ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Դրանցից մեզ առնչվող ամենակարևորները ներկայացնում ենք ստորև:
- «ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Կովկասում իրավիճակը կայունացնելու ուղիներ գտնելու հարցում»:
- «Սեպտեմբերյան դեպքերից հետո, ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանին առաքելության տեղակայման ծրագիր բերեց։ Այն վաղուց պատրաստ էր, բայց հայկական կողմը չէր շտապեցնում մեզ։ Երևանում խորհրդաժողովում հայկական կողմը հրաժարվեց ընդունել այն` նշելով, որ իրենց այդ որոշումը պետք է, եթե այդ փաստաթղթում դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները»։
- «Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու առաջարկը դեռևս սեղանին է։ Եթե մեր հայ դաշնակիցները, ընկերները նախկինի պես հետաքրքրված են, այդ առաքելությունը կարող է 1-2 օրվա ընթացքում տեղակայվել»։
- «Հիմա, երբ Հայաստանն ու Ադրբեջանը Եվրամիության հետ ստորագրել են փաստաթուղթ Ալմա Աթայի հռչակագրում նշված պայմանների հիման վրա խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, մեզ համար արդեն դժվար է անգամ կողմնորոշվել հետագա քայլերի հարցում, որովհետև Ալմա Աթայի հռչակագրում ասվում է, որ նորանկախ պետությունների միջև սահմանները անցնելու են խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով․․․ իսկ ԼՂԻՄ-ը գտնվում էր Ադրբեջանի ԽՍՀ կազմում»։
Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ դե-ֆակտո իշխանությունների գործողությունների գլխավոր շարժիչ ուժը ոչ թե Հայաստանի ու Արցախի շահերն են, այլ ընդգծված հակառուսականությունը և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու միտումը։ Դրա վկայությունն են, Արևմուտքի անատամ դատապարտող հայտարարություններին տուրք տալով, ՀԱՊԿ առաքելությունից հրաժարվելը և ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում, որը «արձանագրելուց ու զեկուցելուց» բացի որևէ այլ լծակ չունի գետնի վրա իրավիճակը փոխելու համար։ Այս քաղաքականության թերևս ամենակործանարար հետևանքը հայ-ադրբեջանական բանակցությունների ռուսական ձևաչափից հրաժարվելն էր, որտեղ կար իրական շանս Արցախի կարգավիճակի քննարկումը հետաձգելու: Արևմուտքի շահերը սպասարկող Պրահայի ձևաչափում ամբողջ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը մանևրելու տեղ չթողեց անգամ միջնորդ Ռուսաստանի համար։