոնք Լաչինի միջանցքով ընթանում են երկու ուղղություններով։ Երկրորդ՝ ադրբեջանցիները ստուգելու են անցորդների փաստաթղթերը և կարող են որևէ մեկին չթողնել Արցախ։ Փաստորեն, նման սցենարին առայժմ դեմ է միայն Ռուսաստանը, այլ ոչ թե Հայաստանը ։

Նախապատրաստում հաղորդակցությունների բացմանը

Հանդիպման ընթացքում Սերգեյ Լավրովը հայտարարել է․ «Հուսով ենք, որ շուտով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները՝ որպես համապատասխան եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներ, կկարողանան կոնկրետ պայմանավորվածությունների հասնել Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև երկաթուղային երթուղու օգտագործման վերսկսման վերաբերյալ»: Ավելի վաղ նույն հանդիպման ընթացքում հայտարարվել էր, որ սկսվել է սահմանի սահմանազատման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման գործընթացը։ Այսինքն՝ արդեն կան որոշակի պայմանավորվածություններ այն մասին, թե որտեղ է անցնելու երկրների միջև սահմանը, որտեղ են բացվելու հաղորդակցությունները, ինչպես նաև թե ինչպես են նրանք։ Կարևոր է ընդգծել, որ Բայրամովի կամ Լավրովի արած ոչ մի հայտարարություն չի հերքվել Երևանի կողմից։ Ուստի կարելի է պնդել, որ կողմերի միջև սկզբունքային պայմանավորվածություններ կան։ Եվ խնդիրն այն է, որ հայ հասարակությունը ոչինչ չգիտի այդ պայմանավորվածությունների մասին։ 

Հաղորդակցությանների ոլորտում Հայաստանի համար մյուս խնդիրն այն է, որ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի առաջնային ուղղությունը մնում է Ադրբեջանը։ Բաքուն օգտվում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների վատթարացումից, որպեսզի առավելագույնս իրացնի իր տրանսպորտային ներուժը՝ հեռանկարում թողնելով Հայաստանն արդեն ոչ թե շրջափակման մեջ, այլ Ադրբեջանից լիակատար լոգիստիկ կախվածության մեջ։ Որոշվել է, որ ռուս-ադրբեջանական սահմանին կբացվի նոր անցակետ, 2020-ական թթ․ վերջին Ադրբեջանով Ռուսաստանից դեպի Իրան բեռնափոխադրումների ծավալը կհասնի 15 մլն տոննայի։ Չնայած Բաքվի և Մոսկվայի, ինչպես նաև Բաքվի և Թեհրանի միջև առկա տարաձայնություններին, ադրբեջանական կողմը վարում է «հնարավորի քաղաքականություն», որպեսզի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման պահին իր համար առավել բարենպաստ դիրքեր ստեղծի։

Ի՞նչ վերաբերմունք է ակնկալում Ռուսաստանը Ադրբեջանից ու Հայաստանից

Լավրովը հստակ նշել է «համագործակցության մի քանի արժեքներ», որոնք Մոսկվան ակնկալում է Երևանից և Բաքվից։ Դրանց թվում են ազնվությունը, իրավահավասարությունը, բարիդրացիությունը, փոխադարձ հարգանքը և միմյանց շահերը հաշվի առնելը։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին: Առաջին հայացքից այս շարքը միջազգային համագործակցության հիմնարար սկզբունքների շարք է։ Այնուամենայնիվ, բառերի և ձևակերպումների ընտրողականությունը և դրանց հասցեական բնույթը ցույց են տալիս, որ դրանց հետևում կա որոշակի իմաստ: Ազնվության տակ Ռուսաստանը, որպես կանոն, հասկանում է ուղիղ երկխոսություն առանց երկակի խաղի։ Նույնիսկ եթե քո շահերը կարող են չհամընկնել Մոսկվայի դիրքորոշման հետ (օրինակ՝ Լավրովը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները շատ հարցերում չեն համընկնում), դրանք պետք է բացահայտ ցուցադրել։ Օրինակ ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում էին Արցախի ապագայի հարցում։ Մոսկվան առաջարկում էր հետաձգել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը՝ թողնելով ապագա սերունդներին, և կենտրոնանալ հայ-ադրբեջանական կարգավորման այլ խնդիրների վրա։ Բաքվի համար անընդունելի էր ընդհանրապես որևէ կարգավիճակի քննարկումը, որովհետև նա հարցը համարում էր փակված։ Բայց դա չէր խանգարում ուղիղ երկխոսությանը, և Ադրբեջանը չէր անտեսում Մոսկվայում կամ Սոչիում կայացած հանդիպումները։ Այսօրվա Հայաստանը շատերի համար անհասկանալի է մնում, քանի որ այնպիսի զգացողություն է ստեղծվում, որ ինքն էլ չի կողմնորոշվել իր շահերի հարցում։ Մի կողմից հայտարարվում է, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Մյուս կողմից բանակցություններ է վարում «Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխիքների» շուրջ։ Հետևողականության բացակայությունը հանգեցնում է նրան, որ գործընկերները տեսնում են բառերի և գործողությունների անհամապատասխանություն: Եվ դա մեծ խնդիր է ցանկացած երկրի հետ համագործակցության մեջ ։

Մյուս «համագործակցության արժեքը», որը ձևակերպված է որպես «միմյանց շահերը հաշվի առնել», Ռուսաստանի համար նրա արտաքին քաղաքականության անկյունաքարն է։ Հենց Մոսկվան էր առաջ մղում այն սկզբունքը, ըստ որի «մի երկրի անվտանգությունը չպետք է իրականացվի մեկ այլ երկրի անվտանգության հաշվին»։ Այսինքն ՝ միջազգային հանրության անդամները պետք է հաշվի առնեն, այլ ոչ թե անտեսեն միմյանց շահերը։ Այս մեսիջն առաջին հերթին ուղղված էր Հայաստանին ՝ կապված նրա տարածքում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման հետ։ Մոսկվայի տեսանկյունից Երևանը որևէ կերպ հաշվի չի առել իր գործընկերոջ և դաշնակցի շահերը, հրավիրել է եվրոպական դիտորդների, որոնք այժմ գործում են նույն Ռուսաստանի դեմ Ուկրաինայի տարածքում։ Նույնիսկ եթե Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները որոշում էին ընդունել այդ առաքելության տեղակայման անհրաժեշտության մասին, անհրաժեշտ էր նախապես դիվանագիտական աշխատանք իրականացնել Մոսկվայի հետ։ Սակայն արտաքին գործերի դե-ֆակտո նախարար Արարատ Միրզոյանը չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը 2023թ. դեկտեմբերին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը։

պ.գ.թ., արևելագետ Սերգեյ Մելքոնյան

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *